Մինասի 95-ամյակը կշարունակենք նշել մինչեւ գալիք տարվա հուլիսի 20-ը. ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի ղեկավար ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու հետ:
— Եթե ամփոփենք տարին, այս տարի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 95-ամյակն ինչպե՞ս նշեցիք:
— Ապրիլից մինչեւ մայիս ամիսը ներառյալ վերանորոգեցինք եւ վերաբացեցինք Մինաս Ավետիսյանի թանգարանը, որը, ինչպես գիտեք, գտնվում է նրա ծննդավայր Ջաջուռ գյուղում: Նորացվեց եւ արդիականացվեց լուսային համակարգը, ամբողջությամբ նորացվեց ցուցադրությունը: Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդից թանգարան բերվեցին աշխատանքներ, որոնք քիչ են ցուցադրվել: Թանգարանի բակում կառուցվեց նոր երկտեղ սանհանգույց, որը շատ կարեւոր էր, քանի որ թանգարանի ներսում եղած սանհանգույցը չէր բավարարում զբոսաշրջիկների մեծ հոսքի ժամանակ: Ամենակարեւոր մեծ ձեռքբերումը, իհարկե, արեւային մարտկոցների տեղադրումն էր: Հիմա ունենք արեւային էներգիայի ջեռուցում, ինչը թույլ է տալիս ձմռան ամիսներին թանգարանում ջերմության անհրաժեշտ ռեժիմով ապահովել նկարների ցուցադրումն ու պահպանումը, իսկ այցելուների համար ստեղծել հարմարավետ եւ հաճելի մթնոլորտ: Բովանդակային առումով ունեցանք նաեւ ընթացիկ միջոցառումներ նվիրված Մինասի 95-ամյակին: Այժմ էլ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ` մարզում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Չեմ շտապում ամփոփել հոբելյանական տարին, քանի որ գալիք տարվա մինչեւ հուլիսի 20-ը դեռ 95-ամյակ է:
— Պարոն Ավետիսյան, իսկ դեկտեմբեր ամսին ի՞նչ եք նախատեսել:
— Դեկտեմբերին նախատեսած որեւէ միջոցառում չունենք, սակայն նախատեսված ծրագրեր ունենք արդեն 2024թ. սկզբից: Դրանց մասին կխոսենք ավելի ուշ:
— Երեկ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն էր: Ուղիղ 35 տարի առաջ այդ օրը նաեւ երկրաշարժից վնասվել էին Մինասի որմնանկարները…
— Այո, այդ որմնանկարները մոտավորապես 20 տարի մնացին վատ վիճակում, ավերված շենքերի մեջ: Թվում էր, որ որմնանկարները այդ շենքերից դուրս բերելը անհնար է: Երկարատեւ եւ համառ աշխատանքի արդյունքում հաջողությամբ կարողացանք կազմակերպել որմնանկարների վերականգնման եւ տեղափոխման աշխատանքները: Աշխատանքները տեւեցին 2008-2019թթ.` շուրջ 10 տարի, եւ դա մեկ մարդու գործ չէր. ե՛ւ ՀՀ կառավարությունը, ե՛ւ մշակույթի նախարարությունը, ե՛ւ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը, ե՛ւ գործարարները, ե՛ւ անհատները իրենց ջանքերը ներդրեցին Մինասի հրաշալի որմնանակարները փրկելու գործում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին:
— Դեկտեմբերի 7-ը Ձեր կյանքում ինչպե՞ս եք հիշում:
— Առաջինը, որ սարսափով հիշում եմ, ավերված Գյումրին էր (Լենինականը), հետո այն դժոխային ճանապարհը, որ քաղաքի անճանաչելի դարձած փողոցներով ինձ տարավ Ջաջուռ` իմ պապենական գյուղ: Երբեմնի ծաղկուն գյուղը գրեթե ամբողջովին ավերվել էր: Մինասի թանգարանի շենքը խարխլվել էր, բայց կանգուն էր: Փառք Աստծո, կտավները չէին վնասվել, այսինքն` կորուստ չկար: Ավերվել էր Մինասի հայրական տունը… Հիշում եմ շա՜տ մեծ տխրությամբ, որովհետեւ բացի այն, որ քանդվեց այն Ջաջուռը, որը մենք շատ սիրում էինք ու գիտեինք իր հրաշալի հին ու անչափ գեղեցիկ շինություններով, նաեւ կորցրինք հարազատ ու ծանոթ մարդկանց:
— Այս պահին Մինասի կտավներն ի՞նչ վիճակում են:
— Այն ամենը, ինչ պահվում է Ջաջուռի թանգարանում եւ Ազգային պատկերասրահում, որեւիցե խնդիր չկա: Այլ թանգարաններում պահվող կտավների մասով կարող եմ ասել, որ «Ջաջուռ» կտավը, ինձ հասած տեղեկությունների համաձայն, ունի վերականգնման խիստ կարիք: Անհապաղ վերականգնման կարիք ունի Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում գտնվող եւ ցուցադրվող «Հանգիստ» անվանումով շքեղ կտավը: Լիահույս եմ, որ թանգարանի տնօրինությունը հետեւողական կլինի, եւ կտավը հնարավորինս արագ կվերականգնեն:
— Մինասի նման հանճարեղ նկարչի գործերն ունեն վերականգնման խնդիր, բայց չկա ֆինանս, դրան զուգահեռ քաղաքում ֆինանսավորվում են անճաշակ արվեստի գործերը, քանդակները, արձանները: Արդյո՞ք ճիշտ է, որ նկարիչը, քանդակագործը, լինելով իր գործի վարպետը, լսելով պատվիրատուին` խեղաթյուրված գործեր ներկայացնի, ինչ է թե` գոհացնի պատվիրատուին:
— Խորհրդային Միությունն ուներ բազմաթիվ թերություններ, բայց ուներ նաեւ լավ մշակված սկզբունքներ եւ օրենքներ: Գոյություն ուներ արվեստի գործերը հսկող հանձնաժողով, որոնք շատ ուշադիր հետեւում էին, որպեսզի անգրագետ, անարժեք գործեր չտեղադրվեին: Այսօր ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում կարելի է տեսնել բազմաթիվ թույլ եւ անճաշակ քանդակներ, արձաններ: Ես զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է գեղեցկագույն ճարտարապետության կողքին տեղադրել բոլորովին անհամապատասխան, անհաջող գործեր… Շատ կուզենայի, որ Խորհրդային Միության այդ խիստ եւ քննադատական սկզբունքային մոտեցումն այսօր նույնպես կիրառվեր: Ինչպես նախկինում, լիներ հանձնաժողով` կազմված բացառապես որակյալ, պրոֆեսիոնալ մասնագետներից, որպեսզի յուրաքանչյուր արձան տեղադրելիս դրվեր քննարկման: Այսինքն` դա պետք է համապատասխանի գեղարվեստական, գեղագիտական նորմերին, որպեսզի այդ ռաբիս գործերից պրծնենք: Որոշ դեպքերում սխալ չէի համարի, որ առանձնապես աչքի զարնող անհաջող քանդակները ապամոնտաժվեին: Վերջապես բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս, որոնց թվում` պատրաստված, բանիմաց, գրագետ մարդիկ: Դա կարող է միայն տխուր ժպիտ առաջացնել: Մեր մշակույթն աղքատ չէ, չէի ուզի, որ այդպես լինի:
— Գյումրիում ո՞ր գործերը չեք հավանում:
— Այս տարիների ընթացքում բազմաթիվ գործեր են տեղադրվել, որոնք, մեղմ ասած, ինձ դուր չեն գալիս: Անվանական չեմ ուզում նշել:
— Դեկտեմբերի 8-ը նկարիչների միջազգային օրն է: Ըստ Ձեզ, այսօր որքանո՞վ է բարձրաճաշակ արվեստն ընկալվում մեր հասարակության կողմից:
— Այսօր կարող ենք ասել տեղի է ունեցել արժեքների փոխակերպում, որը պայմանավորված է տարաբնույթ գործոններով, մասնավորապես` մեր երկրի համար անցումային դժվար շրջանով, պատմական հայտնի իրադարձություններով, մարդկանց սոցիալական անպաշտպանվածությամբ եւ այլն: Միեւնույն ժամանակ, աշխարհն ինքն էլ դարձավ շատ ավելի նյութապաշտական: Սակայն այս վիճակն էլ է փոխվում. նայելով թանգարան այցելող մեր բազմաթիվ երիտասարդ այցելուներին` հասկանում եմ, որ ստեղծվում է նոր ֆորմացիա, նրանք արդեն զարգանում են ոչ միակողմանի, այսինքն` ունեն ոչ միայն գիտատեխնիկական եւ ինֆորմատիվ զարգացվածություն: Տեղի է ունենում մշակույթային նոր սինթեզ: Ես կասեի, որ դա համամարդկային էվոլուցիոն պահանջ է:
— Ամենացավոտ խնդիրները, ըստ Ձեզ, որո՞նք են:
— Բազմաթիվ խնդիրներ կարող եմ նշել, սակայն ամենակարեւորն ինձ համար միշտ եղել է ժողովրդի մեջ զգալի զանգվածի պետականության ընկալման, տիրոջ զգացողության բացակայությունը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ