«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՍՎՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆ

Վերջերս, մեր երկրի պաուերլիֆթինգի /ուժային եռամարտ /հավաքականը, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ մասնակցել է հերթական խոշոր մրցաշարին, Լեհաստանի Նովիսոչ քաղաքում կայացած «WPA» վարկածով պաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնությանը։
Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել, Ուժային եռամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ հետ։ Նա մանրամասնեց. «Մեր հավաքականը ունեցավ տպավորիչ մրցելույթ, վաստակելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ, կրկին ապացուցելով ամբողջ Եվրոպային, որ Հայաստանը դասվում է այս մարզաձևի ուժեղագույն երկրների շարքին։ 20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում, մեր երկրի հավաքականը զբաղեցրեց թիմային երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն Լեհաստանի հավաքականին։ Մեր երկրի հավաքականը ներկայացված էր 12 մարզիկով, տղաների և աղջիկների, պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների քաշային կարգերում։ Պատանիների 48 կգ քաշային կարգի ձգում վարժության պայքարում, 115 կգ Եվրոպայի ռեկորդով չեմպիոն դարձավ Տավուշի մարզի Բերդ քաղաքից Արտյոմ Գալստյանը։ 60 կգ քաշային կարգում, Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից Ալիկ Խաչատրյանը, ինչպես նաև պատանիների մինչև 19 տարեկանների բացարձակ հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը։ Հրազդան քաղաքի մեկայլ ներկայացուցիչ Արթուր Վարդանյանը, 74 կգ քաշային կարգում դարձավ կրկնակի փոխչեմպիոն։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը ներկայացնող Արտակ Ավետիսյանը 90 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 100 կգ պայքարում չեմպիոն դարձավ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից Վահե Ափիցարյանը։ Մեծահասակների պայքարում 56 կգ քաշային կարգում, ձգում վարժության 180 կգ Եվրոպայի ռեկորդով չեմպիոն դարձավ Սպիտակ քաղաքից Սեյրան Աբրահամյանը։ 100 կգ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ նույն քաղաքի մեկայլ ներկայացուցիչ Սեդրակ Մացակյանը։ 82,5 կգ M4 տարիքային խմբում հաղթեց Երևանցի Դավիթ Գրիգորյանը։ 90 կգ M2 Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից Կարեն Հովհաննիսյանը։ 100 կգ M2 տարիքային խմբում հաղթեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից Հայկ Աֆյանը։
Երևանցի Արտյոմ Խուգոյանը, 110 կգ հաղթող դարձավ ձգում վարժության Եվրոպայի ռեկորդով 302,5 կգ, ինչպես նաև մեծահասակների բացարձակ հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Աղջիկների մեծահասակների պայքարում, 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Տավուշի մարզի Բերդ քաղաքից Ալլա Միրզոյանը, բացարձակ հաշվարկում զբաղեցնելով նաև երրորդ տեղը»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

