Ծերերից խլված նստարանները կմատուցվեն որպես ամանորյա նվե՞ր. Ահազանգի հետքերով
Հասարակություն
«Իրավունքի» խմբագրություն դեռեւս մայիսի 15-ին ահազանգ էր ստացել Թբիլիսյան խճուղու մի շարք բնակիչներից, որ արդեն մեկ շաբաթ եւ ավել կլինի, ինչ 26/4 հասցեում տեղակայված երկու նստարանները անհետացել են բառի ուղիղ իմաստով: Ահազանգի հետքերով «Իրավունքը» կապվել էր Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության պատասխանատունների հետ, որտեղից պարզվեց, որ նստարանները թաղապետրանն է հանել` նորերը տեղադրելու համար:
Հարցին, թե ե՞րբ կլինեն նորերը, մեզ փոխանցել էին` հավանաբար երկու շաբաթվա ընթացքում: Արդեն երեք նման «երկու շաբաթ է» անցել, իսկ նստարանները չկան ու չկան, ո՞ւր հասան նստարանները, փորձել էին երրորդ անգամհետաքրքրվել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանից, որտեղից ստացել էինք մոտավորապես նույն պատասխանը. «Շուտով արդեն պատրաստ կլինեն, առաջիկա տասնօրյակում կտեղադրվեն նոր նստարանները մեր բնակիչների համար»:
Ահազանգից 7 ամիս է անցել, բայց նստարանները մինչ օրս չկան ու չկան, թե ուր են անհայտացել նստարանները հարցով կրկին դիմեցինք Արաբկիր թաղապետարան եւ կրկին նույն պատասխանը. «Ամբողջությամբ նոր նստարանները կտեղադրվեն տարեվերջին, որոշ խնդիրների պատճառով ձգձգվեց, բայց կարեւորը մինչեւ տարեվերջ կտեղադրվեն նորերը»:
Թե ինչ խնդիրների պատճառով, այդպես էլ չբացահայտեցին: