Ինչու է Մարությանը մանդատ զբաղեցնում, եթե նիստերին չի մասնակցում
Ներքաղաքական
Ըստ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ` կարելի է ավագանու մանդատ վերցնել եւ նիստերին չմասնակցել: Համենայնդեպս, նա իրենց խմբակցության անդամ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի չմասնակցելն ավագանու նիստերին արդարացրեց նրանով, թե ավագանու մանդատն իրենից չի ենթադրում միայն նիստերին գալ եւ արդեն մեխանիկորեն ընդունել որոշումներ:
— Թե ինչպես մենք պետք է քվեարկենք, ինքը ցանկացած որոշման շուրջ իր կարծիքը հայտնում է խմբակցության նիստերին, յուրաքանչյուր հարցի քննարկմանը: Այսինքն` իր կարծիքը այստեղ տեղափոխում է իր խմբակցությունը: Ես չեմ կարծում, որ նա ընդհանրապես չի գալու: Պարզապես, տեսել եք, որ առաջին երկու նիստին մենք էլ չենք մասնակցել, բոյկոտել ենք: Այսինքն, չի կարելի համարել, որ ունեցել ենք բուն քաղաքին վերաբերող բուռն նիստեր, եւ մենք չենք մասնակցել, կամ Մարությանը չի մասնակցել: