Տեղյակ չեմ` հստակ մշակված կոնկրետ կարճաժամկետ գործողությունների պլան կա, թե` ոչ. Լեւոն Քոչարյան
Ներքաղաքական
Փոքր-ինչ ուշացումով երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճ ժամանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Երդումից հետո` նա պատասխանեց լրագրողների հարցերին, այդ թվում անդրադառնալով նրան, որ մի շարք պատգամավորներ մանդատը վայր դրեցին, որ ինքը ստանա:
«Պրոֆեսոր Չարչյանի մանդատը վայր դնելու մասին շուտվանից գիտեի, եւ դա ինձ հետ միանշանակ կապ չունի: Այնտեղ կար Միհրդատ Մադաթյանը, 48-րդ համարը Անժելան էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից էր, իսկ իրենք հայտարարել են, որ չեն վերցնելու մանդատները: 49-րդ համարն էլ Գերասիմն էր: Անկեղծ, նրանց չեմ հանդիպել, միայն Միհրդատին եմ ողջունել, երբ նա էլ էր ՔԿՀ-ի մոտ եկել ինձ դիմավորելու: Ես կարդացել եմ նրանց հայտարարությունները եւ որեւէ հիմք չունեմ հակառակին հավատալու համար: Եթե նրանց որոշման մեջ դեր է խաղացել նաեւ ինձ ապօրինի կալանքից ազատելը, միայն շնորհակալ եմ դրա համար: Կարծում եմ` նորմալ է, որ ինչ-որ չափով նաեւ դա է դեր խաղացել: Այստեղ փորձել ուրիշ բաներ տեսնել, կամ ասել, թե ստիպել են, որ մանդատից հրաժարվեն, միանշանակ բացառված է», - վստահեցրեց մանդատ ստացած Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին` նա ասաց, որ իշխանություններն են մեղավոր մեր երկրի այս խայտառակ վիճակի համար, հետեւաբար բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն իշխանության հեռացմանը, եւ այս մասով ոչինչ չի փոխվել: «Թե ինչպես դա իրականացնել, հիմա տարբեր փողոցային գործողություններ են եղել, եղել է ընտրություններին մասնակցություն, կարծում եմ` հետագայում էլ ինչ-որ բաներ կլինեն: Ես հիմա հստակ բաներ չեմ կարող ասել, տեղյակ չեմ` հստակ մշակված կոնկրետ կարճաժամկետ գործողությունների պլան կա, թե` ոչ: Երկարաժամկետ կարծում եմ` կա», - ասաց Լեւոն Քոչարյանը: