Փաշինյանն այսուհետ ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է «խաղաղություն» բառով. Մամիջանյան
Ներքաղաքական
Երեւանի Սուրբ Աննա եկեղեցուց դեպի Ազգային ժողով երեկ լուռ երթ իրականացվեց` ՀՀԿ երիտասարդական կառույցի նախաձեռնությամբ: Անդրադառնալով օրվա խորհրդին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆՆ ասաց, որ նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է: Նրա գնահատմամբ` այն վայրկյանին, երբ այդ ցավը վերափոխվի ցասման, բոլոր լուծումներն ինքնին կգան:
— Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական բնակավայրերը դաջված են յուրաքանչյուր հայի սրտին: Եթե ինչ-որ մարգինալների, դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից, քանի որ իրենք այնպես չեն պահում իրենց, իբր սա իրենց հայրենիքն է: Սա մեր հայրենիքն է: Տարբեր ՔՊ-ական երեսփոխաններ խոսում են, որ բանակցում են Արցախում հայերի իրավունքների եւ ազատությունների համար: Հենց հիմա թող բոլորով հավաքվեն, գնան իրենց բանակցած իրավունքների ու ազատությունների պայմաններում ապրեն, տեսնեմ քաղցր է, թե` ոչ:
— Իշխանությունը հիմա նաեւ առաջ է քաշում «խաղաղության խաչմերուկ» կոնցեպտը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Փաշինյանն այսուհետ ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով: Մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում հպարտորեն հայտարարեց, թե կապիտուլյացիան ու հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունի` այսուհետ լոգոյի տակ ենք հանձնելու: Փաշինյանը վերջին հինգ տարիներին «խաղաղություն» բառն օգտագործելով` ցավ, արյուն ու մահ է բերել: Իրենք փորձում են ներկայացնել իրենց հայրենավաճառությունը` որպես ՀՀ-ի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման մեծ ձեռքբերում: Մինչդեռ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը երբեք հարցականի տակ չեն եղել։ Իրենք են ստեղծել այդ խնդիրները եւ հիմա իբր ներկայացնում են, թե ուզում են լուծել: Հայրենիքը քառակուսի կիլոմետրերով չեն հաշվում: Այդ 29.8-ը կեղծ օրակարգ է։ Սրանք փորձելու են արոտավայրեր ստանալու դիմաց ներկայացնել դա որպես մեծ հաղթանակ, բայց հանձնելով ռազմավարական բարձունքներ, երկու միջպետական ճանապարհներ` դեպի Վրաստան ու Իրան։ Հիմա իրենք չեն էլ թաքցնում: ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը հպարտորեն ասում էր, որ իրենք հետ են բերելու մի քանի արոտավայրեր Տավուշի մարզում, բայց մոռացավ նշել, որ դրա դիմաց մենք զրկվելու ենք Տիգրանաշենից, ութ գյուղերից, ՀՀ-ն մեր բարեկամ Վրաստանին կապող երկու ճանապարհներից մեկից` առնվազն այն թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ: