Իմա՞ստը` ինչ-որ հայտարարություններով, քայլերով իրավիճակը բարդացնելու. Գրիգորյան
Ներքաղաքական
«Ժողովրդավարության եւ անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով` Ադրբեջանին զսպող լուրջ գործոններ այս փուլում չկան:
— Եթե խոսքը լայնածավալ պատերազմի մասին է, մի իրավիճակ է: Մեկ այլ իրավիճակ է, եթե խոսքը հերթական էսկալյացիայի մասին է՝ սահմափակ ծավալներով։ Երկրորդ տարբերակի դեպքում վտանգը միշտ էլ բավականին լուրջ է: Հիշեցնեմ, որ ԼՂ-ում տեղի ունեցած գործողություններից առաջ ԱՄՆ-ն ուղիղ տեքստով նշել էր, որ էթնիկ զտումը, էսկալացիան կարմիր գիծ է, բայց այդ ամենից հետո որեւէ հետեւանք Ադրբեջանի համար չեղավ: Չնայած ամերիկյան տարբեր դիվանագետներ փակ հանդիպումների ընթացքում խոսում են այն մասին, որ ինչ-որ հետեւանքներ եղել են, ինչ-որ այցեր ադրբեջանցի պաշտոնյաների տեղի չեն ունեցել, որոնք պիտի տեղի ունենային: Իհարկե, սրանք բավարար չեն, եւ սա կարող է շարժառիթներ ստեղծել Ալիեւի մոտ ավելի ռիսկային քայլերի գնալ, քանի որ հիմա ունիկալ հնարավորության պատուհան է ստեղծվել:
— Ի՞նչ նկատի ունեք:
— Այժմ բոլորի ուշադրությանը իսրայելա-պաղեստինյան եւ ռուս-ուկրաինական պատերազմների վրա է կենտրոնացած: Այս պարագայում, եթե Ադրբեջանը որոշի հերթական անգամ հարցերը լուծել ուժի կիրառման ճանապարհով, չեմ կարծում, թե լուրջ խոչընդոտներ կլինեն այս հարցում: Պարզ է, որ այս ճգնաժամը, որը գոյություն ունի, բավականին բարդ է, որի պատճառները բազմաթիվ են: Հիմնական պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկն էր, եւ Ռուսաստանի, ինչպես ազդեցության նվազման, այնպես էլ շահերի փոփոխման պատճառով է այս ամենը տեղի ունենում։ ՌԴ-ն չի ցանկանում դիմակայության մեջ մտնել ո՛չ Թուրքիայի հետ, ո՛չ Ադրբեջանի: Պարզ է, որ Հայաստանի պատճառով չի գնալու առճակատման Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Իհարկե, մյուս կողմից էլ ՀՀ իշխանությունները հաճախ անում են քայլեր ու հայտարարություններ, որոնց տրամաբանությունը շատերի համար անհասկանալի է։ Օրինակ, հասկացանք՝ ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները, բայց չկշռադատված պոռթկումների հետեւանքով, եթե նորանոր կորուստներ պետք է ունենանք, կարելի՞ է լինելու ամեն անգամ հայտարարել, թե ռուսներն են մեղավոր, Արեւմուտքն է մեղավոր, դավադիր թշնամիներն են մեղավոր։ Որպես պետություն, իշխանություն` պատասխանատվությունն առաջին հերթին ՀՀ իշխանությունների վրա է։ Այո՛, ՌԴ-ն վարում է այն քաղաքականությունը, որը վարում է, բայց իմա՞ստը` ինչ-որ հայտարարություններով, քայլերով բարդացնել իրավիճակը: Մի կողմից խոսում են քաղաքական վեկտորը փոխելու մասին, բայց ամենավերջին տվյալներով՝ ՀՀ-ի արտահանումը ՌԴ կազմում է 50 տոկոս։ Նման կախվածություն ունենալով ՌԴ-ից՝ չես կարող կտրուկ քայլեր անել արտաքին քաղաքական դաշտում։
— Եվ այս դասը, կարծես թե, լավ սերտել է Ադրբեջանը…
— Ադրբեջանը վերջին տարիներին բավականին անկախ քաղաքականություն է վարում: Ոչ մեկը չի կարող ասել` Ադրբեջանի քաղաքականությունը պրոարեւմտյան է, թե` պրոռուսական: Այդ ամենի համար եւս կան կառուցվածքային պատճառներ․նա կարող է թույլ տալ իրեն նման բան: Բայց ՀՀ-ում որոշում կայացնողների մոտ, որ կան այս էմոցիաները, պետք է մի կողմ մղվեն: Դու կարող ես համակարգային քաղաքականություն վարել` ուղղված կախվածությունը թուլացնելու, միեւնույն ժամանակ լինել բավականին զուսպ` զուտ հրապարակային առումով: