Հայաստանի կողմից հերթական «դիվերսիան»` ընդդեմ Ռուսաստանի
Ներքաղաքական
Պարզվում է` վերջերս Կիեւում անցկացվել է Միջազգային համաժողով` «Գլոբալ Ղրիմ. Ուկրաինայի ըմբռնում` Հարավի միջոցով» խորագրով: Համաժողովի կազմակերպիչներն են եղել «Ուկրաինական հաղթանակ» միջազգային կենտրոնը, Հանուն մարդու իրավունքների Մեդիա նախաձեռնությունների ՀԿ-ն, Ուկրաինայի Հելսինկյան մարդու իրավունքների միությունը, Հանուն մարդու իրավունքների Միջազգային գործընկերության ՀԿ-ն, ZMINA Մարդու իրավունքների կենտրոնը, Ուկրաինա 5 AM կոալիցիան: Համաժողովի մասնակիցները քննարկել են Ուկրաինայի առջեւ ծառացած խնդիրները, Ղրիմի հարցը եւ, իհարկե, Ռուսաստանին ներկայացրել` իբրեւ ագրեսոր: Ուշագրավ է այն, որ Հայաստանը ձեռնպահ չի մնացել այս համաժողովից եւ դրան մասնակից է դարձել միջազգային իրավունքի մասնագետ ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
«Իրավունք»-ին հայտնի դարձավ, որ Ա. Ղազարյանը եւս համաժողովի ժամանակ գանգատվել է Ռուսաստանից եւ անդրադարձել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը: Նա մասնավորապես նշել է, թե Հայաստանի դաշնակից երկրի կողմից սույն որոշման ընդունման առիթով քննարկումներ ծավալվել են, նախազգուշացումներ եղել են թե՛ մինչեւ այն վավերացնելը, թե՛ վավերացնելուց հետո:
«Քաղաքական թիվ մեկ գործոնը` Ռուսաստանն է, որը դեմ էր, որպեսզի Հայաստանն ընդուներ Հռոմի ստատուտը, եւ դրա ընդունումից ընդամենը օրեր առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ կոռեկտ» որոշում է, պաշտոնական Երեւանին ուղղված հարցեր են առաջացել: Այսպիսով` Հայաստանն ընդունել է Հռոմի ստատուտը եւ հիմա գտնվում է Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշման ներքո, եւ հիմա չգիտենք` կձերբակալե՞նք Պուտինին, եթե նա Հայաստան գա»,- չգիտես ում անունից հայտարարել է Արա Ղազարյանը: