Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ փակ դռների հետեւում
Ներքաղաքական
Շաբաթներ առաջ ձեւավորվել է Արցախի պետականության պահպանման հանձնախումբ, վերջերս էլ երեւանյան հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել հանձնախմբի առաջին նիստը, որին մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Դռնփակ նիստի վերաբերյալ հանձնախմբի համակարգող, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ որոշ փակագծեր բացեց:
— Բովանդակության մասին չեմ կարող արտահայտվել, բայց ասեմ, որ գործընթացներն անպայման լինելու են շարունակական: Շատ հարցեր քննարկվեցին ու դեռ քննարկվելու են: Սակայն մի շատ կարեւոր խնդիր կա, որ մենք պետք է ֆիքսենք: Այս գործընթացի շրջանակում որեւէ մեկը չպետք է Արցախի մեր հայրենակիցներին դիտարկի որպես ներքաղաքական որոշ պրոցեսների ռեսուրս: Սա շատ հստակ է: Ինչ վերաբերում է իշխանությանը, որեւէ մեկը, մասնավորապես` իշխանությունը, իրավասու չէ քննարկելու Արցախի սուբյեկտայնության հարցը, առավել եւս փակել Արցախի էջը: Հիմա միայն ասեմ, որ ժողովրդի կողմից ստեղծված եւ ձեւավորված Արցախի Հանրապետությունը որեւէ մեկը ուղղակի չի կարող լուծարել: