Կկարողանա՞նք պահել Սյունիքը, պատասխանը յուրաքանչյուր երիտասարդի ձեռքերում է. Էսամ Նագի
Մշակութային
2020 թվականի 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ Հայաստանի հարավային դարպասում՝ Սյունիքում, եգիպտացի վավերագրող-կինոռեժիսոր ԷՍԱՄ ՆԱԳԻՆ սկսեց «Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները։ Այսօր արդեն հայտնի դարձած ֆիլմը նկարագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում կյանքը, պատմում Սյունիքում ապաստանած արցախցիների մասին: Եգիպտացի վավերագրողը նաեւ լույս է սփռել Հայաստանի, հատկապես Սյունիքի աշխարհագրական եւ ռազմավարական կարեւորության, նրա պատմական ու ներկայիս մարտահրավերների, ինչպես նաեւ մշուշոտ ապագայի վրա՝ տարածաշրջանային հախուռն զարգացումների ֆոնին: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ: Այո՛, հայ ժողովրդին հարազատ դարձած եգիպտացին, ով բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել Իրաքում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Ռուանդայում, Ուգանդայում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների մասին, այժմ ապրում է Հայաստանում:
«ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՅՍ ՀԱՐՑՆ ԻՆՁ ՏԱՆՋԵԼ Է՝ ԵՍ ՀԱ՞Յ ԵՄ, ԹԵ՝ ՈՉ»
— Մեր երկրի համար դժվարին այս օրերին Դուք այստեղ եք, ու վստահ եմ՝ գիտեք, որ ամեն կողմից հնչում է ահազանգ, որ ինչպես Արցախը, այնպես էլ Սյունիքը, որտեղ նկարահանել եք Ձեր ֆիլմը, վտանգի մեջ է: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:
— Ես հայ չեմ, բայց շատ կապված եմ Հայաստանի ու հայերի հետ: Սա իմ 7-րդ այցելությունն է Հայաստան: Իմ ֆիլմը՝ «Մոռացված հայրենիք»-ը, առաջին անգամ ցուցադրվել է նախորդ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին եւ, այո՛, այն նկարահանվել է Սյունիքում: Դրա համար, ի պատասխան Ձեր հարցին՝ ուզում եմ կրկնել Գարեգին Նժդեհի կողմից 105 տարի առաջ ասված խոսքերը, որ եթե չլինի Արցախը, չլինի Սյունիքը, չի լինի Հայաստանը: Հիմա շատ ծանր իրավիճակ է, ժամանակն ամենքիս է մարտահրավեր նետել: Գուցե հայ ժողովուրդն Արցախը կորցնելու ճանապարհին է, բայց դեռ ունի Սյունիքը, իսկ թե արդյոք կկարողանանք պահել այն, պատասխանը յուրաքանչյուր երիտասարդի ձեռքերում է։ Նրանք են թելադրելու՝ Սյունիքը կկորցնեք, թե՝ ոչ։ Չեմ կարծում, թե հաջորդ սերունդները կներեն, եթե հանկարծ Սյունիքն էլ կորցնենք։ Միայն 1915 թվականին տեղի ունեցածը չէ, որ որոշել է, թե ինչ շարունակականություն պիտի ունենա հայի ապագան, այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա, նույնքան վճռորոշ է: Հիմա բոլորը շատ նեղսրտած են, բայց երիտասարդ սերնդի աչքերն ինձ հուշում են, որ հայը կարողանալու է նորից ամուր ոտքի կանգնել ու տեր լինել այն ամենին, ինչն իրենն է:
— Շեշտեցիք, որ հայ չեք, բայց առաջին դեմքով եք խոսում Սյունիքը պաշտպանելու, Հայաստանը չկորցնելու մասին: Ինչպե՞ս սա հասկանալ:
— Ես եգիպտացի եմ, բայց կարծում եմ՝ իմ ընտանիքի մի մասը հայ է։ Իմ մայրական կողմից պապիկը այդքան էլ եգիպտացու տեսք չուներ, նրա մահը շատ անսպասելի էր, ավտովթարից մահացավ: Մահից մեկ շաբաթ առաջ մի օր միասին ճաշում էինք, երբ հարցրի՝ ինչո՞ւ եգիպտացու տեսք չունես, ո՞րն է գաղտնիքը: Նա պատմեց, որ իր պապիկը գաղթել է Անատոլիայից Եգիպտոս՝ 1897 թվականին: Սա նշանակում է, որ նրա ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական կողմից իմ նախապապերը բոլորը քրիստոնյաներ են եղել: Անատոլիայում 3 տիպի քրիստոնյաներ են ապրել՝ հայերը, ասորիները եւ հույները։ Հույները գաղթել են Հունաստան, ասորիները՝ Սիրիա, եւ միայն հայերն են սփռվել աշխարհով մեկ։ Կոտորածների ժամանակ իմ նախապապը 7 տարեկանում միայնակ հասել է Եգիպտոս, հայերեն չէր խոսում, այլ արաբերեն եւ ամուսնացել է ազգությամբ ղպտիի հետ, բայց իր թոռների անունները դրել է Մուրադ, Մարգարիտ, Մագդա, որոնք իմ մորաքույրներն են ու մորեղբայրը։ Ես դա հասկացա 2006 թվականին, տարիներ շարունակ այս հարցն ինձ տանջել է՝ ես հա՞յ եմ, թե՝ ոչ, ինչո՞ւ եմ այսքան սիրում այս երկիրը, չորս ֆիլմ ունեմ Հայաստանի մասին, եւ «Մոռացված հայրենիքը», կարծում եմ՝ նաեւ Ձեր հարցի պատասխանի մի մասն է։
«ՉԵՆՔ ԳՆԱՀԱՏԵԼ ԻՆՉ ՈՒՆԵԻՆՔ, ՄԻՆՉԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԻՐ ՉՈՒՆԵՑԱԾԸ»
— Փաստորեն, 44-օրյա պատերազմը Ձեզ համար զուտ օտարերկրացի վավերագրողի հետաքրքրությո՞ւն չի եղել, այլ արյան կանչո՞վ եք վերապրել այդ ամենը:
— Այդ ժամանակ Կահիրեի մոտ գտնվող մի վայրում էի, մի քանի օրով արձակուրդ էի վերցրել: Երբ լուրերով տեսա Արցախում նուռ, որի վրա կրակում են, ու այն, բաժան-բաժան լինելով, ընկնում է՝ խենթանալու չափ բարկացա: Ես սիրում եմ Արցախը, սիրում եմ հայկական նուռը… Սկսեցի գրել մի հոդված` կապված հենց այդ դրվագի հետ։ Ինչպես բոլորը, ես էլ էի կարծում, թե այդ պատերազմը կտեւի ամենաշատը 5 օր ու կավարտվի, բայց այն չէր դադարում, շարունակվում էր: Խոսեցի իմ ընկեր Արմեն Մազլումյանի հետ, որը «Մոռացված հայրենիք» ֆիլմի համակարգողն է, փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել Արցախի համար։ Բայց գիտեք ինչն է ինձ բարկացնում ամենաշատը, որ չենք գնահատել այն, ինչ ունեինք, մինչդեռ Ադրբեջանը գնահատում է իր չունեցածը: Նրանք այս պահին հասնելու համար 30 տարի շարունակ պատրաստվել են, իսկ մենք չենք արել։ Նրանք գրավեցին Արցախը եւ ուզում են գրավել նաեւ Սյունիքը, որովհետեւ Հայաստանի արժեքը շատ վաղուց հասկացել են, բայց մենք դեռեւս՝ ոչ։ Ես իմ ներածին չափով փորձում եմ հայերին, նաեւ օտարերկրացիներին հասկացնել, որ այս հողը աշխարհը չպետք է կորցնի։ Այո՛, հայոց պատմությունը վերելքներ ու անկումներ է ունեցել, ինչը մի ամբողջ շղթա է: Մենք հիմա այն կերտում ենք, որը անկման շրջան է համարվում, բայց կրկին վեր ելնելու հնարավորություն պիտի ունենաք, եւ այն պետք է սկսվի մեզնից յուրաքանչյուրից։ Անտարբեր չպետք է մնալ, սա շատ կարեւոր է։ Եթե մենք՝ հայերս, լինենք անտարբեր, աշխարհը եւս կլինի անտարբեր։
— Կպատկերացնեի՞ք, որ ֆիլմի նկարահանումներից ընդամենը մեկ տարի անց այլեւս նոր իրողություն կլինի՝ Արցախը գրեթե հայաթափված:
— Իհարկե, չէի կարող պատկերացնել, որ այսքան շատ բան կարող է տեղի ունենալ Արցախում եւ փոխվել ամեն ինչ։ Երբ ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե ծիրանում», շատ վատ վիճակում էինք գտնվում՝ Դադիվանքի կորստի համար։ Գուցե մեկ տարի հետո էլ սգանք նաեւ Տաթեւի վանքի կորստի համար, բայց էլի եմ ասում՝ այն պահելը բոլորիս ձեռքերում է։ Ֆիլմի երգերից մեկում այսպիսի տողեր կան. «Պոկեց վարդը դաշտի միջին, փուշը նրա ձեռքը ծակեց»: Այսպիսին է նաեւ Հայաստանի նկատմամբ սերը. երբեմն ցավ պատճառող է, երբ մոտենում ենք, գուցե արնահոսենք, բայց չենք կարող դրանից հեռու մնալ: Պետք է մոտենանք, գրկախառնվենք, սիրենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, քանի որ այլ տարբերակ չկա։ Այս ֆիլմը աշխարհի շատ վայրերում է ցուցադրվել, բայց հավատացեք, որ ամենադժվարը հայ ուսանողների համար ցուցադրելն է ու այդ սերնդի հետ երկխոսություն ունենալը, քանի որ գիտեմ, թե որքան շատ հարցեր ունեն: Իսկ այդ բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան՝ ելք կա՛, քանի որ հենց այդ ուսանողներն են մեր երկրի ապագան։ Ես թողել եմ իմ հայրենիքը, իմ ընտանիքը եւ եկել եմ Հայաստանում ապրելու։ Սա պարզապես գործնական ճանապարհորդություն չէ, ես այստեղ եմ ապրելու։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ