Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Մեր հորդորն է պետական այրերին՝ բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ատելություն չսերմանե՛լ , չմասնատե՛լ ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ներքաղաքական

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն Արցախի համար համազգային աղոթքի ժամանակ հանդես է եկել խոսքով, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարեպա՛շտ ժողովուրդ, անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները, ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց: Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի՝ աղոթք ենք բարձրացնում՝ ի զորակցություն Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։

Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց, ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին, անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը անվստահության մթնոլորտ են առաջացրել և ընդվզում առաջ բերել, ինչը ստեղված պառակտության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։

Մեր հորդորն է պետական այրերին՝ բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ատելություն չսերմանե՛լ , չմասնատե՛լ ժողովրդին,առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովե՛լ, հայրենիքը վտանգաշատ հասկացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել ազգի փորձագիտական ողջ ներուժը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների։

Մեր կյանքով վկայենք ազգին, մեր անկախ պետականությանը։

Առկա դժվարին պայմաններում մենք, որպես ժողովուրդ, դարձել ենք ամեն կողմից ճնշված, բայց ոչ հուսահատ, հալածված բայց ոչ չարչարված։

Մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել, այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է։

Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի որպես Աստծո սեփական ժողովուրդ

Արցախ աշխարհը մերն է և մեր սրտում է։ Եւ Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։ Միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար, սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին, իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։ Սիրելի՛ արցախցի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև։ Մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական հավատների նկատմամբ։ Եկեղեցին ձեզ հետ է»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ