Սյունիքը սեղմել են երկու կողմից ու պատրաստվում են խփել. Վան Համբարձումյան
Ներքաղաքական
«Իրավունքի» զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:
— Խոսվում է այն մասին, որ թշնամին պատրաստվում է հարձակման, քանի որ վերջին օրերին սահմանի երկայնքով զինտեխնիկայի եւ զինուժի շարժ է նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Կուտակումները ռեալ են եւ վտանգավոր: Ես առաջին անգամ խոսեցի դրա մասին օգոստոսի 19–ին, որտեղ մանրամասն նշեցի, որ ուժերի կուտակում է նկատվում: Լուրջ չվերաբերվեցին դրան, ՀՀ ՊՆ–ն հերքեց, թե նման բան չկա, կուտակումներ չկան, մինչդեռ իմ ինֆորմացիան հարյուրտոկոսանոց էր: Սեպտեմբերին Սոթքում ու Վարդենիսում խփեցին, դա նախապատրաստական աշխատանքներ էին: Ամսի 1-ի գիշերը ես հատուկ ուղիղ եթեր մտա եւ նշեցի, որ շփման գծում գործողություններ են անում, որոնք ադրբեջանական զինված ուժերն անում են միայն մարտական գործողություններից եւ պատերազմից առաջ: Մի քանի ժամ հետո խփեցին: Կուտակումները ռեալ են, հստակ նպատակ ունեն, միայն վախեցնելու նպատակով չեն անում, այդ կուտակումները Հայաստանին հարվածելու միտում ունի, դրա համար ունեն բարենպաստ պայմաններ: Սկզբից Ադրբեջանի զինված ուժերը զորք կուտակեցին Լեռնային Ղարաբաղում՝ Զանգելանում, Շուշիում, Կուբաթլիում, Ջաբրայիլում, սկսեցին ռեալիզացնել հետեւյալը` առանց պատերազմի ստանալ այն, ինչ կարող է, առաջին փուլում հոգեբանորեն ուզում էին ճնշել, հայերին այնքան վախեցնել, որ թողնեն, փախնեն՝ չեղավ: Ես ասում էի, որ հաջորդ փուլը լինելու է տնտեսական բլոկադան, տեսանք, ամբողջությամբ փակվեցին ճանապարհները, ու Արցախում հայերը շրջափակման մեջ են: Դա արվել է, որպեսզի այնտեղ հումանիտար վիճակը կտրուկ վատանա, մարդիկ դեղորայք չունենան, սոված մնան: Սա կատաստրոֆա է, բայց երեւի ադրբեջանական կողմն էլ չի պատկերացրել, որ դա էլ չի կոտրի հայերին: Փաստացի սահմանային սրացումներ են, զորք են կուտակել, քանի ամիս է` ճանապարհները փակ են, պատկերացրեք քանի՞ շաքարով հիվանդ հիմա ինսուլին չի ստանում: Հաջորդ փուլում ադրբեջանական կողմը անցնելու է կոշտ ուժի, փորձելու է անցնել սրացումների: Հիմա ադրբեջանական կողմը պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների, այս անգամ արդեն բոլոր ուղղություններով, դրա համար էլ զորքը կուտակում են բոլոր ուղղությունների վրա:
— Փորձում են Հայաստանը ե՞ւս շրջափակել:
— Զորքը կուտակում են Երասխից սկսած մինչեւ Մեղրի, մի կողմից ուզում են գան հասնեն Տիգրանաշեն, որը ռազմավարական նշանակություն ունի, դա եթե կորցնենք, կատաստրոֆայի սկիզբն է լինելու: Պարզ երեւում է, որ այնտեղ ուժեր են կուտակում, իսկ մյուս կողմից Նախիջեւանի ուղղությամբ են կուտակել ուժեր, որոնք սեղմում են մի կողմից Սյունիքը, մյուս կողմից` Զանգելանը, Կուբաթլուն, Քարվաճառը: Այսինքն` Սյունիքը սեղմել են երկու կողմից եւ պատրաստվում են խփել: Ամենաքիչը միջանցք են ուզում վերցնել, որոնց մասին այդքան ասում են, բացի դրանից, ռազմավարական կարեւորագույն ճանապարհներ ու բարձունքներ են ուզում, չի բացառվում, որ ախորժակները բացվի ու ահագին առաջ գան, Սյունիքում ծրագրեր ունեն ու մեծ ախորժակ:
— Այսինքն` հաջորդիվ պայքարը Սյունիքի համա՞ր է մղվելու:
— Այդ թվում նաեւ, հիմնականում երեւի Սյունիքի համար, սա ամենը չէ, միաժամանակ, Սոթքում ու Վարդենիսում են զորք կուտակում, որովհետեւ այդտեղ կան ռազմավարական նշանակության բարձունքներ, որոնք ադրբեջանական կողմի համար գերկարեւոր են, հիմա ուզում են գալ մարտական գործողություններով վերցնել այդ բարձունքները, որոնք հիմա հայկական ուժերի վերահսկողության տակ են: Եթե Սոթքի ու Վարդենիսի այդ բարձունքները հայկական կողմը կորցնի՝ կատաստրոֆիկ իրավիճակ է լինելու, որովհետեւ բարձունքների տակով անցնում են գերկարեւոր ճանապարհներ, որոնք սնուցում են ՀՀ զինված ուժերի առաջատար ստորաբաժանումների տարբեր դիրքեր,`ամեն դիրքի կենսունակությունը ապահովելու համար, այդ հայ զինծառայողներին պետք է հասցնես ջուր, սնունդ, ռազմամթերք, մարտկոցներ եւ այլն: Ամեն ինչ ուզում են պոկել: Եթե այդ բարձունքները մենք կորցնենք, հայկական դիրքերը մնալու են առանց սնուցում, շատ դեպքերում այդ դիրքերը կրակի տակ են մնալու: Նույնը վերաբերում է գյուղերի սնուցմանը, որոնց հաղորդակցությունն այդ կարեւորագույն ճանապարհներով է: Եվ եթե բարձունքները վերցնեն, գյուղերը նշանառության տակ են լինելու, վերեւից թիրախավորելու են ու պարալիզացնեն հայկական բնակավայրերը:
— Իսկ Տավուշում կա՞ թշնամու զորքերի կուտակում:
— Այո՛, Բերդից սկսած` Այգեպարում, Մովսեսում, Չինարիում… Ընդհանրապես Տավուշի տարբեր սահմանային հատվածներում ադրբեջանական պետական սահմանապահ ծառայության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն են եւ զինված ուժերը:
— Ստացվում է՝ շրջափակման մե՞ջ են գցել Հայաստանը:
— Այո՛, խաղադրույքները շատ մեծ են, դրա համար ամեն ինչ են ուզում անեն: Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են «հակաահաբեկչական գործողություններ» սկսել, որովհետe6 ուժեր են կուտակում` թե՛ հատուկ նշանակության, թե՛ ոստիկանության, ինձ թվում է` մոտ ժամանակներս, անունը կդնեն «հակաահաբեկչական գործողություն» եւ կփորձեն Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին վերցնել, դրա լուրջ վտանգը տեսնում եմ հիմա:
— Հայաթափման շրջանակներու՞մ դա կլինի:
— Այո՛, ամեն ձեւ փորձում են հայաթափել, է՛լ վախով, է՛լ շրջափակմամբ, թողեցին առանց դեղ, մարդիկ սովից մեռնում են, չօգնեց, հիմա էլ անցնելու են ֆիզիկական ուժի, հայկական կողմը ուղղակի պետք է սրան պատրաստվի: Հիմա բարենպաստ պայմանները շատ է, որովհետեւ ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայի պատերազմով: Ուկրաինայում իրականում գնում է Համաշխարհային պատերազմ: Ռուսաստանի Դաշնության համար հիմա դժվար ժամանակներ են եկել, ամբողջ աշխարհը Ռուսաստանի դեմ է, հիմա այս տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գործոնը, ազդեցությունը շատ է մեծացել: Բացի դրանից՝ հիմա հայ-ռուսական հարաբերությունները վատ վիճակում է, սա ստեղծում է բարենպաստ պայմաններ, որ խփեն: Դրա համար, շատ ռեալ է սպասել լայնամասշտաբ էսկալացիա եւ այս անգամ սեղանին դրվելու է ամեն ինչ:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ