Փաշինյանը իր կնոջ մասով հորդորում է չքաղաքականացնել ու լռում` նրա քայլերի հետեւանքների մասին
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հրապարակված իր հարցազրույցում անդրադարձավ իր կնոջ Ուկրաինա մեկնելուն եւ այնտեղ «Ուկրաինային աջակցելու պլանը իրագործելը» անվանեց ոչ քաղաքական քայլ։ Հավանաբար, ներքին լսարանին նման պնդումը կարող է հանգստացնել չէ, որ այն տեղերում, որտեղ պետք է, որ մեկը լռի կամ մնա չեզոք գոտում, անմիջապես լսվում է իշխող ուժի հանդիմանություն, թե դու քաղաքական գործիչ չես, ուրեմն` պետք է չխոսես կամ եթե խոսում ես, ապա պետք է առնվազն կուսակցություն ունենաս եւ մտնես ՔՊ-ական պայքարի մեջ, կռվես ֆեյքերի դեմ, հետո նաեւ իրավապահ համակարգի: Իսկ եթե այստեղ էլ հաջողություն ունեցար, պարզապես, մի փոքր սպասիր եւ քեզ կսպասվի որեւէ հարցում ձերբակալություն ու բանտ։
Այս սցենարով առաջնորդվող ՔՊ-ն ու իր վարչության պետը հանրային դաշտում շռայլում է մտքեր, որոնք միջազգային խաղացողների մոտ առաջացնում են ժպիտ: Դե պատկերացրեք, որ մի լուրջ պետության դիվանագետ կարող է հավատալ այն թեզին, որ որեւէ պետության ղեկավարի կինը գնա այլ պետություն ու դա զուրկ լինի քաղաքական գնահատականներից: Ու սա այն դեպքում, երբ նրա կինը անգամ իր ելույթները քաղաքական կոնտեքստում է արտահայտում։ Մինչդեռ Փաշինյանին «միամիտ» լսարանից բացի, լսում են նաեւ մարդիկ, ովքեր քաջ հասկանում են այն մեսիջները, որոնք ինքը փոխանցում է նման քայլերի միջոցով։
Շատերը կարող են ասել` եթե Ուկրաինան առաջին տիկնանց ֆորում է կազմակերպում, ի՞նչ անի մեր երկրի առաջին տիկինը, չգնա՞։ Նախ սկսենք նրանից, որ Աննա Հակոբյանը ՀՀ Սահմանադրությամբ առաջին տիկինը չէ եւ եթե հասել է պահը նման ընտրության եւ չգնալը կարող է ավելի բարդ մեսիջներ փոխանցել, քան գնալը այդ դեպքում, թող մի փոքր համեստություն դրսեւորեր եւ այնպես չպահեր իրեն, կարծես թե, Ուկրաինան, որն անվերապահ աջակցում է Ադրբեջանին, մեր դաշնակիցն է։ Ավելին` Ուկրաինան ավելի ստոր գտնվեց եւ իրեն սիրաշահող վարչապետի կնոջ քայլին ի պատասխան` խիստ դատապարտեց Արցախի նախագահի ընտրությունը։
Ստացվում է, որ այս անհեռատես քայլերի պատճառով Հայաստանն էլ առավել լարեց իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, իսկ Ուկրաինայի հետ մնաց այնպես, ինչպես որ է։ Մենք իրենց ուղարկում ենք հումանիտար բեռներ, իսկ իրենք պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքեր ու դրոններ, իսկ որպես մանր` փոխանցում են իրենց ԱԳՆ-ի այդչափ մերժողական հայտարարությունը։ Այնպես որ, լավ կլիներ, որ արարողակարգերի հարցում Փաշինյանը ոչ թե նժարին դներ հարցի քաղաքական լինելն, այլ ընդհակառակը` թե նման քայլերը ինչ հետեւանք են թողնում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ