Ով ռուսին չի սիրում, ստիպված է լինելու սիրել թուրքին, որն արդեն Հայաստանի անունը դրել է Արեւմտյան Ադրբեջան. Զաքարյան
Ներքաղաքական
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ գնահատմամբ` եթե 2018 թվականից հետո տեղի ունեցող զարգացումները գոնե վատը չլինեին, կամ գոնե մնար այն, ինչ ունեինք, ինքը կհամարեր, որ ոչինչ չի եղել, ընդամենը Հանրապետական կուսակցությունը կորցրել է իշխանությունը: Մինչդեռ 2018 թվականից հետո կորցրել ենք Հայրենիքի մի մասը, հսկայական սերունդ, կորցրել ենք մեր արժանապատվությունն ու պետական իմիջը, արտաքին քաղաքական դիրքերը: Հետեւապես, որպեսզի այս կորուստները շարունական չլինեն, ուզենք, թե չուզենք կարեւոր գործ ունենք անելու` իշխանափոխություն:
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄՏԱԾՈՒՄ Է ԿԿՈՐՑՆԻ ՆԻԿՈԼԻՆ»
— Պարոն Զաքարյան, արտաքին աշխարհի ամենատարբեր բեւեռներից եւ ամենաբարձր մակարդակով ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանն անցել է անդառնալիության կետը` ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում: Արդյունքում հիմա ով էլ գա իշխանության, այս պարտությունների ու զիջումների գործընթացը չի կարողանալու կանգնեցնել: Որքանո՞վ եք համոզված, որ բանակցողի փոփոխությունը կարող է իրավիճակ շտկել:
— Կարելի էր համաձայնել արեւմտյան այդ տեսակետների հետ, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ կործանել է Արցախը` այն պարագայում, եթե Արցախն այսօր չպայքարեր: Բայց, երեւի թե, արեւմտյան տրամաբանության մեջ չի տեղավորվել մի հանգամանք, որ կարելի է սոված մնալ, բայց չհանձնվել, կարելի է գազ ու լույս չունենալ կամ առավոտյան էսպրեսո չխմել բայց շարունակել մեծ ու փոքրով առանց նախապայմանների պայքարել` սեփական հայրենիքի համար: Նույն եվրոպացիների ուղեղների մեջ չէր տեղավորվում, թե ինչպես կարող է հայ ժողովուրդը 2021 թվականին նորից Նիկոլ ընտրել, որքան էլ փորձում էինք բացատրել: Ասում են` դա աննորմալ երեւույթ է: Մենք էլ այսպիսին ենք` հայ ժողովուրդն իր ծայրահեղ դրսեւորումներով աննորմալ երեւույթներ սիրում է, բայց ցանկացած աննորմալ երեւույթի տակից դուրս է գալիս: Ինչ վերաբերում է Նիկոլի բանավոր հայտարարությանը, դա դեռեւս չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Արցախից, իր ապագայից, անվտանգության բաղադրիչներից եւ տարածաշրջանում ունեցած դերից ու նշանակությունից: Ես տեսնում եմ տարածաշրջանային որոշակի զարգացումներ, որոնք հմուտ քաղաքականության, հմուտ բանակցողների, հմուտ ղեկավարների պարագայում Հայաստանի Հանրապետությանը կարող են էապես նպաստավոր դիրքերի բերել: Դրանում նաեւ նկատի ունենալով ռազմաքաղաքական բաղադրիչը, կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից Հայաստանի իրավասությունների հսկայական բազան, նոր աշխարհակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության ստանձնած դերակատարությունը` որպես քրիստոնյա երկիր, որպես աշխարհաքաղաքական հանգուցային դիրք ունեցող պետություն, որպես մի ժողովուրդ, որը շարունակվող պայքարի արդյունքում հասնում է իր նպատակին:
— Բայց Ադրբեջանն էլ ձեռքերը ծալած չի նստում, եւ սահմանային վերջին դեպքերը հուշում են, որ ամեն պահի իրավիճակը հղի է նոր ռազմական գործողություններով: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, որովհետեւ մտածում է կկորցնի Նիկոլին եւ իր ազդեցությունը Հայաստանի քաղաքականության վրա, ինչը շատ իրատեսական է: Բայց Ալիեւին եւս չի հաջողվելու, որովհետեւ առավելագույնը, ինչը հնարավոր էր ստանալ, Ադրբեջանը ստացել է: Եվ հիմա եկել է նաեւ Ադրբեջանի գործած սխալների, հանդուգն եւ անթույլատրելի գործողությունների համար պատասխան տալու ժամանակը, որը հեռու չէ: Եվ մեզ պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կարող է շահարկել եւ նպաաստավոր առումով օգտվել այդ զարգացումներից: Քաղաքական գործիչները հենց նրա համար են, որպեսզի կարողանան իրենց իսկ ժողովրդի եւ պետության համար առավելագույնը ստանալ` կապ չունի ինչպես, ցանկացած եղանակով: Այստեղ Մաքիավելին լիարժեք արդարացված է` ասելով, որ նպատակն արդարացնում է միջոցները: Հետեւապես, որքան էլ բարեհունչ չհնչի, ես չեմ մեղադրում Ալիեւին` իր պետության համար տված կռվի մեջ, ես մեղադրում եմ մեզ` բոլորիս, որ մենք կարողացանք հանդուրժել այսքան սխալ, կեղծիք, մանիպուլիացիաներ` լավ հասկանալով, որ ինքնախաբեությամբ ենք զբաղված եւ հաջորդ քայլն ավելի ցավալի ու կորստաբեր է լինելու: Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ պետք է հասկանալ, որ պատմական այս ժամանակահատվածում իրատեսությունը կորցրած հայ ժողովրդի ընտրությունը, այսինքն` Նիկոլը, դեռեւս այն վերջնակետը չէ, որից հետո այլեւս հետ վերադարձնել անհնար է: Այո՛, եթե եւս հինգ տարի այսպես շարունակվի, այդ դեպքում` ես էլ անիմաստ արդեն կհամարեմ ՀՀ ապագայի մասին խոսելը, սակայն հուսով եմ, որ մեր ժողովուրդը, լինելով իմաստուն, համբերատար, բարի, խելացի` կկարողանա իր ներսի բոլոր խոչընդոտները մի կողմ դնել եւ հնարավորություն տալ իրատեսական, լուրջ, ազդեցիկ քաղաքական ուժերին իրավիճակը շտկել` անկախ նրանից, սիրում են նրանց, թե չեն սիրում: Հիմա դրա ժամանակը չէ. ով իր ներքին քաղաքական ուժին չի սիրում, ստիպված է լինելու սիրելու այն թուրքին, որը արդեն Հայաստանի Հանրապետության անունը դրել է Արեւմտյան Ադրբեջան, ով ռուսին չի սիրում, ստիպված է լինելու սիրել թուրքին, որովհետեւ այլընտրանք չունի: Այստեղ խոսքը սիրել-չսիրելու մասին չէ, ուզում եք նախկիններին ատեք, սիրեք ռուսներին կամ հակառակը, քաղաքականությունն ունի իր կոշտ եւ շատ ռացիոնալ կաննոները: Եթե ուզում ես ապրել քո պետության մեջ խաղաղ, անվտանգ, հեռանկարներով` մեր իսկ երազների եւ մեր ապագայի պլանների հետ միասին, պարտավոր ես հաշվի առնել այն, ինչ կա: Իրականությունից փախնել չի կարելի:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԶԻՋԵԼ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
— Նիկոլ Փաշինյանի հակառուսական հարցազրույցը իտալական թերթին, ինչպես նաեւ վերջին օրերին գեներացվող հակառուսական տրամադրություններն ու քայլերը հուշում են, որ Արեւմուտքի համար այստեղ բոլոր հարցերը փակված են` Արցախի հարցը լուծվում է հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի իշխանության թեթեւ ձեռքով էլ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից: Ո՞վ է խանգարելու այս գործընթացին:
— Նիկոլին խանգարելու է հայ ժողովուրդը, որը չի ցանկանում հայրենազրկվել, նոր ցեղասպանության ենթարկվել եւ իր ապագան դարձնել թուրքերի եւ ադրբեջանցիների խնամակալության տակ գտնվող հարց: Այո՛, Արեւմուտքի համար Արցախյան խնդիրը կարեւոր չէ, թե ինչպես կլուծվի, միայն թե նավթն ու գազը բարեհաջող հասնեն տեղ, իրենք էլ Ռուսաստանին այստեղից դուրս հանեն: Մեր հայկական ընկալումների համար շատ անընդունելի ձեւով` Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հանձնել է ծերանոց: Եվրոպացիներն էլ ասում են` եթե դա է լուծումը, խնդիր չկա, թող Հայաստանը գնա ծերանոց, ադրբեջանցիները լինեն տարածքի տերը` Թուրքիայի վերահսկողության տակ, թուրքերն էլ լինեն պատասխանատու իրենց պանթուրանական ծրագրերով, կարեւորը` Ռուսաստանն այդտեղ չի լինի, եւ իրենք էլ կլինեն անգլոսաքսոնական քաղաքականության հովանու տակ: Այս պարագայում, բնականաբար, հայ ժողովուրդը ամբողջությամբ դառնալու է սփյուռք, որը կվերապրի նոր ցեղասպանություն եւ նոր տեղահանումներ: Սակայն այս ամենը տեսություն է` ըստ եվրոպացիների: Հիմա անդրադառնամ իրականությանն` ըստ հայերի. այդպես չի՛ լինելու, ապացույցը Սարդարապատի ճակատամարտն է: Այն, ինչ այսօր եվրոպացիներն ուզում են, կարող էր լինել 100 տարի առաջ, բայց տեղի չի ունեցել մի շատ կարեւոր պատճառով` Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում: Կարող է մեկ-երկու տարով բացակայել է, բայց երբեք չի զիջել: Այսօր էլ չի երեւում այդպիսի քաղաքականություն, որ ռուսները պատրաստվում են զիջել իրենց դիրքերը: Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է նստենք եւ սպասենք` մինչեւ ռուսներն ինչ-որ բան կանեն: Սա ամենամեծ սխալն է, մենք պարավոր ենք, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ մինչեւ վերջ պայքարել մեր իրավունքների համար: Եթե նախորդ դարասկզբին մենք չունեինք պետականություն եւ, այսպես ասած, ճանաչողություն ու հնարավորություններ մեզ տրված չէր, ապա այսօր, Փառք Աստծո, ինչպես սիրում են ասել, նախորդ 30 տարիների ընթացքում այնպիսի պետություն կառուցվեց, որ գոնե արտաքին քաղաքականության մեջ իր ունեցած ակտիվ դերակատարությամբ հավասարակշռել է բոլոր տիպի շահերը: Այսօր էլ հնարավոր է այն իրականացնել` դիվանագիտության միջոցով: Այնպես չէ, որ բոլորն Ադրբեջանի բարեկամներն են, պարզապես, բոլորն ուզում են նոր զարգացումների մեջ իրենց ազդեցության բաժինը մեծացնել, ամրապնդել իրենց դիրքը ու հնարավորությունները, մենք էլ մեր պետականության, այդ թվում Արցախի համար անվտանգային երկարատեւ երաշխիքներ ենք ուզում: Սակայն, այս ամենը հնարավոր է իրականացնել Նիկոլից հետո, նրա հետ հնարավոր չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ