«Հայաստանում եւ Երեւանում եվրառեմոնտ» իրականացնողը, որը մոլի հակառուս է, կարգախոսում ռուսերեն բառ է օգտագործում. Ավետիսյան
Ներքաղաքական
ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ, «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները որակապես տարբերվելու են մյուս ընտրություններից, որովհետեւ ժամանակաշրջանն ու ժամանակահատվածն այնպիսին են, որ չենք կարող դիտարկել որպես լոկ տեղական ինքնակառավարման ընտրություններ: Ըստ Ա. Ավետիսյանի` հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջադրված քաղաքական ուժերի հիմնական ուղերձներն ունեն քաղաքական բնույթ:
— Լայն արձագանք գտավ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի «Ասեք կանենք» կարգախոսը: Սա աշխատե՞ց, թեկուզ որպես սեւ «փիառ», թե՞ հարվածեց նրան:
— Նախ՝ արձանագրենք, որ քաղաքական ուժերից իշխող կուսակցությունը մեկ տարի շարունակ, ամեն օր իրականացրել է քարոզարշավ, եւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, պարբերաբար օգտագործելով վարչական լծակները, անհավասար պայմաններ է ստեղծել այսօր մրցակցության մեջ հայտնված մյուս քաղաքական ուժերի համար: Տիգրան Ավինյանն ընտրել է դասական քարոզարշավային տեխնոլոգիան, որն է` դեմառդեմ բակային հանդիպումները, որտեղ տրվում են հստակ ուղերձներ, թե՝ «մենք ձեր խնդիրները հավաքագրում ենք, որպեսզի հարցին լուծում տանք»: Ընտրված կարգախոսը հասարակության կողմից միանշանակորեն չընդունվեց, ավելին` խաղարկվեց, եւ նույնիսկ 18+ հումորային մեմեր սկսվեցին տարածվել, ինչպես նաեւ «ասեք՝ կանենք» կարգախոսը վերածվեց «ասում ենք՝ հեռացե՛ք» կարգախոսի եւ նմանատիպ տարաբնույթ բառամթերքներով արտահայտման ձեւերի: Տիգրան Ավինյանի «գազելի» բեմադրությունից հետո, մեկ այլ երկրում գուցե պատասխանատվության ենթարկեին թեկնածուին, որովհետեւ չունենալով համապատասխան վարորդական իրավունք, հրապարակայնորեն խախտելով օրենքը, տեղափոխում էր մարդկանց: Սա PR տեսանկյունից մակերեսային մտածված տեխնոլոգիա էր, որը կիրառվեց ուշադրություն հրավիրելու համար:
— Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն էլ ընտրություններին մասնակցում է` «Շարունակենք, որովհետեւ բոլորիս պետք է» կարգախոսով: Ի՞նչ կասեք նրա քարոզարշավի մասին:
— Հայկ Մարությանի կարգախոսը երկար է, որը դժվար է հիշել: Բայց Երեւանի ավագունու թեկնածուների ֆավորիտը լինելու է Հայկ Մարությանը, մի քանի պատճառներով, նախ՝ հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանած մարդը հայտնվել է մոխրագույնների վանդակում. նախկին չէ, ներկաներին էլ քննադատում է: Մարդկանց որոշ հատվածը, որ ընտրել է ՔՊ եւ հիասթափվել, ընտրելու է Հայկ Մարությանին: Վերջինս խաղարկային, հումորիկ քարոզարշավ է իրականացնում, շատ նման է Ուկրաինայի նախագահ Զելենսկու քարոզարշավին՝ չնայած այնտեղ ծախսված գումարն այստեղի հետ չես համեմատի: Բայց մի սերնդի համար նա շարունակում է մնալ սիրված կերպար, ինչը վկայում է նաեւ քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո արձանագրած հաջողությունները բեմում: Նրա «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը PR տեսանկյունից լավ մտածված տեխնոլոգիա է, որի ուղերձները համապատասխան PR գործիքներով տեւական ժամանակ է ակտիվորեն տարածվում են՝ թիրախավորելով տարբեր լսարաններ:
— «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանն էլ երեւանցիներին կոչ է անում՝ «Փոխենք ապագան»: Որքանո՞վ է նրան հաջողվում արդյունավետ քարոզարշավ իրականացնել:
— Մանե Թանդիլյանը եւս երկարաժամկետ աշխատանք իրականացրած թեկնածուներից է, այս քաղաքական ուժն ավելի վաղ էր որոշել իր թեկնածուին եւ հաստատակամ քայլերով առաջ է գնում: Կարգախոսը համահունչ է քաղաքական ուժի եւ հատկապես Ռուբեն Վարդանյանի վարած քաղաքականությանը՝ ապագայի շեշտադրումներով: Քաղաքական ուժի լոգոն գրագետ է արված, գույները համահունչ են եւ ազդեցիկ, ուղերձները հստակ են, քաղաքապետի թեկնածուն հավասակշիռ է: Նոր տեխնոլոգիան, որ կիրառվեց, այն էր, որ «Տիկին նախարար» գեղարվեստական ֆիլմում տրվեցին ասոցիացիաներ, որոնք ուղիղ կապ ունեին Մանե Թանդիլյանի քարոզարշավային թեզերի հետ:
— «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն էլ երգում է` ռոքային դմփ-դմփ-հու ելեւէջներով: Այս կերպ կհաջողվի՞ գրավել երեւանցիների ձայները:
— Այն խորհրդանշանը, որն ընտրել է այս դաշինքը, համահունչ է օրվա օրակարգին: Քարոզարշավն ավելի իմիջային է՝ Անդրանիկ Թեւանյանին շատերը բացահայտում են մեկ այլ դիտանկյունից՝ երգում է, նվագում է, սպորտով է զբաղվում.... Ցուցակում ընդգրկված են հեղինակավոր մարդիկ, որոնք եւս լսարան ունեն: Ռոբերտ Քոչարյանը եւ «Հայաստան» դաշինքը հայտարարեցին, որ աջակցելու են վերջինս, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր հատվածի ձայների մի մասը կստանա հենց այս դաշինքը:
— Անդրադառնանք նաեւ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերին, որո՞նց կառանձնացնեք` իրենց իրականացրած քարոզարշավով:
— Արտակ Զեյնալյանի քարոզարշավը եւս իմիջային է, շեշտադրվում է քաղաքապետի թեկնածուի անցած ճանապարհը, համեստությունը, զսպվածությունը, հարցերի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը, բայց քանի որ քաղաքական ուժն աջակցում է ներկա իշխանություններին, ազդեցությունը չեզոքանում է: Մյուս քաղաքական ուժերի պարագայում ժամանակն այնքան կարճ է, որ դժվար կլինի դիրքավորվել եւ հասանելի դարձնել ուղերձները: Ցավոք, շատերը միայն ընտրական գործընթացներում են հիշում, որ պետք է հաղորդակցվել հասարակության հետ: Քարոզարշավային օրերին դժվար է այդքան շատ տեղեկատվական հոսքերից եւ քարոզարշավային հոլովակներից ընտրել, թե ում ձայն տալ: Մարդիկ ընտրելու են նրանց, ում ճանաչում են: Ընդհանուրի մեջ, եթե դիտարկենք, որեւէ կարգախոս չկա, որ առավել ազդեցիկ լինի, հաճախ կրկնություններ են, արդեն օգտագործված, մի փոքր ձեւափոխված, չնույնականացված: Կարգախոսներից մեկն ամենաանսովորն է՝ «Հայաստանում եւ Երեւանում եվրառեմոնտ» իրականացնողը, որը մոլի հակառուս է, կարգախոսում ռուսերեն բառ է օգտագործում (նկատի ունի Տիգրան Խզմալյանին, -հեղինակ):
— Քաղաքական դաշտում ամեն ինչ տեսած երեւանցուն բավական դժվար է զարմացնել կամ տպավորել քարոզարշավով: Ի՞նչ է պակասում թեկնածուներին` ավելի գրագետ ընտրողներին ներկայանալու համար:
— Բոլոր քաղաքական ուժերի մոտ էլ նկատելի է հապշտապություն, հաղորդակցային մոդելների ոչ խորքային վերլուծություն, օգտագործված տեխնոլոգիաների ոչ ամբողջական մշակում: Դասական քարոզարաշավային հետազոտություններն էլ տեսանելի չեն, որոնց արդյունքում հեռանկարային ռազմավարական քաղաքականություն կվարվի: Կարճաժամկետ ծրագրերը կարճաժամկետ արդյունք են տալիս եւ մոռացվում են: Եվ մի հստակ ցուցիչ էլ կա, ով ինչքան փող եւ ռեսուրս է օգտագործում, այդքան էլ քվե ստանում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ