Արցախը պետք է լինի հայկական, այլապես ի՞նչ երեսով հանդիպեմ ընկերներիս էն աշխարհում. ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է երգահան, հեղինակ-կատարող ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
«ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՏ ԵՐԵՎՈՒՅԹԻ ԴԵՄ»
— «Հայ մտավորականների միություն» ստեղծելու նախաձեռնությամբ եք հանդես եկել: Որքանո՞վ է այն իրատեսական:
— Նախ հասկանանք՝ ինչ ասել է մտավորական: Ըստ իս, ինչպես եւ բառի բովանդակությունն է բնութագրում, մտավորականը՝ իմացիալ, ուսումնասեր, ուսյալ՝ մտավոր նվաճումների հասած մեկն է, ով իր գիտելիքներն ու շնորհները ծառայեցնելով համընդհանուրին, արժանանալով «հանրային հեղինակություն» կոչվելու բարձր պատվին, ապրում եւ ստեղծագործում է ի նպաստ համընդհանուրի: Ասել է թե՝ նման մարդիկ հանրային կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն, ուրեմն եւ՝ պարտավորություններ, որոնց դիմաց լուրջ պատասխանատվություն են կրում... Այսպիսով, եթե ասում ենք մտավորական, պետք է արձանագրենք, որ այդ բարձր պատվին արժանացած անձն իր բնութագրով ու տեսակով չի կարող եւ, պարզապես, իրավունք չունի անմասն մնալ հանրային կյանքում տեղի ունեցող թե՛ դրական եւ թե՛ բացասական երեւույթների հանդեպ: Հիմա, ի պատասխան Ձեր հարցի՝ հարցով հավելեմ՝ մեզանում չկա՞ն նման մարդիկ: Վստահաբար կասեմ՝ կան: Պարզապես նրանցից շատերն անտեսված ու անուշադրության են մատնված եւ չունեն ակտիվ գործունեությամբ զբաղվելու «անհրաժեշտ պայմաններ»: Նպատակս՝ նման մտավորականների համախմբումն ու միասնական գործելու գաղափարն է, եւ՝ այո՛, ես այն միանգամայն իրատեսական եմ համարում:
— Քաղաքական խնդիրներ քննարկվելո՞ւ են միությունում:
— Պայքարելու ենք ցանկացած վատ երեւույթի դեմ՝ այդ թվում նաեւ՝ քաղաքական ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հարցերում: Քննադատելու ենք, բայց եւ լուծումներ ենք առաջարկելու:
— Միգուցե այդ ամենի ստվերում որեւէ քաղաքական թի՞մ է կանգնած:
— Եթե նկատի ունեք ինձ, ապա ես երբեք որեւէ քաղաքական ուժի չեմ հարել ու չեմ պատրաստվում: Նկատի ունեք՝ միությա՞ն գործունեությունը… Անհնար է, մտավորականի կոչումից ենք խոսում, ի՞նչ նման բան կարող է լինել... Մենք բաց ենք բոլորի առջեւ: Միությանը կարող են անդամագրվել ոչ միայն վերը նշածս շնորհներով ու նվաճումներով օժտված մարդիկ, այլ ցանկացած քաղաքացի, ով մտահոգ է մեր երկրի ապագայով: Մեր կարեւորագույն խնդիրներից են լինելու ազգային ավանդույթների պահպանությունը, որակյալն ու բարձրարժեքը, ազգային մշակույթը՝ արվեստը, երաժշտությունը, նկարչությունը... Մենք առաջնորդվելու ենք տաղանդաշատ ու շնորհալի նոր անուններ հայտնաբերելու նպատակամղվածություններով, նրանց համար գործունեության հարթակներ ստեղծելու ծրագրերով եւ շատ ու շատ այլ գաղափարներով: Մեր ապագա սերունդներն իրավունք չունեն հեռանալ իրենց իսկ ազգային ավանդույթներից՝ որակներից ու ձեռքբերումներից, այլապես կկորցնենք մեր ազգային դիմագիծը:
«ՍՏՎԱՐ ՄԻ ՀԱՏՎԱԾ «ԱԽՊԵՐԱԼԵԶՎԻ» ՎԱՐԺ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԿԱՐԳԻՆ ՏՂԱ» Է ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ»
— Ազգային դիմագիծ ասելով՝ կոնկրետ ո՞ր երեւույթն ի նկատի ունեք:
— Սկսած պարզ փոխհարաբերություններից՝ մինչ բարձրագույն արժեքներ, բնութագրում են տվյալ ժողովրդի տեսակը, մշակույթը, դիմագիծը: Օրինակներից պարզագույնը. ավանդաբար՝ մենք միշտ հարգանք ենք տածել ավագ սերնդի նկատմամբ, արժեւորել ենք նրանց խոսքը, փորձը, խորհուրդները... Այսօր դա կա՛մ չկա մեզանում, կա՛մ անչափ ցածր մակարդակի վրա է: Ըստ իս, երիտասարդները չեն ստացել այն դաստիարակությունը, որ պետք է ստանային ընտանեկան միջավայրում: Խորհրդային տարիներին դաստիարակությունը սկսվում էր յուրաքանչյուր ընտանիքից. արժեքների փոխանցում, արժեհամակարգերի սերմանում, ավանդույթներ, սահմանումներ եւ այլն: Այսօր դուրս ես գալիս փողոց, եւ անմիջապես աչքի է զարնվում այդ ամենի կա՛մ պակաս, կա՛մ խիստ ցածր որակներում գտնվելու իրողությունը: Ամենուրեք «տղայական բառապաշարով» բառեր ես լսում, մոդայիկ դարձած՝ «ախպերալեզվի» ինչ–որ դրսեւորումներ, ուր համատարած տպավորություն է, թե մեր երիտասարդության ստվար մի հատված նշված լեզվի վարժ տիրապետման արդյունքում է, որ իրենց «կարգին տղա» են համարում: Ասել կուզեմ, որ իբր՝ որքան վարժ են խոսում այդ լեզվով, նույնքան եւ «կարգին տղաներ» են: Ցավալին այն է, որ այս երեւույթը մի տեսակ թույլատրելի ու սովորական է դարձել: Այդպես միմյանց հետ շփվում են՝ դպրոցական եւ ուսանող, ծնող ու զավակ, մեծահասակ ու երիտասարդ... Նման խոսելաձեւը նույնիսկ աշխատանքային միջավայրում է պահանջված, այդ թվում եւ ղեկավար–ենթակա հարաբերություններում: Համատարած մեծամտություն կա... Ժամանակակից երիտասարդությունը, կարծես, ավագ սերնդի ո՛չ փորձի, ո՛չ գիտելիքների, ո՛չ էլ խորհուրդների կարիքն ունենալ չի էլ ցանկանում: Մինչդեռ, չէ՞ որ դրանք հարգանքի հասարակ նորմեր են, գնահատելու եւ արժեւորելու հասարակ պահանջներ: Եվ կրկին, ցավալի է, բայց այս իրողությունը ցայտուն կերպով ընդգծված է երիտասարդության լայն շրջանակներում: Արդյունքում՝ մենք մեր ազգային դիմագիծը կորցնելու վտանգի առջեւ ենք կանգնած, որովհետեւ նման անթույլատրելի ազդեցությունները, առանձին–առանձին, սակայն, ի վերջո, հանգեցնելու են հանրային սահմանումների եւ ավանդույթների անտեսմանն ու արհամարհանքին, մինչդեռ մեզ ավանդաբար բոլորովին այլ մշակույթ է փոխանցվել...
— Խոսեցիք ավանդույթներից, ազգային արժեքներից, ի՞նչ կասեք այն մասին, որ այսօր ավանդաբար մեզ փոխանցված ժողովրդական, գուսանական երգերը ներկայացնում են նորովի՝ ռեմիքս տարբերակով:
— Այսօր, չգիտես ինչու, վերցնում են մեր ժողովրդական, գուսանական երգերից շատերն ու երաժշտական ժամանակակից կոչվող ձեւավորումներով որպես «ռեմիքս» տարբերակներ են ներկայացնում: Այսինքն՝ գործիքակազմը փոխելով՝ դարձնում են ժամանակակից ոճի երգեր: Ոմանք ասում են, իբր, ասենք՝ Սայաթ–Նովայի այսինչ երգին երաժշտական ժամանակակից լուծումներ են հաղորդել, որովհետեւ հիմա ճաշակները փոխվել են, իսկ իրենք, արի ու տես, մեր ազգային մշակույթը պահպանելու «ռահվիրաներ» են...
— Այսինքն՝ դուք դե՞մ եք ռեմիքս տարբերակներին:
— Ես դեմ չեմ, բայց երգեր կան, որոնք որեւէ մեկն իրավունք չունի ձեւափոխել: Դրանք ո՛չ իմն են, ո՛չ մյուսինը, ո՛չ էլ երրորդինը: Դրանք ամբողջ մի ժողովուրդ ներկայացնող մշակութային արժեքներ են: Վերցնել նրանց ստեղծագործությունները, ձեւափոխել՝ դարձնել սեփական ցանկությունների ու ճաշակների հաճո՞... Ո՞ր իրավունքով: Մանավանդ, որ շատ երգերի բառերի բովանդակություններն ու երաժշտական ձեւավորումները, դրանց ռիթմիկ լուծումները, որեւէ աղերս չունեն երգի բովանդակային կառուցվածքների հետ: Ո՞նց կարելի է թախիծ, հուզականություն իր մեջ պարունակող երգը վերցնել ռիթմիկ ելեւէջների տակ ներկայացնել: Երգեր կան, որ միմիայն ժող. գործիքների նվագակցությամբ պետք է ներկայացվեն: Արտերկրում բարձր են արժեւորում մեր մշակույթն ու արվեստը, իսկ մենք, չգիտես ինչու, փորձում ենք այն համապատասխանեցնել օտարների մշակութային ճաշակներին:
«ԵՍ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ԱՉՔԵՐՈՎ»
— Գուցե դրանով փորձում են ընդունելի ոճով ներկայանալ, որպեսզի լսարա՞ն ունենան:
— Գիտե՞ք, մի դրվագ հիշեցի իմ կյանքից. երկարատեւ ընդմիջումից հետո՝ 90–ականների վերջերին որոշեցի կրկին վերադառնալ եւ արդեն իսկ 1998 թվականի հունվարի 9–ին գրված «Ծաղիկներ» երգս կիթառի հնչյունների ներքո ներկայացրի մի քանի ընկերներիս դատին, որպեսզի նրանցից կարծիքներ լսեմ: Ի վերջո, երկար ընդմիջում էր տեղի ունեցել, իսկ հայկական «շոու–բիզնեսը» նոր–նոր էր հայկական իրականություն մուտք գործում: Հասկանալ էր պետք՝ արդյո՞ք իմ՝ ոչ–դխկըլը–դմբըլային երգը կգտնի իր լսարանը, թե՞ ոչ: Ընկերներիցս շատերն ասացին՝ հոյակապ երգ է, բայց օրվա պահանջներում դժվար թե ընդունելի լինի, եւ, բացի այդ, իբր երգը կոմերցիոն դառնալու հավակնություններ չունի... Մի խոսք ասացի՝ լավ հիշեք, հենց այս ոճն ու նման կատարումներով երգերն ինձ հաջողություններ կբերեն: Սկզբում թերահավատորեն վերաբերվեցին, բայց հետո բոլորը միաբերան խոստովանեցին, որ սխալվել են: Երգերիցս շատերը, այդ թվում՝ «Ծաղիկները», «Սյուզին», «Կապույտ կապուտակը», չնայած շոուբիզնեսյան դխկլ-դմբլներին՝ կոմերցիոն դարձան: Իմ երգերը այսօր էլ պահանջված են, եւ տարբեր միջոցառումների շրջանակներում հրավիրվում եմ ելույթների: Ասել կուզեմ, որ նրանք, ովքեր կարծում են, թե ժամանակակից այս կամ այլ երաժշտական լուծումներով, ժողովրդի կողմից սիրված երգերի աղավաղումներով ու «աստղ–աստղ» խաղալով, հավակնելու են փառքերի, եւ այդ շոուբիզնեսային փառքերն ամրապնդելու են նրանց անունները հայ երգարվեստի էջերում, ցավում եմ, բայց...
— Հետագայում կլինե՞ն նոր երգեր:
— Ունեմ շատ ծրագրեր: Ես բեմահարթակի մարդ եմ, եւ իմ ամենամեծ ցանկությունն ու երազանքը մնում է բեմահարթակը, իմ երգերն ու իմ հանդիսատեսը:
— Անդրադառնանք նաեւ ստեղծված իրավիճակին. Արցախն այսօր դժվար օրեր է ապրում: Որպես մտավորական, երգարվեստի ներկայացուցիչ՝ ի՞նչ կասեք այդ մասին:
— Ես արցախյան խնդրին նայում եմ 1988 թվականի շարժման աչքերով: Եղել եմ այդ շարժման ակտիվիստներից: Իմ ընկերներից շատերը մասնակցել են ազատագրական պայքարին: Նրանցից ոմանք, ցավոք, զոհվեցին, նրանք ազգային հերոսներ են: Ես երազում եմ, որպեսզի Արցախը լինի անկախ: Եվ մնացել եմ իմ սկզբունքներին հավատարիմ: Արցախը պետք է լինի հայկական: Այլապես ի՞նչ երեսով հանդիպեմ ընկերներիս էն աշխարհում... Բավակա՛ն է էսկողմ–էնկողմ վազ տանք, թե՝ աշխա՛րհ, հասի՛ր՝ փրկի՛ր մեզ: Մեր հույսը մենք մեզ վրա պետք է դնենք, եւ՝ միմիայն: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր հույսը մեզ վրա դրեցինք՝ հաղթեցինք: Այսօր էլ նույնկերպ պետք է գործենք: Անթույլատրելի է մարդկանց մեջ վախ ու անզորություն սերմանել՝ իբր թույլ ենք ու անզոր, պարտվել ենք՝ պարտավոր ենք եւ այլն: Ոգեշնչվել, համախմբվել ու պայքարել է պետք: Ես վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջեւում են...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ