Արցախյան ծանր գիշերվա «արդյունքն» ու անորոշությունը. ինչ ասաց եւ ինչ արեց Արայիկը
Ներքաղաքական
Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդաշատ էր: «Իրավունքի» տեղեկություններով՝ մարդիկ բավականին լարված իրավիճակում մոտ հինգ-վեց ժամ սպասել էին որեւէ հայտարարության կամ որոշման, որը պետք է կայացվեր Ազգային ժողովում հրավիրված հրատապ նիստում: Ընդ որում՝ նիստին մասնակցել էին ոչ միայն նախագահ Արայիկ Հարությունյանն, այլեւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
Մինչ հրապարակում կրքերը թեժանում էին ու հանդարտվում՝ վերջապես Արայիկ Հարությունյանը դուրս էր եկել հրապարակ եւ պատասխանել ներկաների հարցերին: Ավելի ճիշտ՝ փորձել էր պատասխանել, որովհետեւ շատ հարցեր այդպես էլ մնացել էին անպատասխան: Հրապարակում հավաքվածները գտնվում էին հուզական վիճակում, ոչ պակաս այլայլված էր նաեւ հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որին անընդհատ ընդհատում էին՝ սուլոցներով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ մի քանի օրից հացի ավելի մեծ խնդիր են ունենալու, հետեւապես ամեն ինչ պետք է անել, որ ճանապարհը բացվի։ Եվ այս ամենն Ա. Հարությունյանը մատուցել էր այնպես սրտաճմլիկ, կարծես, հեծանիվ է հորինում, եւ որեւէ մեկը տեղյակ չէր մինչ այդ՝ հումանիտար աղետի մասին: Նա նաեւ շեշտել էր, որ ինտեգրման տարբերակն անընդունելի է համարում, Աղդամի (Ակնա) ճանապարհից օգտվելը՝ եւս: Միայն ընդունելի է համարել Բերձորի միջանցքի բացման տարբերակը, ինչի համար պատրաստ է բանակցել անգամ, որ երկու ժամով բացվի: Հատկանշական է, որ այդպես էլ չէր հստակեցրել, թե ում հետ է պատրաստվում բանակցել, Ադրբեջանի՞: Այս հայտարարությունը եւս սվիններով էր ընդունվել ներկաների կողմից: Արցախցիները մտահոգություն էին հայտնել, որ սա կարող է նախադրյալ դառնալ Արցախի հայաթափման:
Ինչ վերաբերում է գերության մեջ հայտնված երեք երիտասարդներին, Ա. Հարությունյանը խոստացել էր, որ առավոտյան կհանդիպի նրանց ծնողների հետ՝ չբացելով փակագծերը, թե ինչ է ասելու: Ըստ էության, նա փափուկ բարձր էր պատրաստվում դնել նրանց գլխի տակ, որ, միեւնույն է, Ադրբեջանը տղաներին արտահանձնելու է Հայաստանին:
Ի դեպ, մի կին հարց էր բարձրացրել, թե միջանցքն ինչո՞վ է փոխել, արցախցիներին բոլորի՞ն է վաճառել... Մեկ ուրիշը հետաքրքրվել էր, թե ինչու՞մն է «դավաճան Նիկոլի ու իր տարբերությունը…»: Այս հարցերին պատասխանելու փոխարեն՝ Արայիկ Հարությունյանը նախընտրել էր դրանք լռությամբ կուլ տալ: Այսպիսով՝ հմտորեն իր հրաժարականի հարցն էլ էր հետաձգվել: Այս առումով նա նշել էր, թե վաղն ու մյուս օրն ավելի փոքր շրջանակով ժողով կանեն ու կքննարկեն: Եթե պետք լինի, պատրաստ է հրաժարական տալ: Վերջին հայտարարությանը թերեւս անգամ այդ լարված իրավիճակում արցախցիները հեգնանքով էին վերաբերվել:
Ինչեւէ, ժամերով սպասված որոշման փոխարեն՝ արցախցիները հեռացել էին հրապարակից անորոշության մեջ: Իսկ Արայիկ Հարությունյանն իրեն չէր կորցրել ու նույնիսկ հիմա վարվել էր նիկոլաբար՝ հայտարարելով, թե բոլոր որոշումները «ժողովուրդ ջան, միասին ենք կայացնելու»: Մի քանի անգամ էլ կրկնել էր, որ միանձնյա որոշումներ չի կայացնելու: Նկատենք, որ 24 ժամ էլ չանցած՝ Արայիկ Հարությունյանն արեց տրամագծորեն հակառակը. ադրբեջանական բեռնատարները Ակնայով փորձում են մտնել Ստեփանակերտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ