Բառիս բուն իմաստով՝ արյուն ու քրտինք ենք թափել հաջողության հասնելու համար. Վարդանյան եղբայրները՝ Երեւանում
ՄշակութայինՈւժային ակրոբատներ ԳԵՎՈՐԳ եւ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ, որոնք առավել հայտնի դարձան 2017 թվականին Ռուսաստանում կայացած «Минута славы» նախագծում հաղթելուց հետո, Երեւանում են: Աշխարհի բազմաթիվ երկրների մեծ բեմերում հանդես եկած եղբայրները կրկեսային մեծ շոու-ծրագրով առաջին անգամ կներկայանան հայաստանյան հանդիսատեսի առաջ՝ սեպտեմբերի 2-ին եւ 3-ին՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Վարդանյան եղբայրների հետ:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՈՐԱԿԻ ՇՈՈՒՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ, ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԼՐԱՑՆԵԼ ԲԱՑԸ»
- Նախ անդրադառնանք օրեր անց տեղի ունենալիք մեծ շոու-ծրագրին: Փաստորեն, Երեւանում զրոյից կրկե՞ս եք ստեղծել:
Անդրանիկ – Մեծ հաճույքով կուզենայինք ստացիոնար շենքում իրականացնել մեր շոու-ծրագիրը, բայց այդ հնարավորությունն այս պահին չկա Հայաստանում: Դրա համար եղբորս հետ որոշում կայացրեցինք ձեռք բերել շրջիկ կրկես: Իսկզբանե շատ անհարմար պայմաններ էին, բայց ամեն հարմարություն ստեղծում ենք, որպեսզի մարդիկ մտնեն կրկես եւ իրենց մաքսիմալ կոնֆորտ պայմաններում զգան եւ նույնիսկ մոռանան, որ իրենք շրջիկ կրկեսում են: Անգամ Ռուսաստանից ՈՒԵՖԱ-յի խորհրդով՝ աթոռներ ենք պատվիրել: Եվ ամենակարեւորը՝ բերել ենք Հայաստան շատ հզոր շոու, որտեղ իր ժանրում ամեն արտիստ աշխարհով մեկ շրջագայել է եւ մեծ բեմահարթակներում է հանդես եկել:
- Շոու-ծրագրի մասնակից արտսիտները բոլորը դրսի՞ց են, թե՞ նաեւ հայաստանյան արտիստներ եք ներգրավել:
Անդրանիկ - Մեր բոլոր արտիստներն ԱՊՀ երկրներից են, Հայաստանից միայն մենք ենք, եթե կարելի է այդպես ասել, որովհետեւ չենք բնակվում այստեղ, այլ միայն արմատներով ենք հայաստանցի:
- Ամեն ինչ ավարտվելու է սեպտեմբերի 3-ի՞ն, թե՞ շրջիկ կրկեսը Երեւանում կլինի պարբերաբար:
Գեւորգ - Շարունակական է լինելու՝ կախված նրանից, թե որքանով մեզ կհաջողվի գրավել Հայաստանի հանդիսատեսի սրտերը: Կարծում եմ՝ այն կունենա մեծ հաջողություն, որովհետեւ նման շոու-ծրագիր Հայաստանում դեռ չի եղել: Իրականում մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, բայց այս պահին որոշում ենք կայացրել Հայաստանում մեծ շոու կազմակերպել, որովհետեւ շատ ենք հետեւել ու տեսել, որ Հայաստանում, ցավոք, լավ որակի շոուներ չեն եղել: Մենք փորձում ենք լրացնել այդ բացը: Ծրագրում լինելու են խմբակային ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար եւ, իհարկե, մենք՝ Վարդանյան եղբայրներս: Ուզում ենք հայ հանդիսատեսը տեսնի, որ ունենք լավ հայ արտիստներ, որոնք կարող են ստեղծել լավ շոու եւ բարձրացնել Հայաստանի մակարդակը նաեւ կրկեսային ասպարեզում:
- Ձեզ հաջողվել է ոչ միայն համաշխարհային բեմերում գրավել հանդիսատեսի սրտերը, այլեւ ինչ-որ առումով սրտեր «վատացնել»՝ թրերի գործադրմամբ՝ համարձակ հնարքներով: Հանդիսատեսին սրտի կաթիլներ պետք կգա՞ն, թե՞ զուտ ավելացնելու եք հայ ժողովրդի ադրենալինի պակասը:
Անդրանիկ – (ծիծաղում է….) Հայաստանում այդպիսի մեկին չեմ ճանաչում, որի հետ խոսել եմ ու մեր այդ հնարքը չի տեսել էկրաններից: Մարդիկ կան, որ մեր ազգանունը չգիտեն, միայն գիտեն, որ հայ ենք ու միակն ենք աշխարհում, որ նման համար ենք ցուցադրում: Սա մեզ համար շատ հաճելի է եւ ցանկացանք, որ մեր հայրենակիցներն իրենց աչքերով տեսնեն մեր, այսպես ասած, կենդանի ելույթը: Մեր շոու-ծրագիրը նույնքան հետաքրքիր է ե՛ւ երեխաների համար, ե՛ւ հասուն մարդկանց, որոնք վստահ եմ՝ մեծ հաճույք կստանան: Իհարկե, առաջնահերթ շոուն հենց երեխաների համար է, որովհետեւ բոլորս էլ հիշում ենք, որ մանկության տարիներին կրկես այցելելը շատ վառ տոն էր ամենքիս համար: Ինքս հիշում եմ, թե ինչքան էի ուրախանում, երբ գնում էինք կրկես, իսկ երբ վերադառնում էինք տուն, պարապում էինք, ուզում էինք մենք էլ դառնայինք արտիստ:
«ԾՆՈՂՆԵՐՍ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՀԵՐԻ՛Ք Է ԷԼԻ, Է՞Ս ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ»
- Մեկ այլ երկրում գուցե Ձեզ ամեն ինչ պատրաստի տրամադրվեր՝ միայն թե ելույթ ունենայիք իրենց հանդիսատեսի համար: Բայց Դուք այսքան մեծ աշխատանք իրականացրեցիք, որ հենց Երեւանում հանդես գաք շոու-ծրագրով: Այսքանից հետո՝ ի՞նչ եք ակնկալում Հայրենիքից:
Անդրանիկ – Մենք ամբողջ աշխարհով մեկ հանդես ենք եկել ելույթներով եւ, ճիշտն ասած, երեւի, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ներկայացում չենք ունեցել: Դրա համար այս պահին որոշեցինք հանդես գալ հենց այստեղ: Միայն ակնկալում ենք, որ, Հայաստանում, իրոք, կրկեսը կարող է ժամանակի ընթացքում շատ լուրջ եւ պրոֆեսիոնալ մակարդակի հասնել: Առաջ Աստված, շատ կուզենայինք մեր դպրոցը բացել այստեղ, եւ մեր գիտելիքները փոխանցել մեր հայրենակիցներին: Մեր հայրենակիցներից շատերը մեզ ճանաչում են միայն մի ժանրում, մինչդեռ տարբեր ժանրերում մենք մասնագետ ենք եւ ինքնուրույն ստեղծել ենք գիտելիքներ, որոնք շատ կուզենայինք փոխանցել սերունդներին: Ինձ թվում է՝ երբ մարդիկ տեսնեն, որ կրկիեսային շոուն կարող է լինել այսպիսի մակարդակի, կարող է, ինչու ոչ, իրենց երեխաներին որոշեն ուսման տալ այս գծով: Չէ որ շատ հետաքրքիր կյանք ունի արտիստը:
- Իսկ սեփական երեխաներին կհորդորե՞ք գնալ Ձեր ճանապարհով:
Գեւորգ – Մենք երբեք մեր կամքը չենք թելադրում մյուսներին, բայց իմ երեխաները ցանկություն ունեն զբաղվել կրկեսային արվեստով: Իհարկե, հասկանում եմ, որ կա մանկական մի հասակ, որը կանցնի, նախասիրությունները գուցե փոխվեն: Այնպես որ, հասուն տարիքում թող իրենք որոշեն:
Անդրանիկ – Կրկեսում հայտնի խոսք կա՝ опилочные дети: Այն երեխաները, որոնք մեծանում են կրկեսում, կապվում են այդ արվեստի հետ: Բայց շատ ժամանակ, ուղղակի, երեխաները տեսնում են լավ շոու-ծրագիր եւ ցանկություն հայտնում, որ դառնան կրկեսային արտիստ: Լինում է չէ, որ երեխան երկրպագում է մի երգչի, հետո ցանկություն է առաջանում իր մոտ դառնալ երգիչ: Նույն սխեման նաեւ կրկեսում է գործում:
- Կբացե՞ք փակագծերը, բավականին վտանգավոր համարներ պատրաստելիս, վախեր չե՞ք ունենում՝ անհանգստանալով, եթե ոչ սեփական անձի համար, այլ հարազատ եղբորը հանկարծ չվնասելու համար:
Գեւորգ - Բոլոր վախերը հաղթահարել ենք ու նոր սկսել ենք զբաղվել այն ամենով, ինչով զբաղվում ենք: Իրականում վախենալու բան չկա, որովհետեւ լավագույնս պատրաստված ենք:
- Հասնել նման պատրաստվածության շա՞տ տրավմաների գնով է հաջողվել:
Անդրանիկ - Իհարկե, մեր ժանրում անհնար է առանց տրամվաների, որովհետեւ դու ամեն անգամ քո մարմինը մեծ ծանրաբեռնվածության տակ ես դնում: Եղել է ժամանակ, երբ Գեւորգն անգամ ուսն է վնասել եւ մոտավորապես վեց ամիս վերականգնման փուլ է անցել: Շատ դժվար ժամանակ էր, անգամ ձեռքը չէր կարողանում բարձրացնել, բայց մենք այդ ամենը միշտ հաղթահարում ենք, որովհետեւ մեծ կամք ունենք եւ շատ մեծ նպատակներ:
- Դուք չորս տարեկանից զբաղվում եք կրկեսային արվեստով: Հետաքրքիր է՝ Ձեր ծնողներն արդեն հանգի՞ստ են հետեւում հերթական նոր հնարքներին կամ ելույթներին:
Գեւորգ – Ճիշտն ասած, ծնողներս ամեն անգամ ասում են՝ հերի՛ք է էլի, մի հատ թեթեւ բան արեք, է՞ս ինչ եք անում:
Անդրանիկ - Ինձ թվում է ՝ իրենք ամեն անգամ սթրեսի են ենթարկվում, որովհետեւ հասկանում են, թե ինչքան բարդ է այդ ամենը ստացվել: Չէ որ քո կյանքում իրենք ներկա են եղել եւ գիտեն, որ, օրինակ, հնարք ունենք, որի համար չորս տարի պատրաստվել ենք, որպեսզի կարողանանք ներկայացնել բեմում: Նրանք թերեւս ամենալավը գիտեն, թե որքան բառիս բուն իմաստով՝ արյուն եւ քրտինք ենք թափել՝ հաջողության հասնելու համար:
«ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆՈՐ ՀՆԱՐՔՆԵՐՈՎ ԶԱՐՄԱՑՆԵԼ ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»
- Եթե վերջապես Երեւանի կրկեսը բացվի, պատրա՞ստ եք համագործակցել, ձեր փորձով կիսվել:
Գեւորգ - Իհարկե, մենք դեմ չենք լինի ոչ մի կերպ, որովհետեւ մեզ դա շատ հետաքրքիր կլինի: Շատ կուզենայինք, որ Հայաստանում ստացիոնար կրկեսում մասնակցություն եւ մեր ներդրումն ունենայիք:
Անդրանիկ – Ի դեպ, չգիտեմ՝ ինչքանով է պաշտոնական, բայց արդեն ստացել ենք հրավեր: Սա մեզ հետաքրքիր է, որովհետեւ Հայրենիքում նորակառույց կրկեսում հանդես գալը շատ մեծ պատիվ կլինի մեզ համար: Իհարկե, նաեւ հասկանալի է, որ կրկեսը այնպիսի արվեստ է, որտեղ հնարավոր չէ տարիներով նույն տեղում մնալ: Մեր կյանքը միշտ շրջիկ է: Թատրոնի դերասանը կարող է ամեն անգամ մնալ նույն տեղում, ներգրավել տարբեր բեմադրություններում, իսկ կրկեսի արտիստին պետք է մոտավորապես 4-6 տարի, որ նորմալ, որակյալ շոու պատրաստի եւ ներկայացումով հանդես գա: Այդ պատճառով դու չես կարող միշտ լինել Հայաստանում: Բայց մենք շոու-ծրագրեր կազմակերպելու փորձ ունենք, գիտենք, թե ինչ որակի արտիստներ են պետք եւ ամենակարեւորը՝ կարող ենք ամեն անգամ նոր հնարքներով զարմացնել մեր հանդիսատեսին:
- Հաճախ չեք լինում Հայաստանում, առհասարակ՝ ինչպե՞ս կգնահատեք այն իրողությունը, որը կա այսօր այստեղ:
Անդրանիկ - Եթե չխոսենք քաղաքականությունից, ինձ թվում է՝ շատ փոփոխություններ կան: Հայաստանը զարգանում է եւ հուսով եմ՝ կանգ չի առնի եւ, իսկապես, կգնա առաջ:
- Ձեր, այսպես ասած, «минута славы»-ին արդեն տարիներ է չի մարում: Սա այն վերջնակե՞տն էր, որին ցանկանում էիք հասնել, թե՞ կան մրցութային նոր ծրագրեր:
Անդրանիկ – Շատերը, երեւի, չգիտեն, բայց մենք մասնակցել ենք նաեւ բրիտանական, իտալական, գերմանական, իսպանական տաղանդների մրցույթներին եւս, որոնք աշխարհում շատ ավելի մեծ դիտումներ ունեն: Իսկ մեկ ամիս առաջ մասնակցել ենք «All Stars» մրցույթին, որտեղ հավաքվել էին համանման մրցույթ-շոուներում հաղթողները՝ 70 եւ ավել մասնակից: Մեր ելույթի ժամանակ ժյուրին «ոսկե կոճակը» սեղմեց՝ տալով մեզ հնարավորություն՝ առանց քննարկման տեղափոխվել եզրափակիչ: Սա, իհարկե, ավելի մեծ շոու էր, որն առավել հայտնի է աշխարհով մեկ եւ ոչ միայն Ռուսաստանում կամ ԱՊՀ տարածքում: Այնպես որ, մենք միշտ առաջ ենք գնում: Մոտակա երկու ամիսը պատրաստվելու ենք, որովհետեւ ունենք հրավեր նաեւ «America's Got Talent» մրցույթին մասնակցելու: Այն իր մասշտաբներով նույն է, ինչ Օլիմպիական խաղերը մարզիկների համար եւ կրկեսային շոուները Մոնտեկառլոյի փառատոնին: Մեզ արդեն երեք տարի է հրավիրում են, մի անգամ պանդեմիան խանգարեց, երկրորդ անգամ՝ մեր գործերը չստացվեց: Բայց այս անգամ ինձ թվում է՝ կգնանք, որովհետեւ իրենք շատ են մեզ սպասել: Շատ փակագծեր չբացեմ, բայց ամեն անգամ պատրաստվում ենք ներկայանալ նոր հնարքներով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
