«Քաղաքապետարանի պարզաբանումները թատրոնի վերաբերյալ լոլոներ են»
Մշակութային«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ:
— Դուք առիթ եք ունեցել գործնականում շփվելու «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, կպատմե՞ք այդ տարիների Ձեր տպավորություններից:
— 2004 թվականն էր: Տեւականորեն չգործելուց, «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնական վերանորոգումից հետո թատրոնը նոր շունչ էր առնում, եւ Ալբերտ Մկրտչյանը որոշեց բեմադրել իմ «Աքլորականչ» մոնոպիեսը ու «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան: Ինձ համար մեծ պատիվ էր նշանավոր արտիստի ստեղծած ու նրա անունը կրող թատրոնի դրամատուրգների թվում լինելը, մանավանդ որ բեմադրիչը անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն էր: Նա կազմավորել էր շնորհաշատ արվեստագետների փաղանգ. բեմադրությունների նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանն էր, երաժշտական ձեւավորումներն իրականացրեց հանրաճանաչ հնչյունային ռեժիսոր Արտավազդ Եղոյանը: «Աքլորականչ» մոնոդրամի հոգեբանորեն բարդ, հուզական մեծ լիցք պահանջող Սոնայի կերպարը փայլուն մարմնավորեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը: Ներկայացումն աննախադեպ հաջողություն ունեցավ, արժանացավ հանդիսատեսի, թատերագետների եւ մամուլի բարձր գնահատականին: «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիայի գլխավոր դերերում էին թատրոնի շնորհաշատ դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստ Մակիչ Մարգարյանը (Թագավոր), Կարինե Սաֆարյանը (Թագուհի), Գեւորգ Հովակիմյանը (Ծաղրածու): Այս ներկայացման մեջ անգերազանցելի կերպար կերտեց Գեւորգ Հովակիմյանը: Դրանով հանդերձ, բեմականացման ժամանակի սղությո՞ւնը, թե շտապողականությունն էին ազդել, որ ներկայացումը, պարզ ասած, անհաջող էր, եւ մի քանի ցուցադրությունից հետո Ալբերտ Մկրտչյանն ինձ հետ համաձայնելով՝այն հանեց երկացանկից: Թատրոնի ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմը համերաշխ, միմյանց գնահատող ու հարգալից անձինք էին: Առաջին իսկ օրից ես ինձ «իմ տանն» էի զգում: Այդպիսի փոխադարձ հարգանք ու ջերմ մթնոլորտ մեկ էլ տեսել ու զգացել եմ Պատանի հանդիսատեսի եւ Պարոնյանի անվան թատրոններում:
— Ալբերտ Մկրտչյանին անձամբ եք ճանաչել: Թատրոնում ինչպիսի՞ ղեկավար էր:
— Միանգամից բնութագրեմ՝ տաղանդավոր, խիստ, կռվազան, միաժամանակ՝ բարի, գնահատող, ջերմ… Նա անկանխատեսելի էր: Մոտիկից չճանաչողները կխուսափեին նրա հետ գործ ունենալ, ճանաչողներն անկեղծորեն սիրում էին, հարգում, փնտրում նրա ընկերությունը եւ բարեբախտություն էին համարում նրան մտերիմ լինելը: Այս առումով, հատկապես ուզում եմ նշել նրան լավագույնս ճանաչող, նրա հետ խաղաղ ու սիրով աշխատող թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանին, նաեւ՝ Աշոտ Համբարձումյանին, Արտավազդ Եղոյանին, Մակիչ Մարգարյանին, Գեւորգ Հովակիմյանին, Անահիտ Քոչարյանին… շատ էին նրանք: Որպեսզի ավելի պարզ դառնա ասելիքս, հիշեմ մի զավեշտալի դեպք: «Աքլորականչի» փորձերն էին: Ալբերտ Մուշեղիչը բոլորի հետ կռվի մեջ էր: Ինչ-որ մի դրվագի մասին փորձեցի իմ կարծիքն ասել, որը նրա մտահղացման հետ չէր համընկնում ու… հերթն ինձ հասա՛վ… Աներեւակայելի մի կռիվ սարքեց, եւ ես, անակնկալի եկած ու վիրավորված, ասացի.
— Մուշեղիչ, հալա մի րոպե… ի վերջո, ես ուզում եմ պարզել՝ դու լրջորեն ինձ հետ կռի՞վ ես անում…
— Տո, ի՜նչ կռիվ… ես հուզվեմ գը…
Ծիծաղ պայթեց, ու ամենալիաթոք ծիծաղողն ինքն էր: Այդուհետ, երբ ցանկանում էի մի բան ասել, նախ՝ զգուշացնում էի.
— Մուշեղիչ, խնդրում եմ չհուզվես…
Ահա այսպիսին էր տաղանդավոր Ալբերտ Մկրտչյանը, մեծ երեխա, սիրառատ ավագ ընկեր:
— Հուլիսին կրճատեցին թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Ի՞նչ եք կարծում այդ որոշման մասին:
— Դա ինձ համար անակնկալ չէր: Ներկայիս ղեկավարներն իրենց ենթակայության տակ աշխատող, բայց իրենց քաղաքական հայացքները չկիսող հրաշագործ բժշկի հաստիք էլ կարող են կրճատել՝ առանց անհանգստանալու, որ հարյուրավոր հիվանդի կյանք է վտանգվում:
— Մհեր Մկրտչյանի հայրն ու հորեղբայրը մեծ ավանդ ունեն թատրոնում, բայց առանց խղճի խայթի հենց Մհեր Մկրտչյանի հաստիքը կրճատեցին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ձեր հետ համաձայն չեմ: Համաձայն չեմ այն բանում, որ եթե մեկի ավագ ազգականներն ինչ-որ գործում մեծ ավանդ ունեն, ապա նույն գործն անող նրանց ժառանգի նկատմամբ պետք է խղճի մտոք վերաբերվել: Մհեր Մկրտչյանը դրա կարիքը չունի: Նա տաղանդավոր, կայացած ռեժիսոր ու ղեկավար է: Վերջին ութ տարում եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւ լա՛վ ղեկավար է եղել: Ամեն տարի 6-7 առաջնախաղ են ունեցել, հյուրախաղեր են կազմակերպել հանրապետության քաղաքներում, Արցախում, իսկ Երեւանում նրանց բարձրարվեստ ներկայացումները պահանջված էին հանդիսատեսի կողմից: Բոլորիս է պարզ, որ խնդիրը հաստիքը չէր, այլ Մհեր Մկրտչյանի ընդդիմադիր լինելը: Եթե նա կազմակերպեր, թատրոնի դերասաններին հանձնարարեր, որ նկարահանվելու են «Գազելի» ուղեւորների դերում, հաստիքը չէր կրճատվի: Քաղաքապետարանի պարզաբանումները, թե թատրոնի զարգացման նոր մոդել է ներդրվելու եւ այլն, լոլոներ են: Այդ նոր մոդելը կարող էր իրականացվել նաեւ Մհերին թատրոնում համապատասխան այլ աշխատանք առաջարկելով: Որքան տեղյակ եմ, նման առաջարկ չի եղել, եւ Մհեր Մկրտչյանը, արժանապատվորեն, աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Համոզված եմ, որ եթե թատրոնի տնօրեն նշանակվի քաղաքապետարանի թեկնածուն, «նոր մոդելի» գերանդու տակ են հայտնվելու նաեւ մյուս ընդդիմադիրները, եւ առաջինը՝ տաղանդավոր դերասան Լեւս Դավթյանը:
— Համամի՞տ եք Սոս Ջանիբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնին նշանակելու տարբերակին:
— Չեմ կարծում, թե Սոսը գլուխ կհանի: Նրա ծնողները տաղանդավոր մարդիկ են, ինքը՝ սերիալների հաջողակ դերասան: Այդքանը: Թատրոնի լեզվով ասած՝ նա թատրոնի մարդ չէ: Տնօրեն լինելն այդքան էլ հեշտ գործ չի, այն էլ՝ համախումբ անձնակազմ, ուրույն ոճ ունեցող թատրոնի: Գուցե ցանկանում են տնօրենի նոր մոդել եւս կիրառել, ո՞վ գիտե…
— Այն, ինչ այսօր տիրում է թատրոնում, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք է:
— Մեր ներկայիս կյանքի: Բա ինչո՞ւ են ասում՝թատրոնը կյանքի հայելին է, հո միայն ներկայացումները նկատի չունեն… (ծիծաղ): Այո, մեր այսօրվա տարամերժ կյանքի արդյունքն է, որից ոչ ոք գլուխ չի հանում: Օրենքները գործում են ղեկավարների հայեցողությամբ, օր օրի հեռանում ենք ազգային ինքնությունից ու արժեքներից, անհանդուրժողականության, բեւեռացումների, աստղաբաշխական ծախսերով «աստղերի» համերգների թամաշաներ են, սուգն ու խրախճանքը միաժամանակյա ու նույն տեղում՝ ամեն քայլափոխի, մի մասը խեղճացած են եւ հուսահատված, մի մասն էլ՝ գոռոզ ու լպիրշ…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
