Պետք է համարժեք պատասխանել՝ մի քանի թուրքերի գերել և փոխանակում առաջարկել. Արցախյան շարժման ակտիվիստ
ՆերքաղաքականՀՀ իշխանությունները, ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, ասում են, որ Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքով էլ կրքերը թուլացնող լուծում կարող է լինել, օրինակ, ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները: Հաշվի առնելով ընթացիկ զարգացումները, որքանո՞վ է իրատեսական Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը եւ արդյո՞ք նույն բանակցողները չեն հայտնվի օրերս ԿԽՄԿ-ի հովանւ ներքո անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ ԲՈՐԻՍ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
-Ճանաչելով տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իմ կարծիքով, կոպիտ սխալ թույլ տվեց, քանի որ նման դիրքորոշումը թույլ է տալիս Ադրբեջանի ղեկավարությանը մեզ ներկայացնել բանակցելու ամենաանհնարին, անհեթեթ պայմանները։ Թույլ է տալիս անտեսել ԵԱՀԿ-ի նախկինում քննարկված բոլոր առաջարկներն ու սկզբունքները և հիմք ընդունել միայն իրենց շահավետ տարածքային ամբողջականության սկզբունքը։
Հայաստանի ղեկավարությունը, մեզ թակարդի մեջ գցելով՝ կարծում է, որ կկարողանա ինքնուրույն գոյատևել և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Թուրքիայի ղեկավարները չեն թաքցնում Սյունիքով անցնող միջանցքի հետ կապված իրենց նպատակները, նրանք շարունակում են պնդել սեփական նպատակները։ Ի՞նչ է կարճատեսություն, կամ ավելի՞ վատ բան: Ադրբեջանն արդեն հրաժարվել է երրորդ կողմի տարածքում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունից և շարունակում է մեզ խեղդել շրջափակման մեջ։ Միակ բանը, որ պետք է անի Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն այս պայմաններում, Արցախի անկախության ճանաչումն ու փոխօգնության պայմանագիր կնքելն է։
Սա խթան կհանդիսանա այլ երկրների համար։ Ես դա ասում եմ 1991 թվականից։ Եթե ՀՀ-ն չի կարողանում պաշտպանել Արցախում ապրող հայերի մի մասին, ապա սա ազդանշան է թուրքերի համար, որ չի կարողանում պաշտպանել ՀՀ մյուս շրջանները։
-Որպեսզի Արցախում լինի իրավիճակի էական փոփոխություն, ի՞նչ եք ակնկալում իշխանությունից, եթե չկան այդ ակնկալիքները՝ ընդդիմությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում դրան հասնելու համար:
-Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի այս ամոթալի համաձայնագիրը ստորագրողների կողմից վճռական գործողություն, և մենք՝ արցախցիներս, պետք է ինքնուրույն ճեղքենք շրջափակումը, եթե նրանց ջանքերը չբերեն հաջողության։ 1988-ի մեթոդները 1991-ի պայմաններում անհարմար են, մենք արդեն անցել ենք դրա միջով։
-Պարոն Առուշանյան, օրերս Հակարի կամրջի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը,սա ինչ մեսիջ էր թշնամու կողմից, որը պետք է լինի հայկական կողմի պատասխան գործողությունը։
-Սա լկտի արարք է ագրեսորի և պատերազմական հանցագործի կողմից ժողովրդի դեմ, ով 1991-ին ստիպված էր զենք վերցնել՝ պաշտպանելու իր հայրենիքը, ընտանիքները մինչև ատամները զինված թշնամու ագրեսիայից։ Արցախցիների բոլոր գործողությունները եղել են միջազգային իրավունքի շրջանակներում: Սրանով թուրքերը եւս մեկ անգամ հաստատում են, որ չունեն նորմեր ու կանոններ։ Ուստի պետք է միանման պատասխանել՝ մի քանի թուրքերի գերել և փոխանակում առաջարկել, ինչպես առաջին պատերազմի տարիներին էր։ Տարօրինակ է, որ իրենց թիկունքում ունենալով այնպիսի փորձ, ինչպիսին 1991-1994 թվականների պատերազմն էր, Հայաստանի Հանրապետության և Արցախի ղեկավարները համապատասխան եզրակացություններ չեն արել։
Նրանք սկզբում վստահեցին արտաքին ուժերին, նրանց երաշխիքներին, իսկ հետո իրենց պահում են պասիվ, «խաղաղ», բայց իրականում վախկոտ ու անհեռատես։ Չեմ թվարկի 44 օրվա ընթացքում թույլ տված բոլոր սխալները:
Եթե նրան թվում է, թե Արցախը հանձնելով՝ կարողանալու է փրկել Հայաստանը, շատ է սխալվում։ Եթե այսպես շարունակվի, գործը պատերազմի է հասնելու, իսկ եթե հասնի պատերազմի, Հայաստանն ուզած-չուզած մասնկացելու է դրան։ Եթե նույնիսկ իշխանությունը չմասնակցի, ժողովուրդն է մասնակցելու, մենք չենք ինտերգրվելու Ադրբեջանին. դա բերելու է պատերազմի:
