Անդաստիարակ լակոտը նորից է խաղում հազարավոր մարդկանց ճակատագրի հետ ու շարունակելու է քանի դեռ ծնողը մի լավ ծեծ չի տվել. Արցախցի քաղաքագետ
ՆերքաղաքականԻնչպե՞ս են գնահատում նստացույցը դադարեցնելու Արցախի Հանրապետության նախագահի որոշումը, համակարծի՞ք են նրա նշած այն արդյունքներին, որոնց նպաստել է իր նստացույցը, ու Արցախում մեկնարկած համաժողովրդական ակցիան այս եւ այլ հարցերի շուրջ մեկնաբանություն ենք խնդրել արցախցի քաղաքական մեկնաբան ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
-Գործնականում նստացույցը բավարար արդյունքներ չի տվել, բավարար առաջին հերթին նախանշված նպատակի` միջանցքի ապաշրջափակման առումով, ինձ համար նույնիսկ բավարար չէր դրա միջոցով միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումն ու Հայաստանում և սփյուռքում մեր հայրենակիցների մոբիլիզացումը։
- Որպեսզի Արցախում լինի իրավիճակի էական փոփոխություն, ի՞նչ եք ակնկալում ՀՀ իշխանությունից եւ ընդդիմությունից։
-Եթե ՀՀ-ում ունենայինք ընդդիմություն, ապա նվազագույնը կխուսափեյինք իշխանության անպատասխանատու և բախտախնդիր որոշումներից, բայց եթե խոսքը գնում է քվազի ընդդիմության մասին, ապա նրանք կոչված են միայն ապահովելու գործող իշխանության լեգիտիմությունը։ Ինչ վերաբերում է իշխանությունից ակնկալիքներին, ապա կարծում եմ շուտով սպասվող տարածաշրջանային ու գլոբալ աննախադեպ մենահամերգի կազմակերպման աշխատանքները պարզապես թույլ չեն տա Արցախի խնդրով զբաղվել, պետք է ըմբռնումով մոտենանք։
-Ակնհայտ է, որ ագրեսոր Ադրբեջանը, թքած ունենալով աշխարհի, հիմնարար իրավունքների ու միջազգային պարտավորությունների վրա, առաջ է տանում իր ցեղասպան քաղաքականությունը, ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով պետք է կանգնեցնի այս ցեղասպան գործընթացը ի վերջո։ Այս համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունեք Հհ իշխանություններից։
-Ադրբեջանը կանգ չի առնելու, քանի դեռ նրան չկանգնեցնեն, իսկ Հայաստանը ցավոք սրտի չի կարող կանգնեցնել Ադրբեջանին, դա կարող են անել գերտերությունները, բայց հաշվի առնելով նրանց շահերը դա չեն անում։ Ամեն անգամ երբ Ադրբեջանը մի նոր հանցավոր գործողության է դիմում նրանք իրենց խիստ ծնողի տեղ դրած ջղայնանում են, որ կողքից տպավորություն չլինի թե իրենք երես են տալիս ու չեն դաստիարակում, իսկ մի քանի օր հետո անդաստիարակ լակոտը նորից է խաղում հազարավոր մարդկանց ճակատագրի հետ ու շարունակելու է քանի դեռ ծնողը մի լավ ծեծ չի տվել։
