Ինչո՞վ է տարբերվում վրանի տակ կամ նստավայրում նստելը, եթե դու ոչինչ չես կարողանում անել. Մարգարյան
ՏեսանյութերԱրցախում ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
— Արցախում շարունակվում են բողոքի ակցիաները: Նստացույցին է միացել Արցախի նախագահն ու ԱԺ նախագահը: Ձեր գնահատմամբ` սա միա՞կ քայլն էր, ինչ կարող էին անել արցախյան իշխանությունները:
— Բոլորիս համար պարզ է, որ Արցախի ժողովրդի համար գնալով ավելի սոսկալի եւ ահավոր վիճակ է ստեղծվում: Այն արդեն իսկ կա եւ ավելի ծանրանում է: Վերջին հաշվով` 120 հազար մարդ գտնվում է պաշարման մեջ, սնունդի, վառելիքի պաշարները վերջանում են եւ տեսանելի ապագայում` կարող է մի քանի շաբաթից կամ մեկ ամսից այդ մարդիկ կանգնեն շատ ծանր ընտրության դիմաց: Այսինքն` կա՛մ սովամահ լինել, կա՛մ տառապալի պայմաններում ապրել` հանձնվելով ադրբեջանական պահանջներին ու օրակարգին, որը փորձ է արվում իրենց թելադրել այս գործընթացների արդյունքում: Սա չպետք է թույլ տանք: Արցախի ժողովուրդը փորձում է ինչ-որ ձեւով իր դիրքորոշումն արտահայտել, տարբեր հանրահավաքներ եղել են: Բայց ամեն անգամ, երբ խոսում եմ Արցախի ժողովրդի մասին, առանձնացնում եմ Արցախի իշխանությունների քայլերից: Ժողովուրդն իրավունք ունի միտինգների ու ակցիաների մասնակցել, դա իր ձեռքում եղած այս պահին գուցե միակ հնարավորությունն է: Եթե արդար նայենք, արցախցին ծանր պարտությունից եւ տարածքներ կորցնելուց հետո, թերեւս միակ հնարավորությունը ակցիաներ անելն է եւ փորձելը իրավիճակ փոխել` լսելի դառնալով միջազգային հանրությունը եւ ավելի շուտ` հենց Հայաստանի իշխանություններին: Սակայն մյուս կողմից անհասկանալի է Արցախի իշխանությունների քայլը, որ իջել են այդ մակարդակի: Իրենք այլ պատասխանատվություն են կրում, որպես իշխանություն եւ, հավանաբար, ունեն այլ հնարավորություններ: Ինձ համար անհասկանալի է այդ ակցիան, որին իրենք մասնակցում են: Օրինակ` Արայիկ Հարությունյանն իր նստավայրից դուրս է եկել, վրան է տեղադրել իր նստավայրի դիմաց եւ նստացույց է անում: Ինչո՞վ է տարբերվում վրանի տակ կամ նստավայրում նստելը միմյանցից, եթե դու ոչինչ չես կարողանում անել: Այդ քայլերն այն պայմաններում կարող են ազդեցիկ լինել, երբ դրանք զուգորդված են քարոզչական աշխատանքով: Նպատակը պետք է լինի, որ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը:
— Կարծում եք` այս օրերին տեղի ունեցողը որեւէ կերպ միջազգային հանրությանը լսելի չի՞ դարձել:
— Ցավոք` ոչ: Արդեն քանի օր է` Արայիկ Հարությունյանը նստացույց է հայտարարել, բայց միջազգային անդրադարձ այդ կապակցությամբ չկա: Չեք տեսնի որեւէ միջազգային լրատվամիջոց, որեւիցե միջազգային հարթակ, որտեղ նշված լինի, թե Արցախի Հանրապետության նախագահը նստացույց է հայտարարել` ժողովրդի իրավիճակը փոխելու համար: Չկա այդպիսի տպավորություն: Եվ սա իրենք էլ են հասկանում: Մամուլում լուր կար, որ Արցախի ԱԺ նախագահը եւ պատգամավորներն այցելել են Արայիկ Հարությունյանին ու ասել են, որ ոչինչ չի կատարվել իր նստացույցից հետո, որեւիցե տեղից արձագանք չկա: Եվ հիմա պարզ չէ, թե իրենք ի՞նչ կոշտ քայլ են անելու եւ ի՞նչ է լինելու այդ ժամանակ: Օրինակ, ասում են` հացադուլ են հայտարարելու, բայց այդ հացադուլն արդյոք կարժանանա միջազգային հանրության արձագանքին: Այդ միջազգային հանրությունն էլ, որին ուզում են լսելի դառնալ, լայն հասկացություն է: Միջազգային հանրության ղեկավարությունը Մակրոնն է, Պուտինն է, Բայդենն է, Բլինքենն է, Միշելն է, եթե նրանց ենք ուզում մի բան ասել, իրենք արդեն գիտեն Արցախի ժողովուրդն ինչ իրավիճակում է հայտնվել: Նրանց որեւէ բան ապացուցելու խնդիր չկա: Մեր թիրախը պետք է լինի միջազգային հանրության հանրային կարծիքը, այսինքն` ՀԿ-ների միջոցով միջազգային հանրության վրա ճնշում գործադրելը: Բայց տեսնում ենք, որ այդ կապը խզված է, եւ արձագանք չկա, հետեւաբար, չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանի այդ նստացույցից կամ նույնիսկ այն նամակներից հետո, որ ինքը գրեց, մենք որեւիցե դրական արդյունքի ենք հանգելու:
— Այդ դեպքում` ի՞նչ անել, պարոն Մարգարյան: Ո՞րն է ստեղծված իրավիճակի ելքը:
— Կա մի շատ հիմնական խնդիր` մեր դժվարությունը միջազգային հանրությունը չէ: Միջազգային հանրությունը չէ, որ պետք է գա հիմա եւ Արցախի ժողովրդի հարցը լուծի: Հիմնական խնդիրը սկսվում է Երեւանից եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներից: Մինչեւ այդ դիրքորոշումները չփոխվեն` միջազգային հանրությունը ոչինչ չի կարող անել` լինի Ռուսաստանը, թե Արեւմուտքը, ՄԱԿ-ը, թե «Կարմիր խաչը»: Պատճառն այն է, որ Հայաստանի իշխանություններն են հրաժարվել Արցախից եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հստակ քառ.կմ-երով, որի մեջ մտնում է նաեւ Արցախը: Երբ իրենք հայտարարում են Արցախն ադրբեջանական տարածք, լիազորում են Ադրբեջանին ցանկացած կերպ վարվել այդ տարածքի հետ, փակել Բերձորի միջանցքը, մյուս կողմից օվերտոնյան պատուհան բացել Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով, թե իբր այդ ուղիով կարող եք օժանդակություն ստանալ: Սրանով փորձում են փշրել միջազգային հանրության մոտ այն խոսույթը, որ Արցախը շրջափակման մեջ է: Հակառակն են ապացուցում, թե շրջափակում չկա եւ արցախցին, եթե ուզենա, կարող է օժանդակություն ստանալ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով: Կարծում եմ` Արցախի ժողովրդի կողմից կտրուկ գործողությունների կարիք կա, բայց տեսնում ենք մի կողմից, թե հիմա նրանք ինչ ծանր կենցաղային պայմաններում են ապրում, մյուս կողմից էլ չունեն այն ռազմական հնարավորությունն ու համարձակությունը նման քայլերի դիմելու: Միակ օգնությունը, որ կարող էր իրենց ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների կողմից է, բայց դա էլ, ցավոք, տեղի չի ունենում: Իսկ իրավիճակն ամեն օր, ամեն ժամ ավելի է ծանրանում, եւ լուծումն ավելի դժվար է դառնում:
— Հայաստանից կան քննադատություններ արցախցիների ուղղությամբ, թե հասցեական չեն Ձեր բողոքի ակցիաները: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին չհասած` որեւէ մեկն իրավունք ունի՞ մեղադրել Արցախին, թե ինչո՞ւ չեք պահանջում նրա կամ հենց Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
— Բարդ իրավիճակի մեջ ենք հայտնվել: Արցախցին չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հիմա իր հրաժարականը պահանջի, արցախցին ընտրել է Արայիկ Հարությունյանին եւ կարող է նրա մասին իր տեսակետը հայտնել: Բայց կարող է նաեւ պահանջով դիմել Հայաստանի իշխանությունների դիրքորոշման փոփոխության համար: Նիկոլ Փաշինյանը թեեւ հայտարարում էր, որ ինքն Արցախի ժողովրդին չի ներկայացնում եւ առաջին օրվանից էլ ասել է, որ դրա մանդատը չունի, բայց, փաստորեն, ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի միջոցով Արցախի 75 տոկոսը հանձնել է ու Արցախից հրաժարվելով եւ Ադրբեջանի մաս ճանաչելով` արցախցուն մատնել է այսօրվա վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունների հետեւանքն է: Արցախն առնվազն կարող է պահանջել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կա՛մ սրբագրի իր կատարած հայտարությունները, կամ գոնե լռի: Այս մասին էր ասում նաեւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չխոսի, իրավիճակը առավել չբարդացնի, եւ թույլ տա իրենք փորձեն ինչ-որ բան անել: Այնպես որ, գուցե հրաժարականի պահանջ հնարավոր չլինի Արցախից հնչեցնել, բայց դիրքորոշումների պահանջ ՀՀ իշխանություններին ներկայացնելու իրավունք ունեն:
— Բայց դեռ կա՞ բանակցային ճանապարհով լուծման տարբերակ, երբ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը հղում է անում Նիկոլ Փաշինյանին, որ նա ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, մեզնից էլ ի՞նչ եք ուզում:
— Առաջին հերթին պետք է փորձել եղածը պահել եւ ավելի չփչացնել իրավիճակը` հայտարարություններով, սխալ դիրքորոշումներով: Մինչդեռ, ցավոք, տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, ինչի պատճառով շարունակաբար հանգում ենք ավելի ծանր իրավիճակի: Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության նպատակը շատ պարզ էր: Նա մի նոր օրակարգ է բերել մեջտեղ, թե մյուս կողմից բաց ճանապարհ գոյություն ունի: Եթե նկատել եք, այդ եռակողմ հանդիպման «արդյունքը» Շառլ Միշելի հայտարարությունն էր, որ մյուս կողմից ճանապարհ կա: Դրանից հետո արդեն սկսվել են այդ մասին խոսել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Կամաց-կամաց արդեն սկսում են դա մեզ համար սովորական դարձնել, որ մարդիկ մտածեն` դե լավ, գնանք մյուս ճանապարհից օգտվենք (Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան-Ղազախ-Թոուզ-Կիրովաբադ-Եվլախ-Բարդա-Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ): Առաջին հերթին պետք է փոխվի Արցախն Ադրբեջանի մաս համարելու խոսույթը, որը սկսվեց Հայաստանի իշխանությունների կողմից: Պարզ է, որ հնարավոր չէ պատկերացնել, որ վաղը Նիկոլ Փաշինյանն արթնանալու է եւ հակառակ դիրքորոշում հայտնի կամ ՔՊ-ականներին հրահանգի, որ այլեւս չխոսեն այդ մասին, սա բացառված է: Հետեւաբար միակ լուծումը մնում է ինչ-որ փոփոխություններ առաջացնելը Հայաստանի իշխանություններում, որի արդյունքում գուցե հնարավոր լիներ դիվանագիտական դաշտում ինչ-որ բան փոխել: Վստահ եմ` եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, միջազգային հանրության մոտ դիրքորոշումների հստակ փոփոխություն է լինելու: Իրենք իրենց դիրքորոշումները համապատասխանեցնում են բանակցության երկու կողմերի դիրքորոշումներին: Քանի որ բանակցության երկու կողմերը հիմա համաձայնության են եկել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, միջազգային հանրությունն այլեւս այստեղ ասելիք չունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ