Ինչպես է Վարդավառը տոնել աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը

MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը Հայրենիքում է եւ Վարդավառը տոնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հարազատ Բ3 թաղամասում: Բնակիչների համար Էդգար Սողոմոնյանը պատրաստել էր բազում անակնկալներ:
Չեմպիոնին լոսանջելեսյան վերջին հաղթանակի առթիվ շնորհավորելու եւ միասին Վարդավառը տոնելու համար՝ եկել էին երգիչներ Մավր Ստեփանյանը, Արմեն Խուբլարյանը, Զակա Մխիթարյանը, ինչպես նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչներ, ինչպիսիք են մարզիկ Ալբերտ Ղազարյանը, Արցախի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Մուրադյանը, նույն ֆեդերացիայի մարզիչ Վահե Գասպարյանը: Ի դեպ, ներկա էին նաեւ բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Գալինսկին եւ Սուրեն Իշխանյանը, որոնք պարգեւատրվեցին Էդգար Սողոմոնյանի կողմից: Նա խոստացավ մշտապես լինել մարզիկների կողքին եւ կոչ արեց նորանոր հաղթանակներ արձանագրել: Իսկ տոնական ծրագիրը վարեց երգչուհի եւ հաղորդավարուհի Իրինա Աբրահամյանը:
Հատկանշական է այն, որ թեպետ օրը տոնական էր, բայց Էդգար Սողոմոնյանն իր խոսքերում մշտապես անդրադառնում էր Արցախին, այնտեղ առկա իրավիճակին եւ փորձում նաեւ քաջալերել ներկաներին՝ վստահեցնելով, որ հայը հաղթելու է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ










