Արցախը տնքում է հիասթափության, վիրավորանքի, նվաստացման ու անհարկի մեղադրանքների բեռի տակ, խլել են մեզնից մեր կյանքի նպատակը.Արզիկ Մխիթարյան
Հանդիպում
Արցախը արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, իսկ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԽԽՎ պատվիրակները, շարունակում են աչք փակել 120. 000 հայի ցեղասպանության վտանգի առաջ: Ինչպե՞ս են տեսնում ստեղծված իրավիճակի ելքը, այսօր միայնակ գոյապայքարի դուրս եկած արցախցի մեր հայրենակիցները, այս եւ օրակարգային այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանի հետ, ով երկար դադարից հետո առաջին անգամ իր ապրումների ու ապագայի նկատմամբ տեսլականի շուրջ անկեղծացավ հենց մեզ հետ.
-Ես՝ Արցախյան շարժման նվիրյալս, վերջերս երկար լռում եմ, ծանր ու թեթև անելով մեր անցած ճանապարհն ու այն «հանգրվանը», ուր մեզ հասցրել են։ Աներևակայելի փոխվել են ժամանակները և 88-ից ի վեր շատ ջրեր են հոսել։ Կարծես ուրիշ են դարձել նախկին Արցախապաշտ, արդարամիտ ու ազատատենչ ոգի ունեցողները, որոնք լցված էին լավատեսությամբ , մեր ազգային, անգամ չգրված գաղափարախոսությամբ ու բռնցքված միասնությամբ։ Եվ Հայոց վերածննդով խանդավառ մտավորականիս հոգում այժմ խոսում է հայոց ապագայի համար տագնապած հոգեբանը։ Արցախը տնքում է հիասթափության, վիրավորանքի, նվաստացման ու անհարկի մեղադրանքների բեռի տակ։ Ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեի նախանշած ծրագրով ու կարգախոսներով ոգևորված պայքարի ենք ելել, չհասկանալով , որ գերտերությունների ստորագրված խարդավանքով դանդաղ գործողության ական է դրված այն հրապուրիչ գաղափարի տակ, որը «Հայոց հարցի» մի փոքրիկ հատվածն էր։ Հավատացել ենք միամտորեն… Այժմ այդ շարժմամ «առաջնորդների» բուծած քաղաքական գործիչներն ու իշխանությունները բեռ համարելով Արցախը «ապագա» են առաջարկում մեզ՝ խաղաղության պարտամուրհակով։ Շնորհակալ ենք… Աճուրդի հանեցին մեր չքնաղ Երկիրը և լավ կազմակերպված անկազմակերպությամբ տանուլ տվեցին պատերազմը և մեզ տանում են վերջնական կործանման։ Լսում ես նրանց անհոգի, անտրամաբանական ու տգետ դատողություններն ու զարմանում, թե որտե՞ղից այսքան թուրքից էլ ավելի թուրք արարածները… Խլել են մեզնից մեր կյանքի նպատակը, որի դրոշին ծածանում էինք Արցախի ստույգ ձգտումը՝ միավորումն Մայր Հայաստանին… Ոսոխը մեծ վարպետությամբ հակասություններ սերմանեց հայաստանցի-ղարաբաղցի հարաբերության մեջ՝ բաժանիր ու տիրիր սկզբունքով։ Արժեզրկվեցին մեր ձեռքբերումները, ծաղրի ու հալածանքի ենթարկվեցին մեր զորահրամանատարները։ Չգիտակցեցինք, որ քանի Հռոմը հերոսների Հռոմ էր, ծաղկեց և հենց դադարեց մեծարել իր հերոսներին՝ կործանվեց… Ավետիս Ահարոնյանը թվում է այսօր է գրել.«Ազատությունն եկավ ու բախեց մեր դուռը, սակայն ներսում հայ չգտավ՝ զեյթունցիներ էին, սասունցիներ, գյումրեցիներ ու երևանցիներ, գորիսեցիներ ու վանաձորցիներ։ Ազատությունը կուչ եկավ պատուհանի տակ ու հեկեկաց… Նորից կգա Ազատությունը, եթե Հայրենիքին մեջ ՝ Հայոց Մեծ Տան մեջ Հայեր լինեն»։ Ցավալի իրողություն է…
-Տիկին Մխիթարյան, Արցախում մեկնարկել է համապետական շարժում-բողոքի ակցիան, հանրապետության նախագահն ու խորհրդարանի նախագահը նստացույց են անում` միանալով շարժման մասնակիցներին։Այս ակցիաները ինչ-որ ձևով կարո՞ղ են բեկել գործողությունների ընթացքը։
-Ի՞չ կարող էր անել Արցախը, եթե ողջ օրվա ընթացքում թե՛ դիմություն և թե՛ ընդիմություն կոչված գործիչները զբաղված են ամուլ վերլուծություններով (բամբասանքով) և բացարձակապես ոչ մի գործնական քայլ։ Բոլորի շուրթերին «ցեղասպանություն» կամ «արտագաղթ» խոսույթն է, ինչ է՞ «վախ» ունեն, որ թուրքն այդ մասին կարող է հանկարծ մոռանալ… Այ՛ո, ամեն դար մի վերք է թողել ու մի ավերակ, ամեն դար մի կնճիռ է դարձել մեր ճակատագրին, սակայն ամեն մի դար մի աստիճան ու սանդղակ է դարձել տառապանքի տարտարոսից դեպի Ազատություն ձգվող ճանապարհին… Մենք միշտ ապրել ենք այսպես՝ երբ գերվել ենք, դարձել ենք ինքնիշխան, պարտությամբ՝ հաղթել, մեռնելով՝ ապրել…Այդպես կլինի նաև այժմ… Իշխանությունները ժողովրդի հետ գնացել ենք ծայրահեղ քայլի, աշխարհի խուլ ականջին հասցնելու մեր կամքը՝ զոհը չի կարող ինտեգրվել դահիճին… Ձիթենու ճյուղը ինչքան էլ դնենք բորենու բերանը՝ խաղաղության աղավնի չի դառնա… Արցախցիները լավ են սերտել ռազմական դոկտրինայի այբուբենը՝ Ես գերազանցում եմ հակառակորդիս զոհաբերվելու իմ ընդունակությամբ ու պատրաստակամությամբ։ Արցախը կփրկի ու հետ կբերի ոչ թե թնդանոթը, այլ մեր որդիների անկոտրում Ոգին։ Արցախը Ոգու իմպերիա է…
-Տիկին Մխիթարյան, ի վերջո, իրավիճակից դուրս գալու ճանապարհը ո՞րն է ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեն Հայաստանի ու Արցախի իշխանությունները։
- Հայաստանի իշխանություններն արդեն ամեն ինչ արել են Արցախը թշնամու երախում թողնելու համար։ Նրանք անընդհատ փորձում են դիվանագիտություն խաղալ, ոչ թե ապացուցում են, որ սևը՝ սպիտակ է, այլ փորձում են մեզ համոզել, որ սևն անհրաժեշտ է։ Պարադոքս է…Շարունակվում են գերտերությունների մութ խաղերը, ակնհայտ խարդավանքները, հակառակորդի ցինիզմը, որում վճռականը շահն է՝ ոսկին ու նավթը… Աներևակայելի ճկվել են մեր նյարդերը, չի բացառվում, որ չափից ավելի ճկված աղեղալարը կոտրի աղեղը… Դուք հարցնում եք, թե ինչ կարող են անել իշխանությունները։ Չե՞ք կարծում, որ իշխանությունները բավականին ուշացել են, այնուամենայմիվ, նրանք կարող են ընթացող երևույթներին տալ սահմանադրական, իրավական գնահատական, դիմել միջազգային ատյաններ, օգտագործել պետական, քաղաքական, հասարակական հնարավոր բոլոր խողովակներն ու գործիքակազմերը, դիմել միջազգային դատարան և արդարացի լուծում պահանջել մեր ժողովրդի՝ իր բնօրրանում ապրելու իրավունքի համար։ Եթե կարելի լիներ մի բանալիով բացել բոլոր դռները, ապա էլ ու՞մ էր պետք դուռը կամ բանալին… Չունենք բանալի-դեղատոմս, սակայն ունենք համոզմունք ու նվիրում մեր Հայրենիքին։ Ավելի քան երբևէ այս խառնակ ժամանակում պահանջվում է՝ Ազգային համաձայնություն ընդհանուր արժեքների շուրջ… Այդ արժեքներն են` Ազգն ու Հայրենիքը։