Ինչո՞վ է Հատիսի գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել մասնագետներին
ՄշակութայինՀունիսին Հատիս լեռան գագաթին մեկնարկեցին հնագույն ամրոցի պեղման աշխատանքները։ Արդեն իսկ հայտնաբերված գտածոները փաստում են, որ գործ ունենք ուշ բրոնզեդարի, վաղ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջանների հետ։
Հատիս լեռան գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել է մասնագետներին։ Երբ Հատիսի գագաթին պեղումները նոր էին սկսվում, շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչքան հետաքրքիր ու բազմազան հնագիտական նյութ են դուրս բերելու հողի հաստ շերտից։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի հայազգի ղեկավար Արթուր Պետրոսյանը (արշավախմբի իտալացի ղեկավար` Ռոբերտո Դան) Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` հույս չուներ, թե այս բարձրության վրա կարող էին հնագիտական մեծ քանակի նյութ գտնել։
«Ինչպես հիմա ենք գալիս կարճ ժամանակով հանգստանալու համար, մտածում էի` հին ժամանակներում էլ պիտի այդպես լիներ, նման բարձրության վրա չէինք սպասում այսքան բան գտնել։ Բացված հնագիտական նյութը ցույց է տալիս, որ ամրոցը շատ ինտենսիվ օգտագործվել է ուշ բրոնզի, վաղ երկաթե դարից, ապա անտիկ ժամանակաշրջանի ու միջնադարի հետ գործ ունենք։ Այսինքն` ամրոցը տարբեր ժամանակներում փոփոխվել, շահագործվել է, թե մինչև երբ, պեղումների արդյունքից ելնելով կարող ենք ասել»,– նշեց Պետրոսյանն ու հավելեց` ամրոցը բացառիկ է հենց նրանով, որ մարդիկ ապրել են 2528 մետր բարձրության վրա։
Թեպետ պեղումները դեռ մոտ 6 շաբաթ են ընթանում, բայց արդեն պատկերացում կա կառուցվածքի մասին։ Այն բավականին լավ պաշտպանված է եղել արևմտյան կողմից` երկու պարիսպներ են եղել, որոնց միջև եղել է բնակելի հատված։ Եվս մեկ բնակելի հատված էլ արևմտյան երկրորդ պարսպին կից է եղել։ Արդեն 10-ից ավելի սենյակներ են բացվել, որոնցից գտնվել են խեցեղեն, ածուխ, օբսիդիանից հնագույն գործիքներ, այդ թվում` նետասլաքներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ, գլանաձև կնիք, որը ևս անտիկ փուլով է թվագրվում։
https://168.am/2023/07/15/1900737.html
