ՌԴ զինված ուժերն արդեն կանգնած են Արցախի ու Ադրբեջանի միջեւ, նաղդը թողնել, նիսիայի հետեւից ընկնել, իմաստ չունի. Քեռյան
Ներքաղաքական
Բրյուսելում օրեր առաջ կայացավ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:
«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՐԹԱԿԱՆՆ ԷՐ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՀՆՉԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱԺԱԿԱՃԱՌԸ»
— 2 ժամ 45 րոպե տեւած հանդիպման ընթացքում Հայաստանի ու Արցախի համար որեւէ դրական արդյունք կա՞ր:
— Ինչպես եւ նախորդ բոլոր հանդիպումները, նաեւ` վաշինգտոնյան, մեկ ընդհանուր բնութագրմամբ կասեմ` դեռեւս սայլը տեղից չի շարժվում: Բրյուսելյան հանդիպումը հերթականն էր, որից հետո հնչեց հերթական բաժակաճառը, ինչպես Վաշինգտոնում բաժակաճառ ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ե՛վ Փաշինյանը, ե՛ւ Ալիեւն ընդհանուր հայտարարություն չարեցին, դրանց փոխարեն եռյակի ընդհանրացնող հայտարարություն արեց Շառլ Միշելը: Կային ինչ-որ երանգներ, որոնք նորույթ էին` բացասական իմաստով, ընդհանուր առմամբ` նորից հնչեց արդեն ծեծված այդ քառակուսի կիլոմետրով միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելը: Ինչքանով ես գիտակ եմ միջազգաին պրակտիկայից, ոչ մի երկիր մյուսի հետ քառակուսի կիլոմետրով տարածքային ամբողջականություն չի ճանաչել: Սկզբունքորեն ճանաչում են, անցնում են սահմանագծման, սահմանազատման, որից հետո պարզ է դառնում, թե այդ երկրի տարածքը ինչքան է, նախապես քառ. կմ-ով հայտարարությունը նորույթ է արեւմտյան հարթակում` այս բանակցային գործընթացին զուգահեռ: Նորից հնչեցին նաեւ ընդհանուր դատողություններ` սահմանների, կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Ցավալին այն է, որ Շառլ Միշելն իր ելույթում օգտագործում էր «նախկին Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, որը ցույց է տալիս, որ Արեւմուտքը ընդհանրապես հետ է կանգնել ինքնորոշման իրավունքից: Մարդու իրավունքների այդ հիմնարար սկզբունքներից մեկն Արեւմուտքը ոտնատակ է տալիս, փոխարենը խոսվում է իրավունքների ու անվտանգության մասին, որը ոչինչ է` ինքնորոշման իրավունքի հետ համեմատած: Ցավալին նաեւ այն էր, որ Շառլ Միշելը նշեց «պատահմամբ սահմանը խախտած եւ գերի ընկած մարդկանց հետ վերադարձնելու մեխանիզմների մասին»` նորից մոռանալով, որ 30-ից ավելի հայ ռազմագերիներ դատապարտված են ու իրենց պատիժը կրում են Ադրբեջանի բանտերում: Ալիեւն ընդհանրապես դեմ է «խաղաղության պայմանագրում» Արցախում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության մասին որեւէ դրույթ մտցնելուց, որովհետեւ սարսափում է, որ կարող է ինչ-որ կարգավիճակի նման մի բան ստացվել: Եթե Ադրբեջանը գնում է Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ բանակցությունների, սա արդեն բավականին ծանր բան է իրենց համար, ստացվում է` պետությունը բանակցում է ո՞ւմ հետ, ինչ-որ մի կազմավորման ներկայացուցիչների՞: Սա ինքնըստինքյան արդեն նշանակում է նրա գոյության ճանաչում, որն Ալիեւի համար սկզբունքային է: Իմ կարծիքով` նա նման քաղաքական բանակցությունների չի գնա, եթե գնա էլ , կքննարկվի Արցախի հայության Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու եւ հայկական զինված ուժերի ու ադմինիստրացիայի ցրման պայմանով միայն: Հայկական կողմն էլ չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ չնշվեն կամ բաց թողնվի Արցախի հայության խնդիրը, որովհետեւ հիմա ներկա զարգացումներում դա կարող է վարկանիշի իմաստով շատ լուրջ հարված լինել ներկա իշխանություններին:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ»
— Խոշոր խաղացողները խաղադրույք են կատարում հենց մեր տարածքում, մի կողմից ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, մյուս կողմից` ՌԴ-ն: Արդյո՞ք Հայաստանի պահանջատիրության պարագայում մեր ձայնը լսելի կլինի:
— Դա օբյեկտիվ իրավիճակից է բխում, Հայաստանը պարտվելուց հետո կորցրել է իր սուբյեկտայնությունը, ճիշտ է, Հայաստանին հրավիրում են բանակցությունների, Հայաստանի ստորագրությունը որեւէ փաստաթղթի տակ շատ կարեւոր է, պետք է լեգիտիմացնի` Ձեր ասած մեծ պետությունների պլանը, որոնք ձգտում են իրականացնել: Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրությունը լեգիտամացրել է նրանց պլանների իրականացումը: Բայց իրավիճակն այնպիսին է, որ ե՛ւ տնտեսապես, ե՛ւ ռազմականապես, ե՛ւ քաղաքանապես Հայաստանը կորցրել է գործոնի իր դերակատարումը, եւ, ըստ էության, մոսկովյան, բրյուսելյան, վաշինգտոնյան հարթակներում Հայաստանը գնում է, նրա առաջ դնում են որոշակի պահանջներ: Ադրբեջանական կողմից միջնորդ պետությունները փորձում են լղոզել, հայկական կողմն էլ տեսնում է, որ ելք չկա, մի տեղ համաձայնում է, մի տեղ չի համաձայնում եւ ետ է վերադառնում: Որքան էլ աբսուրդ է, հետպատերազմյան վերջին երեք տարի ձգվող բանակցային գործընթացքում մի արդյունքի ենք հասել, դա կիլոմետրերով տարածքային ամբողջականության ճանաչումն է: Դա էլ հարաբերականորեն կարելի է արդյունք համարել, որովհետեւ ես դա լուրջ ձեռքբերում չեմ համարում: Համաշխարհային ուժային կենտրոններից երեքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՌԴ-ն Հարավային Կովկասում ունեն լուրջ շահեր, եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը ու Ղարաբաղի խնդիրը ինչ-որ մի տեղ նրանց շահերի պաշտպանության առումով, ամեն դեպքում, կարեւոր գործոն է: Գեոպոլիտիկ բոլոր տեսաբաններն էլ ասում են, որ «ով տիրում է Լեռնային Ղարաբաղին, նա տիրում է Հարավային Կովկասին»` նկատի ունենալով, Լեռնային Ղարաբաղի ստրատեգիական դիրքը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւՎրաստանի, ե՛ւ Հայաստանի նկատմամբ, նաեւ մոտիկությունը Իրանի սահմանին, անմիջական հարեւանությունը էներգակիրների տարանցման ուղիներին: Յուրաքանչյուրը ձգտում է այստեղ խաղաղության կարգավորումը տանել այնպես, որ արդյունքում իր շահերը պաշտպանված լինեն: Եթե մենք խոսում ենք մի լուրջ խնդրի մասին, որն է Ադրբեջանը Նախիջեւանին կապող կապուղիները, եւ տեսնում ենք, թե ինչ կատաղի պայքար է այստեղ, խառնված են Իրանը, Թուրքիան, ԵՄ-ն, Ռուսաստանը, Միացյան Նահանգները, մի՞թե այդ 20-30 կմ ճանապարհը այդքան մեծ նշանակություն ունի: Պարզվում է, որ յուրաքանչյուրը ուզում է, որ այն լինի իր վերահսկողության տակ: Ռուսներն ուզում են, որ այդտեղ ռուս խաղաղապահներ կանգնեն, Արեւմուտքը ձգտում է, որ ռուսական խաղաղապահները դուրս գան Արցախից եւ ընդհանրապես այդ ճանապարհի վրա չլինեն:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԳԱՄ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՀԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԻՐԱՆԻ ՀԵՏ»
— Իսկ հայե՞րը, եթե ճանապարհը բացվի, ի՞նչ հնարավորություններ ունեն, որ այդտեղ հայ սահմանապահներ կկանգնեն:
— Հայաստանը անգամ իր սահմանները չի կարողանում պահել Թուրքիայի ու Իրանի հետ, այդ սահմանապահ գործառույթը առայժմ Ռուսաստանի սահմանապահ ուժերն են իրականցնում: Ես նույնիսկ դժվարանում եմ ասել, եթե ռուս խաղաղապահները հեռանան, Հայաստանը ունի՞ մեծ գումարներ, մեծ ռեսուրսներ հայ-թուրքական բավականին լայն ձգվող սահմանը պահելու եւ այնտեղ անվտանգություն ապահովելու առումով: Հիմա այդ սահմանը մենք չենք պահում ու չունենք այդ գործառույթը: Բնականաբար, Ադրբեջանի ու Նախիջեւանի կապող ուղիների վրա սահմանապահ գործառույթը գուցե եւ ավելի փոքր տարածք է, հնարավոր լինի Հայաստանի կողմից իրականացնել, բայց այստեղ կարեւորն այն է, որ հայ սահմանապահները կկարողանա՞ն, թե` ոչ: Այդ տարածքով անցնող ադրբեջանական տրանսպորտային միջոցների հետ կարող են առաջանալ նոր պատերազմական իրավիճակներ: Ես մտովի չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես են ադրբեջանական մեքենաները մտնելու Հայաստանի տարածքով անցնեն, եւ ոչ մի միջադեպ տեղի չունենա, դա շատ բարդ խնդիր է: Կարծում եմ` երկու ժողովուրդների միջեւ պահպանվող նմանատիպ թշնամական հարաբերությունների պարագայում դա միջադեպերի տեղիք է տալու: Թերեւս մեզ համար ավելի շատ ընդունելի է, որ բոլոր ճանապարհները լինեն Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի վերահսկողության տակ: Իհարկե, ես էլ հիացած չեմ ռուսական խաղաղապահների գործունեությունից, հատկապես Լաչինի միջանցքի առումով, բայց այդ մեկ-երկու շաբաթվա ընթացքում, հատկապես ՆԱՏՕ-ի Վիլնուսյան գագաթնաժողովից հետո, երբ Էրդողանը բացահայտորեն թեքվել է դեպի Արեւմուտք եւ, ըստ էության, դավաճանել է Պուտինին տված իր պարտականությունների կատարումը, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը կարող է վրեժ իրականացնել` հակաթուրքական դիրքորոշումներով: Այդ առումով ինչ որ փայ-բաժին կհասնի Ադրբեջանին: Այսքան ժամանակ չեմ լսել , որ որեւէ Արեւմտյան պետություն հայտարարի, թե ինքը պատրաստ է այդքան հսկայական ծախսեր կատարել, Արցախում զորամիավորումներ տեղափոխել ու խաղաղապահ գործառույթը վերցնել իրենց վրա: Համոզված եմ, որ սահմանապահ գործառույթը կամ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների հսկողությունն Արեւմուտքը հաստատ չի անի, որովհետեւ իրենք յուրաքանչյուր կոպեկը հաշվում են, դա հսկայական ծախսեր է պահանջում: Իսկ ռուսական զինված ուժերն արդեն այստեղ են, արդեն կանգնած են Արցախի ու Ադրբեջանի միջեւ, ռազմակայան ունեն, Հայաստանում կանգնած են հայ-թուրքական, հայ-իրանական սահմանին, այնպես որ «նաղդը թողնել, նիսիայի հետեւից ընկնել, իմաստ չունի»:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ