Այս վարչակարգը թո՞ւյլ է տալու, որ իր կողմից կազմակերպվող միջոցառումով դու իրեն իշխանզրկես, հնարավոր չէ. Հակոբյան
Տեսանյութեր«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
«ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ»
— Իրավիճակը գնալով լարվում է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Ո՞րն եք տեսնում ելքը:
— Քանի որ Հայաստանում ունենք օտարների իշխանություն, միակ լուծումը կարող է լինել ազգային ազատագրական պայքարը: Դու օտարի իշխանությունից կարող ես ձերբազատվել միայն ազգային ազատագրական պայքարի միջոցով: Հիմա օտարի իշխանության շրջանակում կա քվազի պետություն, որովհետեւ Հայաստանի պետությունն ու պետականությունը տապալված են, պետական ինստիտուտները փաստացի չեն աշխատում: Եվ այս իրավիճակում, երբ ընդդիմությունը փորձ է անում օգտագործել բոլոր պետական ինստիտուտները կամ գոյություն չունեցող պետության հնարավորությունները, որպեսզի ձերբազատվի օտարի իշխանություններից, բնականաբար, չի լինելու արդյունավետ: Արդյունավետ կարող է լինել միայն ազգային ազատագրական պայքարի ձեւը, որը միջազգայնորեն ճանաչված է եւ վավեր է միջազային իրավական համատեքստում, եթե դու օտարի իշխանություն ունես քո երկրում:
— Բայց չէ՞ որ Ձեր նշած ձեւը չաշխատեց: Ստեղծվեց Հայրենիքի փրկության շարժում, սակայն կեսից շատերը «թռան»՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հետո եղավ «Դիմադրություն» շարժումը, բայց այն էլ արդյունք չունեցավ:
— 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում սկսվեց շարժում: «Ազգային օրակարգ» կուսակցությունն այդ շարժման կազմակերպման առաջնային քաղաքական ուժերից մեկն էր: Բայց այստեղ շատ կարեւոր հանգամանք կա, որը պետք է ձեր ասածի համատեքստում արձանագրենք: Ձեր դիտարկումը կարեւոր է, եւ խնդիրը հետեւյալն է՝ այն ժամանակ, երբ 17+ կուսակցությունների ձեւաչափն էր աշխատում, ներքին քննարկումների ընթացքում «Ազգային օրակարգը» հանդես էր գալիս նույն դրույթներով, որ սա օտարի իշխանություն է, եւ պետք է պայքարը մղել ազգային ազգատագրական գործիքակազմով: Ու այստեղ զավեշտն այն է, որ դու ունես օտարի, թշնամի իշխանություն, որը ձեւակերպում է ինչ-որ մի քաղաքական միջոցառում՝ անունը ընտրություն, հետեւապես ունի բոլոր գործիքները, որով կարող է ներազդել արդյունքների վրա: Եվ ի՞նչ, այս վարչակարգը կամ այս իշխանությունը թո՞ւյլ էր տալու, որ իր վերահսկողության տակ եւ իր կողմից կազմակերպվող միջոցառումով դու իրեն իշխանզրկես, հնարավոր չէ:
«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՀԱՅՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԻՐ ԵՐԿԻՐԸ ՁԵՐԲԱԶԱՏԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
— Այսինքն՝ ստացվում է, որ այս իշխանություններից ազատվելու Սահմանադրական ճանապարհ չկա՞:
— Սահմանադրականի մասին չէ խոսքը, այլ տվյալ դեպքում՝ իրենց կողմից կազմակերպված ընտրության ձեւաչափի: Իսկ ո՞վ ասաց, որ Սահմանադրական ձեւաչափ չկա, ժողովուրդը կարող է ազգային ազատագրական պայքար մղել օտարի իշխանության դեմ, ինչը սահմանադրական է: Սա միջազգային իրավունքի շրջանակում է, եւ ժողովուրդը դրա իրավունքն ունի: Ո՞վ ասաց, որ հայն իրավունք չունի իր երկիրը ձերբազատել օտարներից եւ թշնամու իշխանությունից: Եվ ընդհանրապես` ո՞ր Սահմանադրության մասին է խոսքը, որը ինչպես ուզում են շո՞ւռ են տալիս: Խոսքն այն մասին չէ, որ դու հաշվի չառնես միջազգայնորեն ճանաչված որեւէ նորմերը, բայց դու չպետք է մասնակցես այն միջոցառումներին, որոնք իշխանությունը կազմակերպում է իրենց վերարտադրության համար:
— Ի դեպ, «Ազգային օրակարգ» կուսակցությունը մասնակցում էր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում` ինչպե՞ս սա հասկանալ:
— Մենք մասնակցում էինք հենց այդ կարգախոսով, որ ցանկացած պարագայում ընտրության արդյունքներն իրավական տեսակետից վավեր չեն, որովհետեւ կազմակերպված են օտարի կողմից: Ուստի` պետք է դուրս գալ ազգային ազատագրական պայքարի:Մենք ընտրությունների ընթացքում էլ ենք սա ասել` այն օգտագործելով որպես հնարավորություն, օրինակ, մեդիառեսուրսների առումով, որպեսզի ավելի մեծ լսարանի հայտնենք մեր տեսակետը եւ քարոզենք այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ, որ ճանապարհն ազգային-ազատագրական պայքարն է:
«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ՈՉ ԹԵ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ»
— Որքանո՞վ դասեր քաղեցինք այդ ընտրության արդյունքներից, երբ հիմա էլ ընդդիմադիր դաշտում մեծ հույսեր են կապում «Հայաքվե» նախաձեռնության հետ, որով պետք է քրեականացվի Հայոց ցեղասպանության ժխտումն ու Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը:
— Ցանկացած շարժում եւ էությամբ քաղաքական գործընթաց պետք է ունենա նաեւ նպատակ` եղած իրավիճակի հանգամանքները հաշվի առնելու: Քո հիմնական թիրախը խոցելու համար պետք է լինես արդյունավետ: Ոչ մի տիպի քաղաքական գործընթաց չի ստացվի, որն իր էությամբ եւ բովանդակությամբ ազգային-ազատագրական չէ: Չի հաջողելու Արցախին վերաբերող ոչ մի գործընթաց, որը չի վերաբերում նրան, որ Արցախը հայկական բռնազավթված եւ բռնակցված տարածքներից մեկն է: Արցախի հարցը պետք է լուծել հայկական հարցի համատեքստում, այսինքն` ոչ թե ինքնորոշման, այլ Հայաստանին միացնելու շրջանակում: Մնացյալը կարող են կամա, թե ակամա լինել շեղող իրենց էությամբ: Պետք է ճշգրիտ ախտորոշել իրավիճակը եւ հասկանալ, թե ինչու արցախյան առաջին փուլի պատերազմի մեր փայլուն հաղթանակից հետո մսխվեցին արդյունքները: Մենք գնացել ենք կեղծ, օտարի կողմից մեր վրա փաթաթված օրակարգով: Այսօր մենք ցանկացած պայքարի ձեւ տեսնում ենք այն համատեքստում, որը պետք է բերի հաղթանակի: Իսկ եթե որեւէ գործընթաց պայքար է պայքարի համար, վարկանիշ ձեռք բերելու, եղած իշխանական համակարգում ներքին ազդեցության լծակները վերաբաշխելու համար, ապա մենք նմանատիպ պայքարը մերժում ենք: Ինչպես ժամանակին ասել է իմ շատ հարազատ ընկեր լուսահոգի Մովսես Գորգիսյանը, սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Այսինքն` պայքարը պետք է ունենա նպատակ հաղթանակի:
— Չե՞ք տեսնում այդ նպատակը` այսօրվա տարբեր նախաձեռնությունների մեջ, որոնք ինչ-որ քայլեր են անում:
— Չեմ ասում, թե այդ նպատակը չկա, ասում եմ՝ նույնիսկ եթե այդ նպատակը սահմանում եք, հանգամանքները, որում մենք գործում ենք, պետք է հաշվի առնել: Պետք է չխուսափել այդ հանգամանքներին ճշգրիտ գնահատական տալուց: Եթե ես փորձում եմ օտարի իշխանության վերահսկման ներքո, իր դաշտում իր խաղը խաղալ, չեմ կարող իրեն հաղթել, անգամ եթե իմ ցանկությունն իրեն հաղթելու անկեղծ է: Ամեն ցանկացած շարժում, որը չի բերում հաղթանակի, նոր բացասական զգացմունքներ է առաջացնում հայության մոտ, ավելի են հուսախաբվում, ավելի են հիասթափվում, կրավորական դառնում, խեղճանում, ինչն ունենում է տարաբնույթ դրսեւորումներ՝ սկսած նրանից, որ Հայաստանը լքում, գնում են, վերջացրած նրանով, որ հաշտվում են պարտվողականության հետ: Չի՛ կարելի գնալ պայքարի եւ վստահ չլինել, որ դու հաղթելու ես:
— Ստացվում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին էլ «Ազգային օրակարգը» չի՞ մասնակցելու:
— Երեւանի ավագանու ընտրությունները, որպես այդպիսին, վերահսկվելու է նույն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի կողմից, հետեւապես կանխատեսելի են դրա արդյունքները: Ներքին խաղեր, բնականակաբար, կլինեն, բայց դրանք կբերեն նրան, որ ՔՊ-ն կամ նրա հարակից կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս այսօր ընդդիմադիր դիրքերից` տարբեր թաթար ռուբոներ եւ այլն, մեջ-մեջ են անելու: Այդ տեսակետից, եթե այս ընտրությունը չի օգտագործվելու, ինչպես 2021 թվականի պարագայում ազգային ազատագրական պայքար սկսելու համար, ուրեմն` զրո նշանակություն է ունենալու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.