Երկիրը չի կարող նորմալ իրավիճակում գտնվել, երբ գործազրկությունը գերազանցում է 10 տոկոսը. Թավադյան
Տնտեսություն
«Իրավունքի» զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ:
— 2022թ. դեկտեմբերի վերջի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դրամ: Մեկ տարում այն աճել է 15.3 տոկոսով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Այս ցուցանիշը նորմայի սահմաններո՞ւմ է:
— Հիմնական ցուցանիշը արտաքին պարտքի հարաբերությունն է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), չնայած դա ֆորմալ ցուցանիշ է, որովհետեւ կառուցվածքի առումով գնահատական չի տալիս: Բայց խնդիրը ո՞րն է. դա պետք է, ըստ մեր օրենսդրության, 60 տոկոսը չգերազանցի, չնայած «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի» համաձայն՝ դա չպետք է գերազանցի 50 տոկոսը: Եվ դա ճիշտ է, քանի որ արտաքին պարտքն ընդհանուր կառուցվածի մեջ մեծ դեր ունի, հատկապես Հայաստանի համար: Այստեղ կարող է խաղ տեղի ունենալ, որը վտանգավոր է եւ կարող է վնաս հասցնել մեր տնտեսությանը, եթե դրամը ամրացվում է, ապա համախառն ներքին արդյունքը հաշվարկվում է դրամով եւ վերածվում դոլարի, իսկ պետական պարտքը արտարժույթով է հաշվարկվում եւ դոլարով է դա վերածվում, ներկայացվում: ՀՆԱ-ն բաժանվում է ոչ թե 480-ի, այլ՝ 380-ի, ՀՆԱ-ն դոլարով անմիջապես աճեց, մոտ 20 տոկոս, եւ դրանով դու կարող ես այս հարաբերակցությունը պակասեցնես, բայց այս թվերի խաղը շատ վտանգավոր է մեր տնտեսության զարգացման համար, քանի որ արժեւորված դրամը մեծ վտանգ է ներկայացնում մեր տնտեսության զարգացման համար: Դուք պատկերացրեք, եթե դուք արտահանում եք մի ապրանք, որը ձեզ վրա նստել է 1000 դրամ, դուք կարող եք այն արտասահմանում վաճառել, մինչեւ 1000 դրամի արժեւորումը՝ երկու դոլար եւ ձեր գումարը ստանալ, ապա հիմա դուք պետք է 2.5 դոլարից ավել վաճառեք, որպեսզի ձեր 1000 դրամը ստանաք, պարզ է, որ դա մրցակցության տեսակետից մեծ վնաս է հասցնում տնտեսության զարգացմանը: Իսկ արտաքին պարտքի մասով, եթե դուք արժեւորել եք դրամը, կարող եք այդ հարաբերակցությունը, ֆորմալ առումով զուտ նվազեցնել: Թվում է, թե արտաքին վարկերը արտոնյալ են, ցածր տոկոսադրույք ունեն, բայց եթե կառուցվածքի առումով ես նայում, օրինակ, ինչ-որ գումար եք ստանում, 100 մլն դոլարի հաշվարկով եթե վերցնենք, թվում է, թե 1 կամ 2 տոկոս տոկոսադրույքի դեպքում դա շատ ձեռնտու է, բայց երբ կառուցվածքի առումով ես նայում եւ տեսնում ենք, որ գրասենյակներին է գումար գնում կամ ձեզնից պահանջում են տեխնիկան գնել պարտադիր Եվրամիությունից, այլ ոչ թե, ասենք, Չինաստանից, ապա ստացվում է, որ կվճարեք անուղղակի տոկոսադրույք, նույնիսկ ավելի շատ, իրականում այն կգերազանցի 10 տոկոսը, դուք կարող եք ավելի արդյունավետ այդ վարկը օգտագործել, բայց չի ստացվում: Պատկերացրեք, Հյուսիս-Հարավ ճանապարհը եթե իսպանացիներ են սարքում եվրոպական տեխնիկայով, ապա եթե դա չինականով սարքվեն եւ մեր աշխատողներով, մենք մեր գործազրկության հարցի լուծմանն էապես կնպաստեինք: Գործազրկության բավականին բարձր մակարդակ ունենք, պաշտոնական տվյալներով՝ 14 տոկոս է, իսկ փորձագետների գնահատականներով գործազրկության 20 տոկոսի շրջանակներում է, իսկ երկիրը չի կարող նորմալ իրավիճակում գտնվել, երբ գործազրկությունը գերազանցում է տասը տոկոսը: Կառուցվածքում, եթե կան բաղադրիչներ, որոնք լիարժեք արդյունավետ չեն, ապա արտոնյալ վարկը կարող է ձեզ վրա ավելի ծանր նստել, քան կոմերցիոն վարկը, իհարկե, պետությունը այդ տեսակետից վատ կառավարող է, բայց ամեն դեպքում, եթե խնդիրները հստակ են դրված, ապա վարկային միջոցների արդյունավետությունն աճում է:
— Այն, որ ՀՀ կառավարության պետական պարտքը 2020թ.-ից հատել է կարմիր գծի շեմը ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը: Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա: Այստեղ հակասություն չկա՞, երբ կառավարության ներկայացուցիչները նշում են, թե ունենք տնտեսական աճ:
— Կառավարությունն այս առումով պետք է զգույշ լինի, որովհետեւ կարող է այնպես լինել, որ դրամի արժեւորումը կարող է ձեռնտու լինել կառավարության այժմյան խնդիրների լուծման համար, բայց պետության համար դա, իհարկե, ակնհայտ ձեռնտու չէ: Տնտեսական աճն առանձին խնդիր է, 12 տոկոս տնտեսական աճ կա, բայց խնդիրն այն է, թե ինչպես է դա ստացվել: Ամենակարեւոր հարցերից մեկը, թե դա ինչպե՞ս է անդրադարձել մեր գործազրկության մակարդակի նվազման վրա: Եթե դուք մեկ ցուցանիշ եք ներկայացնում, որպես տնտեսության զարգացում, այդ կարգի ցուցանիշները իրական վիճակը չեն արտացոլում, եթե դուք ուզում եք իմանալ ձեր երկիրը զարգանո՞ւմ է, ապա ՀՆԱ-ի աճի հետ մեկտեղ պետք է ցույց տաս կառուցվածքային տեսագիր, ո՞ր ոլորտներն են աճել ու քանի՞ տոկոսով: Պետք է դու անպայման տեսնես արտահանման մեջ քո պատրաստի արտադրանքը, որը Հայաստանում է արտադրվել, ինչ մաս է կազմում, եւ գործազրկությունը ինչ մակարդակի է հասել:
— Կառավարությունը նշում է, որ նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը աճել է 22 տոկոսով, բայց եթե զուգահեռ անցկացնենք, շատ ու շատ մարդկանց զրկեցին հաշմանդամության կարգից, այստեղ պարադոքս չկա՞, մեկից վերցնելով, մյուսին տալով՝ իրավիճակը բարելավվո՞ւմ է, սրանք ձեռքբերումներ կարելի՞ է համարել:
— Եթե դուք միայն մի հատվածի աճն եք ցույց տալիս, ընդ որում՝ չեք գնահատում վերջին տարիներին գնաճը, ապա դա հստակ ցուցանիշ չէ: Իսկ եթե պետական ապարատի աշխատավարձն է աճում, եթե դա իրականացվում է առանց հստակ կապելու աշխատանքի արդյունքների, պատասխանատվության հետ, ապա դա կարող է բերել կոռուպցիոն երեւույթների:
— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տնտեսական վիճակը:
— Քաղաքական ու տարածաշրջանային գործոնների ազդեցությունը էական է մեր տնտեսության վրա, հաճախ` ոչ դրական: Մեր տնտեսությունը նման է փոքր նավակի, որի վրա քամիների ազդեցությունը հսկայական է: Պետք է հստակ ձեւակերպել առաջնահերթ հիմնախնդիրները ու դրանց լուծելու հաջորդական քայլերը, պետք այնպես համակարգել հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունը, որ դրանք անմիջապես նպաստեն այդ խնդիրների լուծմանը: Մեթոդներն առկա են: Ուղղակի անհրաժեշտ է էապես արդիականացնել «շարժիչը», նաեւ հստակ կապելով կառավարության անդամների աշխատանքի գնահատումը՝ հստակ կատարված աշխատանքի քանակի ու որակի հետ, այս դեպքում նաեւ պետք է լուծվեն պատասխանատվության, հաշվետվողականության, հրապարակայնության հիմնահարցերը:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ