Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի եւ Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաեւ Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ-ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» եւ Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ։
Նախագծին աջակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանը եւ Լիոնի Մետրոպոլը։ Նախագծի գործընկերն է Փարաջանովի տուն-թանգարանը։
Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին՝ «Տոբոգան» թատրոնում, այնուհետեւ հունվարի 26-ին այն կներկայացվի «Գասկոն» թատրոնում։ 2024 թվականի մարտի 15-ին եւ 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երեւանում։ Հյուրախաղը կկայանա նաեւ Լիոն-Երեւան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։
Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս 2022 թվականի հուլիսից՝ Ֆրանսիայում։ Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կկայանա սույն թվականի հուլիսին՝ Երեւանում։ Այդ առիթով Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը, Տոբոգան եւ Գասկոն ֆրանսիական թատրոնների տնօրենները, ինչպես նաեւ ներկայացման դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։
Հայաստանում ստեղծագործական այս թիմին կմիանա «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, եւ Էդգար Մանուկյանը, ով լինելու է ներկայացման հագուստների ձեւավորման հեղինակը։ Առաջին ռեզիդենցիայի ժամանակ քասթինգի միջոցով Մուրադ Մերզուկին կընտրի երկու հայ պարողների, որոնք կմեկնեն Ֆրանսիա՝ ներկայացման բեմադրական աշխատանքներին մասնակցելու։ Նախագծի երկրորդ ստեղծագործական ռեզիդենցիան կկայանա սույն թվականի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի Պոլ-Պիկ մշակութային կենտրոնում՝ հայ եւ ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։ Նախագծի երրորդ եւ վերջին ստեղծագործական ռեզիդենցիան կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում՝ դարձյալ հայ եւ ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։ Ֆրանսիական ռեզիդենցիաների ընթացքում մեկ շաբաթյա աշխատանքային այցով Ֆրանսիա կմեկնեն նաեւ «Հող» խմբի երկու երաժիշտները եւ հագուստների հեղինակ Էդգար Մանուկյանը՝ տեղում ստեղծագործական պրոցեսին մասնակցելու համար։