Կրեմլյան աշտարակները բավականին հզոր եւ ուժեղ են. Տիգրան Քոչարյան
Միջազգային
Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Ինչպես ռուսաստանյան, այնպես էլ հայաստանյան տեղեկատվական դաշտը անմիջապես ողողվեց ամենատարբեր վարկածներով: Եվ մինչ ոմանք գուժում էին, որ «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հասնում է Մոսկվա, իրավիճակը հանգուցալուծվեց ընդամենը ժամերի ընթացքում: Իրականում ինչ տեղի ունեցավ, այս մասին «Իրավունքը» զրուցել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
«ՇԱՏ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՍԵՐԳԵՅ ՍՈՒՐՈՎԻԿԻՆԸ ՈՐԵՎԷ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ»
— Շատերը շտապեցին կարծիք հայտնել, որ Ռուսաստանում տեղի է ունենում ռազմական հեղափոխություն: Ի վերջո, սա ի՞նչ օպերացիա էր եւ ի՞նչ արդյունք կամ հետեւանք կունենա:
— Որպեսզի ամբողջապես վերլուծել այս օպերացիան, պետք է մի քանի օր սպասել: Հետեւելով, թե ինչ փոփոխություններ կլինեն կամ չեն լինի ռուսական բարձրագույն զինվորական ղեկավարության մեջ, նոր կարելի է որեւէ վերլուծություն անել: Իսկ տարբերակները շատ են՝ սկսած նրանից, որ սա եղել է ինքնաբուխ, այսպես ասած, քաղաքական քայլարշավ դեպի Մոսկվա, վերջացրած նրանով, որ սա առիթ է հանդիսացել ՌԴ բարձրագույն քաղաքական ղեկավարության համար ազատվել երկար ժամանակ նույն ղեկավարությանը սխալ տեղեկատվություն մատուցող, բանակի հաշվին հարստացող, մեծ բյուջեներ մսխող որոշակի զինվորականներից, որի պատճառով Ռուսաստանն այն արդյունքը չի ստանում, ինչը Ուկրաինայում պետք է ստանար: Միգուցե նույն Պրիգոժինը հենց առիթ հանդիսացավ, որպեսզի այդ փոփոխությունը լիներ: Էլի եմ ասում՝ պետք է երկու-երեք օր սպասենք եւ վերջնական կտեսնենք՝ սա ապստամբությո՞ւն էր, հեղաշրջման փո՞րձ, թե՞ եղել է ինչ-որ հատուկ օպերացիա, որի մեջ ներգրավված մարդկանց միջոցով փորձ է կատարվում փոփոխություն անել: Որպես այս տարբերակի հիմնավորում՝ կարող եմ ասել, որ եթե, ենթադրենք, նույն Վ. Պուտինին զեկուցվում էր Ուկրաինայի մասին խեղաթյուրված տեղեկատվություն, եւ ինքը լիարժեք չէր պատկերացնում ունակություններն իր զինվորականների՝ Գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի, եւ իրենք նրա որոշակի անհանգստությունները կարողանում էին սրբագրել՝ ասելով, որ այդտեղ ՆԱՏՕ-ն է կռվում եւ այլն, ու թույլ տված սխալները հենց վերագրում էին ՆԱՏՕ-ական գործողություններին, այստեղ ինքը փաստացի տեսավ, որ ո՛չ Շոյգուն, ո՛չ Գերասիմովը չունեն համապատասխան հեղինակություն եւ փաստացի իրենց հրամանով անհնար է կանգնեցնել 25 հազարանոց լավ զինված ռազմական միավորը:
— Արդյոք պաշտպանության նախարար Շոյգուից կամ մի քանի գեներալներից ազատվելու համար այսպիսի մեծ աղմուկ էր պետք ՌԴ նախագահին: Մի՞թե Վ. Պուտինը չէր կարող ուղղակիորեն պաշտոնից ազատել նրանց, ում պետք է:
— Ռուսաստանը, որպես մեծ պետություն, իր որոշակի յուրահատկություններով կառուցված է մի քանի սյուների վրա, որոնք կոչվում են կրեմլյան աշտարակներ: Շատ փխրուն բալանս է կառուցված, որպեսզի որեւէ մի աշտարակ չկարողանա ամբողջովին անել այն, ինչ ցանկանում է: Եվ այդ աշտարակներից մեկը գլխատել, հատկապես պատերազմական իրավիճակում, բավականին խնդիրներ կարող է առաջացնել, որովհետեւ նույն այդ աշտարակները բավականին հզոր ու ուժեղ են ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ ռեսուրսներով: Ուստի՝ որոշակի դեպքերում պետք է անել այնպիսի գործողություններ, որոնք կապացուցեն տվյալ աշտարակների գլխին կանգնած ղեկավարների սնանկությունը: Իմ կարծիքով՝ այսօր ամբողջ Ռուսաստանը հասկացավ, որ ո՛չ Շոյգուն, ո՛չ Գերասիմովը հեղինակություն չեն ոչ միայն «Վագների» համար, այլ նաեւ սեփական բանակի, որն առանձնապես ոչ էլ պատրաստվում էր հանուն իրենց ինչ-որ գործողություններ անել: Եվ միայն Գերագույն գլխավոր հրամանատարի խառնվելուց հետո որոշակի պրոցեսներ տեղի ունեցան, եւ սկսվեց պետական մեքենայի դիմադրությունը: Կա տարբերակ, որ Պրիգոժինին որոշել էին հեռացնել «Վագների» ղեկավարությունից եւ փորձել մասնավոր ռազմական կազմակերպությունը վերցնել պաշտպանության ղեկավարության տակ: Սա «Վագների» համար կնշանակեր ոչ միայն հեղինակության կորուստ, այլեւ ֆինանսական մեծ խնդիրներ կառաջացներ, որովհետեւ մասնավոր ռազմական կազմակերպություների հիմնական նպատակը նաեւ գումար աշխատելն է: Հետեւապես, սա միգուցե ստիպել է Պրիգոժինին գնալ այսպիսի քայլերի, բայց այստեղ ուրիշ հարցեր են առաջանում: Մենք բոլորս մտածում ենք, որ «Վագներն» ինչ-որ բանտից դուրս եկած «զբռոդ» է, բայց իրականում «Վագների» իրական հրամանատարները ռուսական ГРУ-ի, ФСБ-ի եւ «Ալֆայի» բարձրաստիճան նախկին սպաներ են եւ հաստատ կապերն իրենց հարազատ կառույցների հետ չեն կորցրել: Հետաքրքիր փաստ էր, որ, օրինակ Շոյգուն եւ Գերասիմովը փախան Ռոստովից, այնտեղ մնացել էր բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, որը, ըստ որոշ լուրերի, նաեւ ղեկավարել է այս պրոցեսը, որովհետեւ բոլորը հասկանում են, որ Պրիգոժինը, որպես զինվորական, առանձնապես իրենից բան չի ներկայացնում, նա լավ «փիառշիկ է» եւ լավ բիզնեսմեն է: Իսկ այդպիսի «մարշ-բրասոկ» կազմակերպելու համար առնվազն պետք է լինես բարձրաստիճան զինվորական, եւ շատ հավանական է, որ նույն Սուրովիկինը որեւէ բարձր պաշտոն կստանա:
«ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ԴԻՄԱՑԻ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԴԻՄԵԼ ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ»
— Այն, ինչ տեղի ունեցավ, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն իրականացնող Ռուսաստանին կթուլացնի՞, թե՞ հակառակը՝ ավելի ուժեղացած դուրս կգա այս պատմությունից:
— Պատերազմող երկրներում, երբ այսպիսի պրոցես է սկսվում, մենք կարող ենք հիշել, թե ինչ կատարվեց Ադրբեջանում: Երբ Սուրաթ Հուսեյնովն Արցախից զորքերը հանեց եւ գնաց դեպի Բաքու, մենք տեսանք, որ Ադրբեջանը սկսեց իրար հետեւից պարտություններ կրել՝ վերջացրած նրանով, որ Հուսեյնովը մտավ Բաքու եւ Հեյդար Ալիեւին Նախիջեւանից բերեց Ադրբեջան: Հետո Հեյդար Ալիեւը ազատվեց Հուսեյնովից, բայց արդեն յոթ շրջանը կորցրել էր Ադրբեջանը: Սակայն, շատերի մոտ հենց այդ հույսը կար, որ սա չի հասնի այսպիսի վիճակի, որովհետեւ, ամեն դեպքում, Պրիգոժինի եւ Պուտինի միջեւ, ըստ շրջանառվող լուրերի, այսքան ժամանակ կար ինչ-որ կապ, եւ Պրիգոժինի միջոցով անմիջականորեն Վ. Պուտինը կարողանում էր ռազմաճակատում որոշակի հարցեր լուծել՝ Պաշտպանություն նախարարությունից զատ: Եվ Վ. Պուտինի ելույթում շատ հետաքրքրական էր, որ նա որեւէ անուն-ազգանուն չտվեց՝ թե՛ «Վագներից», թե՛ այլ կողմից: Նա ասաց, որ սա անձնական դավաճանություն է, բայց չասաց՝ ով է: Կարելի է մտածել, որ դա եղել է Պրիգոժինը կամ այլ մարդ, ենթադրենք, հատուկ ծառայություններն իրեն ասել են, որ ինչ-որ մարդ իր նեղ շրջապատից հենց այս ամենի հետեւում կանգնած է: Սա նշանակում էր, որ բանակցություններ են գնում, եւ դրա համար էլ նշանակել հենց Պրիգոժինին, որպես դավաճան եւ հանցագործ, նա այդ ժամանակ չուզեց: Հիմա տեսնում ենք, որ կոնֆլիկտը հանգուցալուծվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անմիջական մասնակցությամբ: Պրիգոժինը հեռանում է Բելառուս, «Վագները» վերադառնում է իր դաշտային ճամբարները, եւ այստեղ արդեն իմ կարծիքով՝ որոշակի քայլեր պետք է լինեն նաեւ Ռուսաստանի իշխանությունների կողմից, որովհետեւ կոնֆլիկտը լուծված չէ: Իհարկե, նա անմիջապես չպետք է հանձներ Շոյգուին եւ Գերասիմովին, որովհետեւ դա կնշանակեր, որ Պրիգոժինն իր ուզածին հասավ: Այդպիսի բան չի լինի, բայց մոտ ժամանակներս, ըստ իս, փոփոխություններ լինելու են, որովհետեւ հակառակ դեպքում կնշանակի, որ կոնֆլիկտը չի լուծվել, եւ այդ մարդիկ, ովքեր հեղինակություն փաստորեն չունեն, ուղղակի, մնալու են այնտեղ՝ չունենալով որեւէ ազդեցության լծակ: Դրա համար ինչ-որ բան սպասելի է: Իհարկե, շատերը համոզված էին, այդ թվում նաեւ ես, որ այս ամենն արյունահեղության չէր հասնի, եւ Պրիգոժինի մոտ չի ստացվի, որովհետեւ ընդհանրապես քաղաքական տեսությունների մեջ այսպիսի բան կա, որ գունավոր հեղափոխությունները, հեղաշրջումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ դիմացի կողմը՝ իշխանությունները, պատրաստ չեն դիմել կտրուկ քայլերի: Այսպիսի խոսք կա, որ թավշյա հեղափոխության հիմնական գրավականը թավշյա ոստիկանությունն է: Եվ եթե երկրի ղեկավարը, ինչպես ժամանակին Լուկաշենկոն, ցուցաբերում է կամք եւ պատրաստ է զենքով պաշտպանել իշխանությունը, սահմանադրական կարգը, այդտեղ շատ բարդ է հեղափոխություն անել: Այսօր Պրիգոժինը հասկացավ կամ իրենց հասկացվեց, որ իրեն առանձնապես չեն ներելու, որովհետեւ այն, ինչ սկսվեց կատարվել Մոսկվայի մոտ, ցույց է տալիս, որ եթե այդ սցենարով են գնալու, ապա Վ. Պուտինը չի պատրաստվում իշխանությունը հանձնել: Ամեն դեպքում, այն, ինչ կատարվեց Ռուսաստանում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, թույլ տվեց նաեւ Վ. Պուտինին ստուգել (ռուսերեն կոչվում է՝ проверка на вшивость), թե որ մարդիկ են պատրաստ իր համար մինչեւ վերջ գնալու իր շրջապատից, որ մարդիկ են թուլամորթ, որ մարդիկ ձայն չհանեցին, իսկ որ մարդիկ անցան Պրիգոժինի կողմը: Սա լավ առիթ էր ստուգելու եւ պարզելու, թե ով է պատրաստ այլ ուժերի կողմից կազմակերպված Ռուսաստանի ռազմական հեղաշրջման դեպքում միանալու դրան: Եթե մենք հանգում ենք այն տարբերակին, որ սա կազմակերպված էր, Պրիգոժինի օգնությամբ Վ. Պուտինը նաեւ իր մոտ շրջապատում հասկացավ, թե ովքեր են ռեալ իր կողքին կանգնողները, ովքեր են դավաճանները եւ ովքեր թուլամորթները, որոնցից պետք է ազատվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ