Ծննդյանս օրվան նվեր` խաղաղություն եւ բարություն եմ խնդրում. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
— Երկարատև դադարից հետո հիմա ակտիվ եք: Հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել անձնական կյանքի, ընտանիքի հետ: Հատկապես երբ որ փոքր երեխաներ ունեք:
— Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում: Ժամանակն ինձ ցույց տվեց, որ առանց ստեղծագործելու չեմ կարող ապրել: Որովհետև իմ ինքնաարտահայտումս երգի միջոցով է: Դա իմ դաշտն է: Ես երբեք չեմ կարող առանց երգարվեստի, առանց ստեղծագործելու, առանց բեմի և առանց իմ հանդիսատեսի ապրել: Այդ պատճառով էլ երևի թե նույնիսկ մեծ դժվարություններով` համատեղելով փոքրիկ երեխաներին, ընտանիքս իմ սիրած աշխատանքի հետ, նորից կարողացա ոտքի կանգնել և լինել արվեստում:
— Առավոտն ինչպե՞ս եք սկսում:
— Շատ դաժան, որովհետև տղաս շատ շուտ է արթնանում, իսկ ես կցանկանայի մի քիչ էլ երկար քնել: Գրիգորս երեք տարեկան է: Երկուսուկես տարեկանից մանկապարտեզ է հաճախում: Արդեն ուզած-չուզած պետք է արթնանամ: Այս ամենի հանդեպ էլ դիմադրողականություն եմ ձեռք բերել, որովհետև ես միանշանակ համոզվել եմ մի բանում` Աստված մայրերին գերբնական ուժ է տալիս: Այլապես մայրերը չէին կարող դիմանալ այս ամենին: Հենց կինը մայրանում է, այդ ուժն էլ հետը տրվում է, որպեսզի դիմակայի: Տղայիս տանում եմ մանկապարտեզ ու արդեն զբաղվում առօրյա գործերով: Սովորաբար օրս արդեն պլանավորած եմ լինում: Բնականաբար, վազքը շատ-շատ է:
— Շոգ ամառ է, չե՞ք պատրաստվում հանգստի մեկնել:
— Այս տարի աղջիկս պետք է դպրոց ընդունվի: Դեռևս այդ նախապատրաստական գործերով ենք: Կարծում եմ, եթե արտերկիր չգնամ, Հայաստանում էլ կան շատ լավ տեսարժան վայրեր: Ես ինքս կողմնակից եմ լինել անտառային բնության գրկում, որտեղ կա շատ թթվածին, երեխաներին էլ է այդ ամենը շատ օգտակար: Հանգստի մասին կմտածեմ միգուցե հուլիսի վերջին:
— Հուլիսի 4-ին Ձեր ծննդյան օրն է: Այդ օրը բեմո՞ւմ եք լինելու:
— Երկու տարի առաջ ամուսինս ասաց` ի՞նչ ես ուզում այդ օրվա համար նվեր: Ասացի` համերգ: Ես ինքս ինձ համերգ պետք է նվիրեմ: Որովհետև դա այդ պահի համար գերագույն նվերն էր ինձ համար: Կարոտել էի բեմը, հանդիսատեսիս, երգելս…Եվ ծննդյանս օրը նշեցի բեմում: Համատեղեցի մենահամերգս` կենդանի նվագակցությամբ ծննդյանս տոնի հետ: Շատ լավ օր ունեցանք: Եվ հետո մտերիմ ընկերական շրջապատով ունեցանք After Party Երևանի ակումբներից մեկում: Բոլորս լավ ուրախացանք: Ամեն ինչ հիանալի անցավ: Այս տարի չեմ կարծում, որ ծննդյանս օրը կնշեմ բեմում, որովհետև կլոր ամյակ չէ: Ամենայն հավանականությամբ, նեղ ընտանեկան շրջապատում կնշեմ ծննդյանս տարեդարձը:
— Ի՞նչ կցանկանաք, որ Ձեր ծննդյան օրը նվիրեն:
— Ծննդյանս օրվան նվեր` խաղաղություն, բարություն եմ խնդրում: Ուզում եմ, որ մեր երկրում չլինի չարություն, նախանձ: Եվ ապրենք շատ լավ, խաղաղ երկնքի տակ:Հայերը ոչ թե գնան մեր երկրից, այլ` վերադառնան:
— Հասմիկ Կարապետյան և Շուշան Պետրոսյան շփման մասին ի՞նչ կասեք: Համացանցում շրջանառվում էին լուրեր, որ միմյանց հետ դադարել եք շփվել:
— Այո, դա իրական պատմություն է: Մի հարցի շուրջ տարբեր կարծիքներ ենք ունեցել: Բայց, փառք Տիրոջը, մենք միմյանց հետ այնքան մտերիմ ենք, որ այդ ճղճիմ կոնֆլիկտը չէր կարող մեզ բաժանել: Քույրերի մեջ էլ են լինում կոնֆլիկտներ, որոնք հետո անցնում են: Կարևորը մենք ոչ մի անգամ չենք դադարել իրար սիրել: Ամեն ինչ նույնն է: Այս պահին նախապատրաստվում եմ Շուշան Պետրոսյանի համերգին:
— Շփման մեջ լինում եմ նաև կոնֆլիկտային իրավիճակներ: Դուք դա ինչպե՞ս եք հաղթահարում:
— Ես այն երջանիկներից եմ, որ հիմնականում բարեդրացիական վերաբերմունք եմ ստացել: Սակայն նաև եղել են մարդիկ, որոնք փորձել են ինձ վիրավորել, իմ մասին սխալ տեղեկատվություն տարածել, չարախոսել են: Դրանք բոլորի կյանքում էլ կան: Ես հիմա նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում այդ ամենին: Ես իմ անկեղծությամբ եմ միշտ հաղթում: Երբեք չեմ փոխի ինձ չարակամների պատճառով: Ես երջանիկ եմ, որովհետև զգացել եմ՝ մարդիկ ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ:
— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
— Ամենամեծ նպատակս՝ նոր տեսահոլովակ նկարահանելն է: Առաջիկայում պատրաստվում եմ նոր պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումների: Հասկացել եմ, որ ինձ նոր ֆոտոսեսիաներ են պետք: Պատրաստվում եմ համագործակցել տարբեր լուսանկարիչների հետ: Իսկ նոր տեսահոլովակը, որ պետք է նկարահանեմ, երկու երգերի շուրջ է գնում բանակցությունները: Երգերիս խոսքերը, ինչպես միշտ, վստահել եմ Ավետ Բարսեղյանին: Մենք, բացի նրանից, որ շատ լավ ընկերներ ենք, կարծում եմ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միշտ համագործակցել ենք մեր արվեստի կայացման ճանապարհին: Ուզում եմ, որ նոր տեսահոլովակ լինի, որովհետև լսարանս արդեն չի սպասում, այլ պահանջում է ինձանից:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

