Բեռնաթափում. ԿԳՄՍՆ-ն՝ հայ հին եւ միջնադարյան գրականությունը դուրս թողնելու լուրերի մասին
Հասարակություն
Համաձայն մամուլում տարածված լուրերի, հայ հին եւ միջնադարյան գրականությունը դուրս է թողնվել հայ գրականություն առարկայից: Ինչու եւ ինչ գրականությամբ է փոխարինվել, «Իրավունքը» պարզել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, թե չափորոշիչային փորձագիտական խմբի յուրաքանչյուր անդամի պարտքն ու պատասխանատվությունն է եղել հայ ինքնության ու ազգային արժեքների պահպանումը: Ըստ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաների ծրագրերի, հին եւ միջնադարյան գրականությունն ուսումնասիրվում է 9-րդ դասարանում, ինչպես նաեւ ամրագրված է առարկայական գործող ծրագրում, հետեւաբար, այն համարվում է պարտադիր ուսումնասիրման նյութ:
«10-րդ դասարանում ուսումնական նյութի կրկնությունից խուսափելու նպատակով, բայց եւ ժամանակագրության պահպանման սկզբունքից ելնելով՝ ուսումնական նյութի ուսումնասիրումը սկսվում է Խ. Աբովյան հեղինակով: Միջնադարյան գրականությունն առաջարկվում է ուսումնասիրել լրացուցիչ գրականության ցանկում՝ «Ինքնություն եւ մշակույթ» թեմայի շրջանակում, որը լիովին հնարավոր է դպրոցական բաղադրիչն օգտագործելու դեպքում: Այդ շրջանին կարելի է անդրադառնալ նաեւ հետազոտական եւ նախագծային աշխատանքներն իրականացնելիս, որն ավելի լայն հնարավորություն է տալիս ժամանակաշրջանն ու այլ իրողություններ քննել տարբեր տեսանկյուններից: Հետեւաբար, մի հեղինակ կամ ժամանակաշրջան մեկ այլով փոխարինելու հարց չկա, պարզապես կատարվել է ծրագրի բեռնաթափում, սակայն միջնադարյան հեղինակների ստեղծագործությունները եղել եւ մնում են ուսումնական ծրագրում՝ որպես պարտադիր ուսուցման նյութ»,- ընդգծում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ Տավուշի մարզում ծրագիրը մեկ տարի փորձարկելու արդյունքում փորձագիտական խմբի մոտեցումներն արդարացվել են. ե՛ւ դասալսումները, ե՛ւ մշտադիտարկումները, ե՛ւ հարցումները (իրականացվել են տարվա ընթացքում երեք անգամ), ե՛ւ ֆոկուս խմբերի հետ հանդիպումները ցույց են տվել, որ առաջարկված փոփոխություններով ծրագիրը, ընդհանուր առմամբ՝ կիրարկելի է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ