Չեմ կարծում, որ Արցախում կլինի որեւէ պաշտոնյա, առավելեւս ԱԳՆ նախարար, ով կարող է դավաճանել Արցախի շահը. Դավիթ Բաբայանի պատասխանը Վաշինգտոնյան դիվանգիտական աղբյուրին
ՆերքաղաքականՎաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ «Վաշինգտոնը վերջնագրային ձեւով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։ Վերը նշվածին հաջորդեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաեւ Բաքվին եւ Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»:
Վերը նշվածի վերաբերյալ «Իրավունքը» մեկնաբանություն խնդրեց ԱՀ ԱԳՆ նախկին նախարար, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից, ով նկատեց.
-Մենք երբեք դեմ չենք եղել բանակցությունների վերսկսմանը, բայց մեզ համար անընդունելի է այդ բանակցությունները վերածել ներադրբեջանական երկխոսության, ինչին ձգտում է Բաքուն: Այսինքն մեզ ներկայսցնել որպես ահաբեկիչներ, որպես հանցագործներ, ովքեր մեղայականով գալիս են խնդրելու, աղաչելու, որպեսզի Մայր Ադրբեջանը իրենց ների, սա պաշտոնակ Ստեփանակերտի համար անընդունելի է, կա ու կլինի: Հետեւաբար, եթե բանակցում ենք, ապա պետք է բանակցենք նորմալ, արժանապատիվ կերպով, ինչին դեմ է Ադրբեջանը: Եվ ես չեմ կարծում, որ Արցախում կլինի որեւէ պաշտոնյա, առավելեւս ԱԳՆ նախարար, ով կարող է, փաստորեն, դավաճանել Արցախի շահը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է խեղդամահ անել Արցախը, բայց մենք ընտրել եւ ընտրելու ենք արժանապատիվ դիմադրության ճանապարհը:
