«Кто ты по гороскопу», «какой сон приснился тебе сегодня». Ինչ նվաստացումների միջով են անցնում մեր հայրենակիցները ադրբեջանական անցակետով անցնելիս
ՆերքաղաքականՀայտնի է, որ ապրիլի 23-ից Արցախում Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմն անցակետ է տեղադրել` կտրելով Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։
Հունիսի 1-ից Ստեփանակերտից օրական մեկ անգամ ավտոբուս է` ռուս խաղաղապահների վերահսկողությամբ արցախցիներին տեղափոխում ՀՀ եւ հակառակը: Իհարկե, այս երթուղուց օգտվելու համար պետք է նախապես գրանցվել, հերթագրվել:
Ի՞նչ խնդիրների հետ բախվում մեր հայրենակիցները թշնամու անցակետով անցնելիս «Իրավունքը» հարցում է արել անցակետի բարոյական «արգելքները» հաղթահարած արցախցիների հետ:
«Առաջին հայացքից լուրջ արգելքներ չկան, բայց ստորացման մի ամբողջ համակարգով ես անցնում: Կանգնեցնում են ուզում անձնագիրդ, կրկնօրինակում ու սկսում ծաղրական հարցեր տալ, ինչպես օրինակ` «Кто ты по гороскопу», «какой сон приснился тебе сегодня» ու նմանատիպ այլ նվաստացուցիչ հարց ու պատասխանների մեջ ենք ընկնում, մինչեւ անձնագիրը ուսումնասիրելը»,-ասաց արցախցի Ա. Սարգսյանը:
«Շատ բարեհամբյուր կերպով խնդրում են անձնագրերը, վերցնում ու սկսում շոուն, ինչպես օրինակ, «հեչ նման չես քեզ, հաստատ քո անձնագիրնա», «ինչ գործով ես գնում, երբ ես հետ գալու», «ինչ եղանակ ես ավելի շատ սիրում», -հուզմունքը զսպելով պատմեց արցախցի տարեց տղամարդը` Կ. Մարգարյանը:
Նկատենք, որ ՀՀ անձնագրերով քաղաքացիներին տվյալ անցակետով թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ:
