Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի` Արցախի հայերը հանցագործ են, էլ ի՞նչ ձեւով ասի, որ պարզ լինի իրենց դիրքորոշումը. Այվազյան
Ներքաղաքական
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե ուրախ են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունը շարունակվում է, եւ ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել` Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է: Միլլերը նաեւ նշել է, թե վերջերս իրենց երախտագիտությունն են հայտնել խաղաղության հարցում Նիկոլ Փաշինյանի հանձնառության առթիվ եւ ողջունել Ալիեւի վերջին հայտարարությունները ԼՂ հայերի համաներման հարցը քննարկելու մասին:
«Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ գնահատմամբ` սա նշանակում է, որ, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի, Արցախի հայերը հանցագործ են:
— Անկախ նրանից` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին սիրում ենք, թե` ոչ, հարցը սա չէ: Ենթադրենք նրա փոխարեն նորմալ, հայրենասեր ղեկավար լիներ, իր նկատմամբ էլ են ասելու, որ հանցագործ է: Այսինքն` Արցախի ցանկացած մեր հայրենակից, որը պատրաստ է Արցախի ղեկին հայտնվելով պաշտպանել Արցախը` ԱՄՆ պետդեպարտամենտի համար հանցագործներ են: Սա է այն միջազգային հանրությունը, որ ասում են, թե Արցախը պետք է դիմի: Ի սկզբանե սա արդեն պարտված «պարտիա» է, որովհետեւ միջազգային հանրությունը պարզ լեզվով արդեն քանի ամիս է ասում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Էլ ի՞նչ ձեւով ասի ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրամիությունը, որ պարզ լինի մեզ համար իրենց դիրքորոշումը: Լոլոներ են կարդում` Արցախի հայության իրավունքներ, անվտանգություն եւ այլն, բայց փաստացի ճանաչում են Ադրբեջանի մաս: Հետեւաբար, այն գիծը, որ տարվել է եւ շարունակում է տարվել, այլեւս աշխատող չէ: Հղում անել միջազգային հանրությանը, մեղմ ասած, անարդյունք է: Իմ կարծիքով` Արցախը պետք է անի որոշակի քայլ, որից, ի դեպ, Արեւմուտքը շատ խիստ վախենում է: Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այդ դեպքում` ինչպե՞ս են իրենք մեր տարածքային ամբողջականությունը որոշում ԽՍՀՄ օրենքներով ու քարտեզներով: Ինչո՞ւ ենք մենք համաձայնում, որ տարածքային ամբողջականության հարցը որոշվի ԽՍՀՄ օրենքներով, բայց Հայաստանի քաղաքական ուժերն ամեն ինչ անում են, որ հարցը տեղափոխվի միջազգային իրավունքի տիրույթ, որտեղ Արեւմուտքը կանգնում է որպես միջազգային իրավունքի հիմնական շահառու, որն էլ հիմա ասում է, թե Արցախը Ադրբեջանի մաս է: