ԲՍՓ-ն դարձել է դժոխք՝ պատերազմում ոտքերը կորցրած զինվորների համար
Հասարակություն
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն իսկական դժոխք է դարձել 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած զինվորների համար: Նրանցից շատերը բողոքում են նվաստացուցիչ փորձաքննության ընթացքից, երբ ԲՍՓ գործակալության խումբն ամեն անգամ երկար-բարակ փորձում է համոզվել, թե կարո՞ղ է «ձեռք ու ոտք նորից աճած լինի» (ձեւակերպումը զինվորիների վրդովված հարազատներինն է):
Եվ սա էլ դեռ քիչ է, պատճառաբանելով, որ պետությունն արդեն իրենց պրոթեզավորման «հարցերը լուծել» է՝ մասսայաբար զրկում են պատերազմի հերոսներին հաշմանդամության 1-ին կարգից՝ տեղափոխելով 2-րդ կարգ: Ըստ նրանց, եթե պրոթեզավորված է, ապա կարող է ապրել լիարժեք կյանքով, իսկ ոտքն ու ձեռքն, արի ու տես, որ կենսական օրգան չեն համարվում: Սրանով տղաներին զրկում են տարատեսակ արտոնություններից, ինչպես նաեւ 200 հազար դրամ թոշակից:
Ի դեպ, այս մասին բարձրաձայնել է նաեւ հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, մասնավորապես՝ ընդգծելով. «44-օրյա պատերազմում երկու ոտքերը կորցրած վիրավոր հերոս Արամ Արզումանյանին զրկեցին հաշմանդամության 1-ին կարգից՝ տեղափոխելով 2-րդ կարգ… Առաջիկա օրերին նույն բախտին կարժանանա նաեւ երկու ոտքերը կորցրած, վիրավոր հերոս Հովսեփ Առաքելյանը: Ընդ որում՝ տղաների պրոթեզավորումներն իրականացվել է տարբեր հիմնադրամների կողմից, որոնք պետական չեն համարվում: Պետությունը մասնավոր կառույցների կատարած աշխատանքն իրեն վերագրելով՝ հրաժարվում է իր պարտավորություններից…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ