Լճացած, վախեցած վիճակից պետք է դուրս գալ. Իրինա Ծատուրյան
ՏեսանյութերԻնչ է կատարվում այսօր մեր շուրջը, եւ ինչպես հաղթահարել առկա ճգնաժամը, այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:
— Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց ունեցանք Սարդարապատի հերոսամարտ, իսկ 44-օրյա ցեղասպան պատերազմից 3 տարի անց դեռ միայն շարունակում ենք կորուստներ ունենալ: Ինչո՞ւ:
— Պատճառն ապատիկ վիճակն է, որը բավականին լուրջ է: Դուք Սարդարապատի օրինակը բերեցիք, բայց այն ժամանակ մեր պապերը եւ պապերի պապերը ցեղասպանությունից հետո` իրենց կորցրած հողերը շարունակում էին համարել իրենց տունը, իսկ հիմա տպավորությունն է, որ շատերն իրենց տունն էլ, որտեղ հենց հիմա ապրում են, իրենցը չեն համարում: Մարդու համար ամենակարեւորը վաղվա օրվա ապահովությունն է, որը կորել է: Տեսե՞լ եք, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղ ու դադար չկա, մարդիկ մազապուրծ դուրս են գալիս երկրից, գնում ԱՄՆ, Եվրոպա: Իհարկե, շատերը, օրինակ` ձեր խոնարհ ծառան, չեմ պատրաստվում որեւէ տեղ գնալ, բայց մարդիկ, ովքեր գնում են, իրենց էլ ոչինչ չես կարող ասել: Պարզապես, վերջին տարիներին թուլացել է ազգասիրությունը, եւ այն գիտակցումը, որ սա մեր հողն է, մեր հայրենիքն է: Մեր այն հայրենակիցները, որոնք Սպիտակի երկրաշարժից առաջ էին դուրս եկել երկրից, միաբերան ասում էին, որ եթե երկրաշարժի ժամանակ լինեին Հայաստանում, իրենք չէին դուրս գա երկրից, կմնային, կշենացնեին, կօգնեին: Իսկ հիմա մարդկանց մեջ մտել է անտարբերությունը` այն, ինչի մասին բազմաթիվ անգամ գոռում էի, որովհետեւ նույնիսկ պոլիտոլոգիան շատ մեծ կապ ունի հոգեբանության հետ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ լինելու հոգեբանությունն այդպես էլ չմտավ մեր մեջ, այն է` եթե ես չէ, ապա ո՞վ, ես եմ իմ երկրի տերը, ես եմ որոշում կայացնողը, եթե ես եմ մասնակցում ընտրություններին, ուրեմն՝ իմ ձայնը պետք է անցնի: Մինչդեռ առօրյա խոսակցությունների ժամանակ շարունակում ենք լսել, թե՝ «ամեն ինչը մեր փոխարեն որոշված է եւ այլն», եւ եթե ես մասնակից չեմ այս ամենին, կգնամ ուրիշ երկիր, այնտեղ կդառնամ քաղաքացի:
— Շարքային քաղաքացուն ուղղորդում է էլիտան՝ լինի քաղաքական, թե՝ մշակութային, բայց շատերը հեշտությամբ հարմարվեցին առկա իրավիճակին, կորուստներին: Այս դեպքում ո՞վ պետք է առաջնորդի շարքային քաղաքացուն:
— Ցանկացած իշխանափոխության ժամանակ, իշխանության խոշորագույն լծակներից մեկը վախն է: Օրինակ` ֆեյսբուքյան էջերը փակվում են, նրանք, ովքեր փորձում են ինչ-որ բան ասել, ժողովրդի լեզվով ասած՝ բերաններին գալիս են, եթե շոուբիզնեսից են, չեն հրավիրում այլեւս համերգների, եթե այսպես ասած՝ հներից են, բայց ունեն մեծ փորձ` զինվորական կամ գործադիր համակարգում աշխատելու, ոչ մեկին չեն ընդգրկում: Մինչդեռ անգամ բոլոր թագավորների ժամանակ, ընդ որում՝ բոլոր երկրներում կային խորհրդատուներ, նազիր-վեզիրներ, որոնք, փորձ ունենալով հանդերձ, մի երկու խելացի միտք կարող են ասել նոր մարդկանց: Այլ ոչ թե նշանակել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ 28 տարեկան աղջկա, որը պարզ չէ, թե որ երկրում երեխա է ծննդաբերում եւ նույնիսկ չի բարեհաճում վերադառնալ: Այս ամենից Սովետի հոտն է գալիս, երբ գալիս էր որեւէ նոր իշխանություն, հնի մասին իսպառ լռում էին, ոչ ոք ոչինչ չէր հիշում, թեպետ կարելի էր հնից վերցնել դրականը: Օրինակ` Խրուշչովը գնաց, անունը չէին տալիս, Բրեժնեւը գնաց՝ անունը չէին տալիս… Թվում է, թե հիմա նոր հասարակարգ է ձեւավորվել, բայց իրականում այն բովանդակությամբ շատ հին է մնացել: Ասում են՝ առաջընթաց կա, դեմոկրատիա է, որտե՞ղ է այն, ես չեմ տեսնում: Ուղղակի, ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իրենք իրենց իմացածով կամ ինչ-որ ծրագրերով փորձում են ղեկավարել մեզ՝ վերցնելով մեզնից մեր մշակութային, կրթական, հոգեւոր արժեքները: Իհարկե, մենք կհարատեւենք, այսպես չի մնա, մեզնից հնարավոր չէ մեր արժեքները խլել: Երիտասարդների մեջ մի ստվար բանակ կա, որոնք, միեւնույնն է, դավանելու են այդ արժեքները: Սա հոգեբանություն է. երբ հայրիկը մայրիկի մասին վատ է խոսում, երեխան մորը սկսում է ավելի սիրել, երբ մայրն է հայրիկի մասին վատ խոսում, երեխան ավելի հորն է հարգում: Նույն կերպ մեր արժեքներն են: Հիշեք, երբ Դադիվանքը պետք է հանձնվեր, ինչ էր կատարվում, ինչքան մարդ գնաց ուխտագնացության:
— Տիկին Ծատուրյան, փաստորեն, մինչեւ չենք կորցնում, չե՞նք արժեվորում մեր ունեցածը:
— Ժողովրդական ասացվածք կա՝ գնա մեռի, արի սիրեմ… Մենք սովորել ենք տառապել, վատ ապրել, ինչ-որ տեղ կմկմալով-վախվխելով եմ ասում, բայց մեր տառապանքները, կարծես, հենց մենք սարքենք: Մենք զրկում ենք մեզ ամենակարեւորից՝ ընտրության իրավունքից. ես կարող եմ տառապել, բայց կարող եմ նաեւ չտառապել, կարող եմ հասկանալ` ստեղծված իրավիճակում ես ինչպես պետք է ինձ պահեմ, ոչ թե ասեմ՝ տեսար էլի ինչ եղավ եւ լացեմ: Հիմա գուցե ժամանակն է, որ մենք այդպիսի մտածողություն մտցնենք, ընկալենք այս վիճակն իբրեւ էլի ժամանակավոր եւ հավաքենք մեր ուժերը, հասկանանք՝ որտե՞ղ կարող ենք հասնել փոփոխության: Իմ այցելուներից մեկը, որը արտերկրում էր ապրում, ասաց՝ էլ չեմ դիմանում երկրորդ սորտի մարդ լինելուն, վերադառնում եմ հետ: Ճիշտ է, շատերը գնում են երկրից եւ հաջողություններ են ունենում, ֆինանսապես ավելի կայուն են լինում, բայց ունենում են շատ լուրջ կորուստներ: Օրինակ` անցյալ տարի մի քանի եվրոպական երկրներում եմ եղել, եւ երեխաները այն ընտանիքների, որտեղ մենք հյուրընկալվել էինք, հայերեն չէին խոսում: Ծնողներն ասում էին՝ տիկին Ծատուրյանի եւ պարոն Ներսիսյանի (ամուսնու) հետ հայերեն խոսեք, իրենք խոսում էին այն լեզվով, որ երկրում ապրում էին: Հայոց ցեղասպանությունից հետո՝ աշխարհով մեկ սփռված հայերը լեզուն պահում էին, իսկ այսօր հայերեն չեն խոսում: Իսկ մենք հիմա այս ուղղությամբ ոչինչ չենք անում: Սփյուռք բառն էլ, կարծես, արժեզրկված լինի: Հիմա գտնվում ենք գլոբալ փոփոխությունների մեջ, որը դեռ հույս ունեմ, որ լավ կավարտվի: Մենք հին ազգ ենք, վաղուց ենք քրիստոնյա, թեպետ երբեմն կեսկատակ-կեսլուրջ ասում եմ՝ այնքան վաղուց ենք քրիստոնեությունն ընդունել, որ արդեն որոշ բաներ մոռացել ենք, ինչպես մեծահասակ մարդն է հիշողության կորուստներ ունենում: Համենայնդեպս, այս լճացած, վախեցած վիճակը պետք է փոխել, ինչը հետեւանքն էր նաեւ քովիդի եւ պատերազմի: Քովիդից հետո՝ մարդկանց մեջ մտավ նոզոֆաբիան՝ հիվանդանալու վախը, հիմա մարդիկ առողջության վրա դողդողում են, քան երբեւէ: Իհարկե, առողջությանը հետեւել պետք է, բայց ոչ թե դողալ, դրանք տարբեր են: Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, եթե մենք գտնվենք նույն տաղավարում, որտեղ լիներ մի կին, որի որդին չի վերադարձել, չէինք կարող իր ներկայությամբ ժպտալ կամ կատակներ անել, այսինքն՝ այդ ողբը շարունակվում է: Ինչքան ես եմ հետեւում, այդ կանանց համար, բացի նրանից, որ ժամանակ առ ժամանմակ հրավիրում են ինչ-որ տեղ, խմորեղեն ուտելու, ոչ մի ծրագիր չկա: Նրանցից մեկն ինձ դիմել էր, որը կորցրել էր իր մինուճար տղային, ամուսնացած էլ չէր, որ կարողանար երկրորդ անգամ երեխա ունենալ: Այդ կանանց համար կարելի էր ծրագրեր մշակել, որ գնային, օրինակ, մանկապարտեզներում աշխատեին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.