Արեւմտյան դրածոների ուզածը չի ստացվում, ռուսները կրակ չեն բացելու. Շաքարյանց
Ներքաղաքական
«Իրավունքի» զրուցակիցն է անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:
— Որքանո՞վ այսօր Հայաստանը կարող է կամ իրավունք ունի ստեղծված իրավիճակի համար մեղադրել այս կամ այն միջազգային կառույցին կամ պետությանը, արդյո՞ք կարող ենք պահանջատեր լինել, մենք այստեղ չունե՞նք անելիքներ:
— Եթե քո մեղքով ստեղծվել է որեւէ իրավիճակ, եւ դու նույնիսկ նպաստել ես դրան ու, հետո ձեւանալով, թե իբր միայն թուրքերի նենգության պատճառով է Հայաստանը հայտնվել այդ վիճակում, մի քիչ մանկամտություն է, ես մեղմ սահմանումներ եմ ընտրում: Օրինակ՝ 2013թ.-ին, Եվրամիության առաջին պահանջն է եղել, որպեսզի Արցախի ու Հայաստանի միջեւ մաքսատներ դրվեն, այսինքն՝ սահման զատվի, ինչպե՞ս եք դուք պահանջում ԵՄ-ից, ո՞ւմ եք դիմում, ի վերջո, ո՞ւմ կամքը կատարեցիք: Ի՞նչ իմաստ ունի պահանջել նույն կառույցներից, որոնք պրակտիկորեն կանաչ լույս են վառել, որպեսզի հայերից խլվեն հողերը, հիմա գալ ու ասել` օգնեք մեզ, ինչո՞ւ:Դու դրսեւորեցիր հիմարություն կամ թուլություն ու այդ պայմաններում նեղանո՞ւմ ես արտաքին աշխարհից: Նույնը վերաբերում է առանձին պետություններին: Միայն Արցախի անկման պահից հետո աշխատեց, այդպես կոչված, հարավային գազային միջանցքը, բոլորը դա մատնանշում են, ԱՄՆ-ից, դիվանագետներից սկսած` ուրախ-ուրախ դա նշում են, որ վերջապես իրենց ծրագիրը աշխատում է, հայեր չկան, թող չլինեն, թքած ունեն: Սա եղել է 90-ական թվականներից սկսած Արեւմուտքի ծրագիրը, որպեսզի կախվածությունն Իրանի գազից կամ նավթից, Ռուսաստանի նավթից կամ գազից կտրվի արեւմտյան աշխարհը, ու բոլոր կարգի վառելանյութերի շուկայի գների ու սակագների տատանումներից օգտվեն միայն ամերիկյան ընկերությունները: Հայաստանն ու հայերն են մեղավոր, որ անուշադրությամբ աշխատել են Ռուսաստանի ու Իրանի դեմ: Թող ամեն մեկը վերցնի ու իրեն պատկերացնի Իրանի, Ռուսաստանի կամ Չինաստանի նախագահ, որոնք փոխկապված են իրենց ռազմավարական ծրագրով` մեկ գոտի՝ մեկ ճանապարհ, ու մենք պետք է ասենք` այո՞, հպա՞րտ ենք, որ ընդդիմանում ենք Ռուսաստան, Իրան, Չինաստան եռյակին, ինչ հերո՞ս ենք… Արեւմուտքը թքած ունի քո հերոսության վրա, դու ուղղակի օգտագործման գործիք ես, քեզ օգտագործում են ու շարունակելու են օգտագործել, քանի որ դու չես ուզում տեսնել, որ աշխարհը փոփոխական է, ու աշխարհի փոփոխությունը ռազմավարական ուղղվածություն է: Ու այդ ռազմավարական ուղղվածության դեմ, ովքեր շատ սահմանակից են թվարկված պետություններին՝ չեն դիմանա. Ուկրաինան դիմանո՞ւմ է, չէ, 2008թ.-ին Վրաստանը դիմացե՞լ է, չէ: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն է, ի՞նչ անենք, միայն խաղաղ ցույցերով պետք է փոխենք, դե փոխեք, չեք փոխելու: ԱՄՆ դեսպանը խոստովանել է` 30 տարվա մեջ 3 մլրդ դոլար են ծախսել, որ այստեղ իշխանության գան իրենց դրածոները: Հայաստանում ծախվողները շատ-շատ են:
— Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին, նշել է, թե 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` «Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է: Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը հենց այդ պարտավորության խախտում է: Ռուսաստանը պետք է պահեր միջանցքը իր վերահսկողության տակ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նմանօրինակ հայտարարությունը:
— Սա սովորական, դեղին լրագրողին հարիր մանիպուլյացիա է, մանիպուլյացիաներով ինքը ամբողջ իր կյանքով է զբաղված: Այդ եռակողմ պայմանավորվածությունների ու փաստաթղթերի մեջ նշված են նաեւ, որ Բերձորի միջանցքի կարգավիճակը ժամանակավոր է, հինգ տարվա մեջ դու Հայաստան, այդ թվում` Արցախի իշխանությունները, պարտավորվում եք այլընտրանքային ճանապարհ կառուցել եւ բացում չեք արել: Այո՛, ռուսական վերահսկողության տակ է, շատ բարի, բայց ռուսական վերահսկողությունը, դա եռակողմ փաստաթղթում նշված է, ոչ մի բանով չի զբաղվում, բացի խաղաղություն ապահովելով, այսինքն՝ որպեսզի չվերսկսվեն ռազմական մարտերը, վա՞տ է անում, ասա կոնկրետ որտեղ է վատ անում: Խախտումներ լինո՞ւմ են, բնականաբար, լինում են, նրանք, ինչքան որ իրենց լիազորությունները թույլ են տալիս, միջամտում են: Փաստաթղթերում նշված չէ, որ այն դեպքում, երբ կողմերից մեկը խախտի այդ եռակողմ պայմանավորվածությունները, ռուսական զորքերը կրակ են բացում, նման խոսքեր չկա այդ փաստաթղթում, դա՞ է իր ուզածը, արեւմտյան դրածոների ուզածը չի ստացվում էլի, կրակ չեն բացելու: Եթե թշնամին կրակ չի բացում ռուս զինվորականության դեմ, կարող եք չերազել, որ ռուսներն առաջինը կկրակեն, կսպանեն, կհոշոտեն: Նույնը Իրանի օրինակը, զինված ուժերի ու կորպուսի մոտեցումն է, թող թշնամին առաջինը կրակի մեզ, մենք այդ ժամանակ կպատասխանենք, ու նեղանալ, լինի դա միջազգային կառույցներից, լինի հարեւան պետություններից, միայն մանկամտություն է, իմ մեղմ նոտագրումն ու սահմանումն է, որ ես կարող եմ տալ իշխանավորների բոլոր կարգի քայլերին ու հայտարարություններին: Շատ լավ են վարձատրվել ու շարունակում են հին երգը երգել, փորձելով մոլորեցնել հայությանը, սա է իրենց նպատակը, ներքին բաժանարար գծեր են քաշում հայության միջեւ:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ