Հաջորդը Սեւանն է, Տավուշն է, Երեւանն է, իսկ Սյունիքի գրավման պրոցեսը Ադրբեջանը վաղուց սկսել է. Մելքոնյան
Հանդիպում
«Իրավունքի» զրուցակիցն է «Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:
— Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա իրավիճակը, որում հայտնվել են Արցախն ու Հայաստանը:
— Նման հարցադրումը սխալ եմ համարում, որովհետեւ, երբ ասում եք` ինչպիսի՞ իրավիճակում են հայտնվել Արցախն ու Հայաստանը, նշանակում է, որ մենք առանձնացնում ենք Արցախն ու Հայաստանը: Վերջին 30 տարվա մեր ամբողջ խնդիրն այն է, որ սկսեցինք առանձնացնել Հայաստան ու Արցախը, դա շատ սխալ է, ու մեր մամուլում նման կոնտենտը, երբ շրջանառվում է՝ իրավիճակը Արցախում կամ իրավիճակը Հայաստանում, գտնում եմ, որ անգամ ենթագիտակցական մակարդակում մարդկանց մեջ բաժանում է դնում: Սա շատ վտանգավոր է, ինչը բերեց ու հանգեցրեց ներկայիս իրավիճակին: Իրավիճակը Արցախում, թե Հայաստանում նույնն է, որեւէ տարբերություն չկա, մի տեղ ընդամենը կանգնած են ռուս խաղաղապահները, մի տեղ` ռուսական զորքը:
— Մեր հայրենիքի սահմաններից ներս ու դուրս ի՞նչ է կատարվում, մեր հայրենակիցների համար այսօր ի՞նչ սպառնալիք կա:
— Այն պրոցեսին, որին 1988թ.-ից սկսած գնացել ենք, հատկապես ամենամեծ սխալները 1994թ.-ից հետո էին, այդ պրոցեսը բնական էր, որ բերելու էր սրան: Օբյեկտիվորեն կարծում եմ, որ մենք այդ աղետին գնում ենք 1994թ.-ից սկսած, որովհետեւ՝ մեր մոտեցումը եւ մեր ազգային ռազմավարությունն Արցախի հարցում եղել է սխալ, եւ այսօր քաղում ենք այդ սխալների պտուղները:
— Իսկ որո՞նք էին այդ սխալները, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց:
— Ամենակարեւոր խնդիրը, որը չարվեց, այն է, որ Բաքվի եւ Կիրովաբադի շրջաններից տեղահանված հայությունը պետք է բնակեցվեր ոչ թե Հայաստանում, Երեւանում կամ մոտիկ քաղաքներում, այլ՝ բացառապես ազատագրված շրջաններում, եւ մենք այդ առումով ունենալու էինք շատ մեծ առավելություն, մեզ օկուպանտ այլեւս չէին համարելու, որովհետեւ մենք ընդամենը նույն Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք ազգությամբ հայ էին, բերում բնակեցնում էինք միջազգայնորոն ճանաչված Ադրբեջանի տարածքում, եւ անվտանգության երաշխավոր կանգնում էր Հայաստանը: Սա ամենակարեւոր մոտեցումն էր, որը բաց թողեցինք, դրա համար մենք միջազգային ասպարեզում դիտվում էինք որպես օկուպանտ: Այն տարածքներում, որտեղ զորքերի թիվը ավելի մեծ է, քան բնակչության թվաքանակը, համարվում է ռազմականացված շրջան: Մյուս սխալն այն էր, որ հույս դրեցինք միայն Ռուսաստանի աջակցության վրա, մենք զուգահեռ պետք է զարգացնեինք այլընտրանքային անվտանգության համակարգերը, հատկապես մեր ռազմական անվտանգությունը պետք է փորձեինք դիվերսիֆիկացնել, ինչը արեց Ադրբեջանը: Սկսեց ներկրել ոչ միայն ռուսական զենք, այլեւ իսրայելական, արտասահմանյան ժամանակակից զենքերը, իսկ մենք դա չարեցինք: Սխալները կարող ենք թվարկել անվերջ` սկսած տնտեսության կառուցումից մինչեւ հասարակության կառուցում, որովհետեւ մեր հասարակությունն էլ ճիշտ չկառուցեցինք, եւ այսօր ունենք մի սերունդ, որը մեծ հաշվով թքած ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության վրա:
— Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանից», Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, արդյոք այս երկրները ուզում են Հայաստանի հետ խաղաղություն, թե՞ խնդիրն ու պահանջներն այլ են:
— Երբ վարչապետը խոսում է խաղաղության մասին, դա ժամանակ շահելու համար է, փորձելով Թուրքիային ու Ադրբեջանին ցույց տալ, որ մենք տարածքային պահանջներ չունենք, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ այսօր Հայաստանը չունի ուժ, ռեսուրս, անգամ բուն ՀՀ տարածքը պաշտպանելու համար: Բոլոր դեպքերում, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, անկախ իրենց կրթական ցենզից, բոլորն էլ հասկանում են, որ այդ խաղաղությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ժամանակավրեպ է, որովհետեւ Ադրբեջանի տարածքային պահանջները եւ ռազմաքաղաքական նկրտումները, ըստ էության, այն է, որ Հայաստանը, որպես սուվերեն պետություն, իրենց պլաններում չկա:
— Իշխանության ամենաբարձր մակարդակով է հայտարարվում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, կարելի՞ է եզրակացնել, որ հաջորդ սպառնալիքը Սյունիքում է:
— Իհարկե, ոչ թե կարող է լինել, այլ հաջորդը Սյունիքն է, Սյունիքի գրավման օպերացիան վաղուց է սկսվել, արդեն երեք տարուց ավել սկսված է, ոչ թե հաջորդը Սյունիքն է, այլ ավելի ճիշտ կանեք, որ ասեք հաջորդը Սեւանն է, Տավուշն է, Երեւանն է, Սյունիքի գրավման պրոցեսը Ադրբեջանը վաղուց սկսել է` ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական մակարդակով:
— Նիկոլ Փաշինյանը հստակ ասում է, որ Հայաստանը անկլավները վերադարձնելու խնդիր ունի, ի՞նչ տարածքներ է այն ներառում, օղակը դեռ որքա՞ն եւ մինչեւ ո՞ւր պետք է սեղմվի:
— Անկլավների մասին այդ հայտարարությունը նպատակ ունի ժամանակ շահել, նոր ռազմական գործողություններ չսկսել, ես այս ամենը նմանեցնում եմ կկվի հեքիաթին, երբ հերթով սկսում է ձագերին տալ: Եթե մարդիկ մտածում են, որ Ադրբեջանը անկլավներով բավարարվելու է, սխալվում են, Ադրբեջանը չի բավարարվելու անկլավներով, դրանից հետո նոր պահանջներ է ներկայացնելու, հետեւաբար, ժամանակ շահել ու սիրաշահելը, դա շատ վտանգավոր հետեւանքներ է ունենալու: Ես կողմ եմ, որ օր առաջ հասարակությանը պատրաստեն դիմադրության ու ինքնապաշտպանության:
— Այսինքն՝ լուծումը ո՞ւժն է:
— Վերջին մի քանի հազարամյակների պատմությունը ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանում` այո՛:
— Իսկ դիվանագիտական դաշտում այլեւս չե՞նք կարող իրավիճակ փոխել:
— Մեր պատմության մեջ երբեւէ դիվանագիտական դաշտում որեւէ բան չենք փոխել, բացի բացասականը, լուրջ հաջողություն երբեւէ դիվանագիտական դաշտում չենք ունեցել: Չեմ կարծում, որ այս վիճակով Հայաստանը կարող է ինչ-որ հաջողություն ունենալ, հակառակը` ապագայում դիվանագիտական խայտառակ պարտություն եմ տեսնում:
— Իսկ Բերձորի միջանցքը ե՞րբ կբացվի, Արցախի շրջափակումը դեռ որքա՞ն կշարունակվի:
— Բերձորի իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, ինչքան Ռուսաստանը տարածաշրջանում թուլանա, երբ Ռուսաստանը տարածաշրջանում կուժեղանա, այն ժամանակ էլ իրավիճակը կփոխվի:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ