Պատահական չէ, որ ԱՄՆ-ն Ժիրոյի միջոցով Նիկոլին սպառնաց հեղաշրջումով
ՄիջազգայինԱյն, որ հայ-ադրբեջանական գործընթացը (ներառյալ՝ արցախյան) մտել է գերակտիվ փուլ, դժվար չէ տեսնել վերջին մեկ-երկու շաբաթների իրողություններից: Նախ՝ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումն էր, որին հաջորդեց Նիկոլի այցը Մոսկվա, որից հաշված օրեր անց՝ մայիսի 14-ին նա մեկնելու է Բրյուսել՝ Ալիեւի հետ հանդիպման: Այդ հանդիպումից մեկ շաբաթ անց Նիկոլը նորից կգնա Մոսկվա՝ ԵՏՄ գագաթաժողովին, որը, ենթադրում է, որ պաշտոնական կամ կուլուարային նոր շփում կունենա Պուտինի հետ: Մոսկվայից հետո՝ հունիսի 1-ին Մոլդովայում Ալիեւի հետ նոր հանդիպման մասին հայտարարություն է արդեն եղել…
ԲՐՅՈՒՍԵԼ ԿԳՆԱ, ԲԱՅՑ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ
Ասվածը նախ արդեն իսկ վկայում է գերակտիվ գործընթացների մասին, որի դետալները Նիկոլը դարձրել է հայ ժողովրդից «յոթ փականով» թաքցվող գաղտնիք: Երկրորդ դիտարկումն էլ այն է, որ գործընթացները ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո տեղափոխվել են ամենաբարձր՝ պետության ղեկավարների մակարդակ: Իսկ այս փաստը խոսում է հետեւյալի մասին: Կա՛մ ԱԳ նախարարները կատարել են իրենցից հասանելիք ողջ աշխատանքը, այն է՝ համաձայնեցրել են բոլոր փաստաթղթերը, եւ հիմա դրանք գտնվում են ստորագրման փուլում: Այս տարբերակի դեպքում Նիկոլի այս հաճախակի տեղաշարժերն Արեւմուտքից՝ ՌԴ կարող է բացատրվել, թե նա փորձում է վերջնական որոշում կայացնել՝ ստորագրի՞ այդ փաստաթղթերը, թե՝ ոչ: Կա՛մ էլ, որ ԱԳ նախարարները հասել են ինչ-որ կետի, որը հաղթահարելը նրանց մակարդակով անհնար է, այսինքն, հիմա պետք են ամենաբարձր մակարդակով լուծումներ:
Իհարկե, ավելի հավանական է, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Հաշվի առնելով, որ ինչքան էլ վաշնգտոնյան հանդիպումների շարքի մասին ամերիկյան կողմը հայտարարեց «նկատելի առաջընթացի» մասին, սակայն ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայաստանյան կողմերը պարզ հայտարարեցին որոշակի հարցերի շուրջ դիրքորոշումների էական տարբերության մասին: Ընդ որում, նման հարցեր տրամաբանորեն կարող են լինել ինչպես Արցախի, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի մասին: Եվ այն, որ Նիկոլն այս փուլում գնում է Մոսկվա, հետո՝ Բրյուսել, հետո՝ էլի Մոսկվա, նորից Արեւմուտք, ավելի շատ նման է նրան, որ Վովայիչը, պատկերավոր ասած, հասել է մի խաչմերուկի եւ փորձում է մի շարք պարամետրեր (ընդհուպ՝ անձնական անվտանգության) հաշվի առնելով, որոշել՝ ո՞ր կողմ կարող է գնալ կամ կարո՞ղ է մի որոշ ժամանակ եւս այդ խաչմերուկում կանգնած մնալ:
Նկատենք, որ հենց այդ տեսանկյունից կարելի է բացատրել նաեւ կառավարության նիստում Նիկոլի երեկվա հայտարարությունը: «Ուզում եմ հայտնել, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»,- ասաց նա՝ ավելացնելով. «Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի. ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետեւ Խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, ու դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»: Սա պարզ ակնարկ է, թե կան դեռ համաձայնեցման ենթակա դետալներ, ու Նիկոլը նաեւ ակնարկում է, որ դրանք Բրյուսելում համաձայնեցնելու «հնարավորությունը շատ փոքր է»:
Նա ո՞ւմ է դիմում իր այն մտքով, թե՝ «Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»: Հայ ժողովրդի՞ն. հազիվ թե, հաշվի առնելով, որ նա հայ ժողովրդին մինչ այս պաշտոնապես չէր էլ ասել, որ մեկնելու է Բրյուսել, եւ ոչ էլ հայ ժողովրդի պահանջն է նույնքան հրապարակավ հնչել, թե՝ մի գնա: Շատ ավելի հավանական է, որ Բրյուսել գնալ-չգնալու մասին նա կա՛մ խոսակցություն է ունեցել Մոսկվայում, կա՛մ էլ նախօրեին Մոսկվայի նման մոտեցում է Նիկոլին փոխանցել Հայաստան այցելած՝ հայ-ադրբեջանական ուղղությամբ ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը: Թերեւս, ավելի հավանական է երկրորդ տարբերակը, հաշվի առնելով, Մոսկվայում Պուտինի հետ, թերեւս նաեւ ժամանակի սղության պատճառով, միայն կարճ շփման հնարավորություն եղավ, եւ որ դրանից անմիջապես հետո Խովաեւը գալիս է Հայաստան, նշանակում է, որ մոսկովյան այդ կարճ հանդիպումից բխող դետալներ փոխանցելու կարիք կար: Ու Նիկոլն էլ պատասխանեց, ըստ էության՝ ասելով՝ ստիպված եմ գնալ, բայց ոչ մի բան չեմ ստորագրի: Ասենք, սա կարելի է համարել նաեւ Արեւմուտքին ուղղված մեսիջ՝ կանչում եք, գալիս եմ, բայց, կներեք, չեմ կարող էլի ինչ-որ բան ստորագրել:
Եթե ընդունենք, որ վերջին տարբերակն է, ապա դա մեկ միտք եւս հուշում է. Մոսկվան, այնուամենայնիվ, ճնշման լուրջ ռեսուրսներ Նիկոլի հանդեպ ունի: Այն կարգի լուրջ, որ դա չեզոքացնում է ամերիկացիների ճնշումային լծակները, թե պետք է ստորագրել: Կարելի է նաեւ նույնը ավելի «գեղեցիկ փաթեթավորմամբ» ներկայացնել. Նիկոլին բացատրել են, որ կարող է իրավիճակային շատ լուրջ փոփոխություններ լինեն, եւ եթե նա շտապի վազել ամերիկյան ուղղությամբ, ապա ենթարկվում է ոչ թե պարզապես նոր իրողությունների «գնացքից դուրս մնալու», այլ նույնիսկ այդ «գնացքի անիվների տակ մնալու» ռիսկի:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ
Չնայած, առանց բացատրելու էլ Նիկոլը պետք է որ պարզ տեսներ իրողությունը: Մասնավորապես, որ քանի դեռ ռուսական զորքերն Արցախում եւ Հայաստանում են, կտրուկ տեղաշարժերը միշտ էլ կլինեն ծայրահեղ վտանգավոր: Ու առաջին հերթին Արցախից ռուսական կոնտինգենտի հեռացման հարցն է, որ ոչ մի կերպ լուծել չի կարողանում Ալիեւը, ու հազիվ թե լուծվի, եթե անգամ Նիկոլն ամերիկացիների առաջադրած պայմանագիրը ստորագրի: Լուծման համար պետք է որ նախ Արցախի բնակչությանը համոզեն՝ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը: Ընդ որում, թեեւ այդ ուղղությամբ ակտիվորեն գործում են նաեւ ներարցախյան ամենատարբեր դավաճանները՝ սկսած բացահայտ սորոսածիններից, վերջացրած «տակից գործող» արեւմտամոլներով, սակայն լուծումը դեռ չկա:
Այն, որ Արցախին նաեւ ներիշխանական խաղերով են փորձում մղել ինքնակործանման ուղղությամբ, իհարկե, առավել ցայտուն տեսք ստացավ այն բանից հետո, երբ սորոսականների համարում ունեցողներին սկսեցին նշանակել պետական բարձր պաշտոնների: Ու այդ ֆոնին իրավիճակն էլ ավելի մռայլ տեսք է ստանում, երբ, մեղմ ասած, մեկնաբանության կարիք ունեն նաեւ ռուսական դիրքերից ներկայացող Ռուբեն Վարդանյանի որոշ գործողություններ: Օրինակ՝ վերջին հանրահավաքում, երբ մի կողմից նրա կողքին էին կանգնել Արցախի նախկին եւ ներկա ղեկավարները, բայց մյուս կողմից՝ հրապարակում ի ցույց էին դրվել հակապուտինյան եւ հակառուսական պաստառները, այդ թվում՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի ուժերով փոխարինելու պահանջ: Այն դեպքում, երբ դժվար չէ կռահել, որ Նիկոլի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված այդ «փոխարինման» տակ դրված է ռուսական ուժերը ՆԱՏՕ-ականներով (Թուրքիային չմոռանանք) փոխելու սցենարը:
Բայց այս իրողություններով հանդերձ, ռուսներն Արցախում գտնվում են հստակ սահմանված ժամկետով, եւ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական երանգավորում ունեն արցախյան քաղաքական ներկայիս բզկտված թիմերն ու նրանց լիդերները, այդ ժամկետների վրա նրանք ազդել չեն կարող: Կարող է ազդել Ադրբեջանը, եթե Արցախը համաձայնվի անցնել ադրբեջանական գերակայության տակ: Բայց ո՞ր մի քաղաքական թիմը, ինչքան էլ սորոսածին կամ բրիտանական իշխանություններին մոտ կանգնած լինի, նման բացահայտ քարոզչությամբ հանդես կգա: Հաշվի առնելով նաեւ, որ անգամ արցախյան իշխանությունները միջազգայնորեն ընդունված չեն, եւ Արցախի անունից նման քայլեր անելու պարագայում ռուսները, բնական է, որ այդ քայլերը լեգիտիմ չեն ճանաչի:
ԱՂԱՆ ԲԱՐԿԱՑԵԼ Է
Այսպիսով, խաղաղապահներին հեռացնելու տեսանելի տարբերակ այս պահին դեռ չկա: Այդ դեպքում Նիկոլն էլ իր հերթին է մնում այդ իրավիճակի պատանդը՝ չկարողանալով գնալ իր ասած «ցավոտ լուծումներին»: Ելք կարող էր դառնալ հերթական սարքովի պատերազմը, որի նախադրյալներից մեկն էլ տեսանք երեկ: Սակայն սարքովի պատերազմը, եթե տանի նրան, որ Նիկոլն ինչ-որ բան ստորագրի, եւ դրանից հետո նորից ամեն ինչ գնա-հասնի ռուսներին հեռացնելու խնդրին եւ արգելակվի, դառնում է պարզապես անիմաստ:
Մյուս կողմից, նման պատերազմի պարագայում Նիկոլը նորից ու նորից կանգնում է հին խնդրի առաջ: Նախ, իր իսկ բերանով խոստովանեց, որ անվտանգության տեսանկյունից եվրոպացի դիտորդները Հայաստանին ոչինչ չեն տալիս: Եվ դրան զուգահեռ, Մոսկվան ՌԴ ԱԳՆ-ի միջոցով հերթական անգամ նախօրեին հորդորեց, թե Հայաստանից՝ «Նախաձեռնողականություն է ակնկալում՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայման աշխատանքները վերսկսելու առումով»: Ու եթե բանը հասնի պատերազմին, ապա Նիկոլն ինչպե՞ս է բացատրելու, թե ինչու է մի այնպիսի ռազմական օգնության առաջարկ մերժում, որը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը կվերաձեւակերպի ՀԱՊԿ-ի վրա հարձակման՝ բխող հետեւանքներով հանդերձ:
Այսպիսով, «խաչմերուկին կանգնած մնալը» այս իրավիճակում Նիկոլի համար, թերեւս, լավագույն տարբերակն է: Սակայն սա ամենեւին էլ ձեռնտու չէ ամերիկացիներին, որոնք հայ-ադրբեջանական ուղղությամբ արագ հանգուցալուծման հասնելու սուր անհրաժեշտություն ունեն: Եվ այն, որ Ամերիկայում գտնվող Ժիրոն սկսեց խոսել Նիկոլի դեմ հեղաշրջում կազմակերպելու մասին, թերեւս պետք է համարել Վաշինգտոնից հղված նախազգուշացում: Բայց երբ անգամ դրանից հետո Նիկոլը գնում է Բրյուսել, սակայն որեւէ բան ստորագրելուց էս գլխից հրաժարվում է, այն միտքն է առաջ բերում, որ նա ԱՄՆ-ի սպառնալիքներն ավելի քիչ վտանգավոր է համարում, քան այն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ ստորագրելու դեպքում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

