Մեծ պատիվ է ներկայացնել ղազախական թատերական արվեստը. Նազգյուլ Կարաբալինա
Տեսանյութեր«Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնի միջազգային ծրագրում բավականին հետաքրքիր էր Ղազախստանի ակտիվ մասնակցությունը: «Արմմոնոյին» Ղազախստանը ներկայացրել էր միանգամից երկու բեմադրությամբ՝ Նազգյուլ Կարաբալինայի «Մոնո»-յով եւ Յուլիա Կուդրյաշովայի «Այն մեկին ո՞վ գիտի» մոնոներկայացմամբ:
Ի դեպ, Ղազախստանի պետական մրցանակի դափնեկիր Նազգյուլ Կարաբալինայի մոնոներկայացմանը ներկա էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԲՈԼԱՏ ԻՄԱՆԲԱԵՎԸ, ով ողջունեց փառատոնի մասնակիցներին ինչպես մայրենի ղազախերենով, այնպես էլ՝ հայերենով:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի փառատոնի կազմակերպիչներին: Վստահ եմ, որ այս փառատոնը կդառնա հերթական հարթակը ղազախ-հայկական համագործակցության հետագա զարմացման ու ամրապնդման գործում: Փառատոնի եւ ղազախական թատրոնների միջեւ այսպիսի սերտ համագործակցությունը փաստում է, որ մեր երկրներն ու ազգերն ունեն պատմական եւ մշակութային խոր արմատներ», - ընդգծեց դեսպանը:
Ըստ Բոլատ Իմանբաեւի, ժամանակակից հանդիսատեսի համար թատրոնը միշտ սպասված հանդիպում է հրաշքի հետ, իսկ շատերի համար՝ այն արվեստի եկեղեցի է:
Պարզվում է՝ «Մոնո» ներկայացումը ղազախ դերասանուհի ՆԱԶԳՅՈՒԼ ԿԱՐԱԲԱԼԻՆԱՆ առաջին անգամ էր հանձնում հանդիսատեսի դատին, ինչի մասին անկեղծացավ. «Ստացվեց այնպես, որ առաջին անգամ եմ խաղում այս ներկայացումը՝ հանդիսատեսի առաջ: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր երկրի թատերական արվեստը: Շնորհակալ եմ հայ հանդիսատեսին, եղեք առողջ ու երջանիկ»:
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն էլ իր հերթին շեշտեց, որ «Արմմոնոյի» եւ վառ ու յուրօրինակ ղազախական թատրոնների միջեւ ձեւավորվում է հետաքրքիր ավանդույթներ, ինչի համար ուրախ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ




