Արմեն Պետրոսյանի «Աբրահամ Ալիխանյան. Տիեզերական անձրևների երաժշտությունը»` որպես «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ»
ՄշակութայինԱպրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, Կալուգայում «Ցիոլկովսկի» տիեզերական ֆիլմերի և ծրագրերի հայտնի կինոփառատոնին ժյուրին հատուկ ուշադրության արժանացրեց «Աբրահամ Ալիխանյան. Տիեզերական անձրևների երաժշտություն» ֆիլմին, որն արժանացավ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգին: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ֆիլմի պրոդյուսեր, հեղինակ և ռեժիսոր ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Պետրոսյան, Աբրահամ Ալիխանյանի մասին ֆիլմի գաղափարն ինչպե՞ս ծագեց:
— Ֆիլմի նկարահանման գաղափարը ծագել էր դեռևս 2016 թվականին: Ես նրա մասին գիտեմ շատ վաղուց, և հետո Աբրահամ Ալիխանյանը իմ հեռու բարեկամն է: Ի տարբերություն Աբրահամ Ալիխանյանի՝ նրա եղբոր` Արտեմի Ալիխանյանի մասին կար նկարահանված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» գեղարվեստական կինոնկարը, որը մինչ օրս չի հնացել: Քանի որ հիանալի ֆիլմ է: Եվ ցավալի է, որ Աբրահամ Ալիխանյանի նման մեծության, ականավոր գիտնականի մասին ոչ մի ֆիլմ չկար` միայն երկու հաղորդում և մեկ տեսաերիզ էր: Հիմնական գաղափարը դա էր: Չէ՞ որ Աբրահամ Ալիխանյանի տիեզերական աշխատանքների առաջին հետազոտման կայանը մեծ նշանակություն ունի: Ալիխանյանը միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից և խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծողներից է: Միշտ եղել է գիտության առաջնագծում: Չնայած՝ հիմա դա չեն հասկանում, բայց ապագայի համար այն շատ կարևոր է: Չգիտես ինչու, մենք միայն հերոսներ ենք համարում զենքը ձեռքին մարդկանց, բայց գիտնականներին, արվեստի գործիչներին անտեսում ենք: Չէ՞ որ նրանք էլ իրենց գործի հերոսներն են, և իրենց ամեն հայտնագործություն ի նպաստ պետության է: Նրանք մեծ գործ են անում: Ցավալի էր, որ Ալիխանյանի նման մեծ գիտնականի մասին նկարահանված ոչ մի ֆիլմ չկար:

— Ձեր ֆիլմերն արտերկրում արժանանում են ուշադրության: Այս անգամ էլ Կալուգայում ուշադրության արժանացավ ռուս հանդիսատեսի կողմից: Կմանրամասնե՞ք:
— Այո, իմ ֆիլմերը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում շատ են ցուցադրվում: Այս անգամ առաջին անգամ ինձ անձամբ հրավիրեցին Կալուգա, որտեղ ապրիլի 12-ին` Տիեզերագնացության օրը, բացվեց «Ցիոլկովսկի» տիեզերական ֆիլմերի կինոփառատոնը, որի ծրագրում ընդգրկված էր 55 ֆիլմ աշխարհի 18 երկրներից: Եվ այդ ֆիլմերի շարքում էր նաև իմ «Աբրահամ Ալիխանյան. Տիեզերական անձրևների երաժշտություն» ֆիլմը, որտեղ արժանացա հատուկ ուշադրության` «Լավագույն լիամետրաժ, վավերագրական ֆիլմ» անվանակարգին:
— Այս տարի Հայֆիլմի հարյուրամյակն է: Ըստ Ձեզ՝ տարիների ընթացքում լավագույն արտադրությունը Հայֆիլմը որ թվականներին է տվել:
— Մեր լավագույն կինոարտադրության շրջանը ԽՍՀՄ-ի տարիներին էին՝ 1950-ական թվականների վերջից մինչև 1970-ական թվականները: Այդ տարիներին հայկական կինոն համաշխարհային մակարդակի ճանաչում ձեռք բերեց: 1965 թվականին նկարահանվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» կինոնկարը, որի նախատիպը Արտեմ Ալիխանյանն էր: Նա իր ժամանակի համար այնքան առաջադեմ էր, որ Խորհրդային Միությունը ֆիլմն ուղարկեց Կաննի փառատոն:
— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
— Քանի որ այս տարի հունիսի 6-ին լրանում է 20-րդ դարի մեծագույն ամենահայտնի և աշխարհի կողմից սիրված հայի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը, ներկա պահին աշխատում ենք նրա կենսագրությանը նվիրված ֆիլմի վրա: Հունիսի 6-ին չենք հասցնի ավարտել այդ ֆիլմը, բայց քանի որ տարին հոբելյանական է, մենք դա ցույց կտանք հավանաբար այս տարվա երկրորդ կեսին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ