ԱՅՍՕՐ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՄշակութայինԱյսօր, ապրիլի 27-ը, հայ պոեզիայի ամենաինքնատիպ շողշողուն մարգարիտ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է, 109 - ամյակն է լրանում։ Նա հայ գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր, նորովի ներկայացնելով հայրենիքի, բնության, մայրական սիրո թեմաներ։Հայ քնարերգությանն գարնանաբույր բերող բանաստեղծն իր ստեղծագործությունները կապակցեց այն հազարամյա ավանդույթներին, որոնք գոյատևել էին Գրիգոր Նարեկացու և Քուչակի համառ - խիզախ որոնումներով և ինքն էլ այդ ավանդույթների հարստացնողը դարձավ։ Հանճարի ծնունդը թելադրել է Երկինքը, իսկ հավերժության ճամփան Աստծո հրավերն է բոլոր օրերի ու տարիների մեջ սփռված։ Մեծանուն բանաստեղծի տուն - թանգարանում էին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, դասախոսները։ Շիրազի ստեղծագործությունները հնչեցին ուսանողների մատուցմամբ։
Միջոցառումն այս ձևաչափով բանաստեղծի ծննդյան օրն անցկացնելը գրողի նկատմամբ սերն ու նրա մասին ճանաչումը մեծացնելու նպատակ ունի։ Շիրազը գրող է մեր ինքնության ու զգացմունքների մասին, դրա համար կարևոր է, որ յուրաքանչյուրն իմանա ու կարդա, ինչպես Ավետիք Իսահակյանն է ասել, հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղին։ Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի տնօրեն ԱՐԱ ՊԱՊԱՆՅԱՆԸ Iravunk. com - ի հետ զրույցում նշեց.
«Մարդ եթե պոեզիա չիմացավ, մեջը չեղավ պոեզիա, ինչ գործ ուզում է ձեռնարկի ձախի կգնա։ Պոեզիա, երաժշտություն սիրող մարդը միայն կարող է իր գործի մեջ առաջինը լինել, դա լրացուցիչ առավելություն է մյուսների համար»։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Շիրազի կիսանդրու մոտ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ