Մյուզիքլ` կենդանի նվագախմբով «Գյումրու միջազգային թատերական փառատոնին
Մշակութային«Գյումրու միջազգային թատերական փառատոնին» նաև իր մասնակցությունն է ունենալու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Այս առիթով զրուցեցինք թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ:
— Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն
— Պարոն Շահբազյան, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը ո՞ր ներկայացմամբ է ներկայանալու փառատոնին:
— Գյումրու թատերական փառատոնին մայիսի 1-ին ներկայանալու ենք Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» 2 գործողությամբ մյուզիքլով, որի բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանինն է, երաժշտությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանինն է: Ներկայացման կազմը մոտավորապես իննսուն հոգի է, կենդանի նվագախմբով, երգչախմով, բալետային խմբով: Գլխավոր դերակատարներն են Արթուր Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, Անի Քոչարյանը, Վահագն Մարգարյանը, Աշոտ Հակոբյանը,Սոնա Մուրադյանը...Ներկայանալու ենք կենդանի նվագախմբով, երգչախմբով:
— Վերջին անգամ թատրոնը Գյումրի հյուրախաղերի ե՞րբ է մեկնել, և, ըստ Ձեզ, գյումրեցիներն ինչպիսի՞ հանդիսատես են:
— Մեկ տարի առաջ ենք հյուրախաղերով եղել Գյումրիում: Գյումրու հանդիսատեսը մշտապես առանձնացել է իր մշակութասեր, թատերասեր տեսակով: Միշտ դրական կարծիք եմ ունեցել և ունեմ գյումրեցիների վերաբերյալ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ