Թիլ Շվայգերի ժամանցը Երեւանում Արթուր Աբրահամի հետ եւ այստեղ նկարահանելիք ֆիլմը
ՄշակութայինԳերմանացի հայտնի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Թիլ Շվայգերն այս օրերին Երեւանում է։ Նա ժամանել է դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի հրավերով:
«Բախելով երկնքի դռները», «Անփառունակ սրիկաները», «Ոտաբոբիկ կամրջի վրա», «Գեղեցկատեսը» ու հանրահայտ այլ ֆիլմերի ռեժիսոր եւ դերասան Շվայգերը նախատեսում է Հայաստանում ֆիլմ նկարահանել, BRAVO.am-ին տեղեկացրել է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։
Երեւանում Շվայգերը հանդիպել է ու ժամանակ անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ։ Նրանք հին ու լավ ընկերներ են, մշտապես հանդիպում են նաեւ Բեռլինում։ Աբրահամը սոցցանցերում նրա հետ տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել։
2012 թվականին Աբրահամը նկարահանվել է Շվայգերի «Դեպքի վայր» ֆիլմում, ինչից հետո ռեժիսորը խոստովանել էր, որ հայ բռնցքամարտիկը բավական լավ է իրեն դրսեւորել որպես դերասան։
«Թիլ Շվայգերն ու ես հին ծանոթներ ենք ու լավ ընկերներ: Նա բռնցքամարտի մեծ սիրահար է, միշտ իմ մենամարտերին ներկա է լինում, ես էլ՝ նրա ֆիլմերի պրեմիերաներին: Ինձ առաջարկեց նկարահանվել իր ֆիլմում, ես էլ չհրաժարվեցի։ Իմ հերոսը հանցագործ է, բայց դեպքերի բերումով թիկնապահի պես պաշտպանում է մի խումբ աղջիկների»,- տարիներ առաջ պատմել էր Աբրահամը։