Գյումրիում անցկացվելու է միջազգային թատերական փառատոն
ՄշակութայինՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում անցկացվելու է Գյումրու միջազգային թատերական փառատոն նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու միջազգային թատերական փառատոնին մասնակցելու են երկու տասնյակից ավելի թատրոններ և թատերախմբեր` մայրաքաղաքից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից ու Եվրոպայից։
Փառատոնի պատշաճ կազմակերպման և անցկացման համար «Բարեկամ» ՀԿ-ն դիմել էր Գյումրու համայնքապետարանին՝ ակնկալելով 4 միլիոն դրամի չափով ֆինանսական աջակցություն, որը նախատեսում է ծախսել Գյումրի ժամանող միջազգային թատերախմբերի ավիատոմսերի, կեցության, հոնորարների, օրապահիկների և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ Գյումրու ավագանին 16 կողմ և 7 ձեռնպահ քվեարկության արդյունքում որոշում է ընդունել «Բարեկամ» ՀԿ-ին, որպես նվիրատվություն, հատկացնել 1 մլն 500 հազար դրամ։
Ըստ ՀԿ-ի՝ քաղաքապետին ներկայացված նամակի փառատոնի լոգոտիպը ստեղծված է Գյումրու առաջին թատրոնի շենքի գծապատկերով: Այդ շենքում 1912 թվականին ներկայացվել է հայկական առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը»։ 20-րդ դարի 30-ական թվականներին շենքում տեղակայվել է Ա․Մռավյանի անվան դրամատիկական թատրոնը։ Փառատոնային ներկայացումներից հետո կազմակերպվելու են թատերական քննարկումներ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ։