Բրյունետը՝ բեմական անվան ընտրության եւ «Եվրատեսիլ»-ի մասին․ երգչուհին ներկայացրել է Future Lover-ի քավրն ու «Դիմակ» երգի պրեմիերան
Մշակութային«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը Առաջին ալիքի «Առաջին ստուդիայի» հյուրն էր։ Երգչուհին հաղորդման ընթացքում խոսել է բեմական անվան ընտրության, իհարկե, նաեւ՝ «Եվրատեսիլ»-ին պատրաստվելու մասին։
Անդրադառնալով բեմական անվանը՝ երգչուհին, որի իրական անունը Էլեն Երեմյան է, նշել է,-«Իրականում այս հարցի հետաքրքիր պատասխանը ես չունեմ, բայց ունեմ տրամաբանականը։ Քանի որ մակնուց մազերս շատ մուգ են եղել, ծնողներս ու ընկերներս ինձ հաճախ Բրյունետ են անվանել։ Իսկ երբ ինստագրամյան էջս բացեցի, ընդհանրապես քավրներ տեղադրելու մտադրություն չունեի։ Որոշեցի հենց Բրյունետ անվամբ գրանցվել, որ միայն ծանոթ մարդիկ իմանային, որ դա իմ էջն է։ Ավելի ուշ, երբ երգերս թողարկեցի ու ինձ սկսեցին ճանաչել Բրյունետ անվամբ, այլեւս իմաստ չկար անունս փոխելու»։
Նախագծի հաղորդավար Գրիշա Աղախանյանը հետաքրքրվել է՝ ինչպես է եվրատեսիլյան պատրաստություններին զատ՝ հասցնում նաեւ իր ակումբային ելույթները (Բրյունետը ելույթ է ունենում Project 12-ի կազմում),-«Այդ ելույթներն իմ պատրաստվելու մի մասն են կազմում, բացի այդ՝ պրոդյուսերս ու Առաջին աիքի թիմն ամեն ինչ անում են, որ աշխատանքային ընթացքն ավելի հեշտ անցնի։ Ես մանկուց սովորել եմ այս գրաֆիկին, դրա համար ինձ համար հիմա ավելի հեշտ է»,-պատասխանել է երգչուհին, ով 4 տարեկանում արդեն հանդես էր գալիս «Արեւիկ» համույթում։
Երգչուհին հաղորդման ընթացքում ներկայացրել է նաեւ իր եվրատեսիլյան Future Lover երգի քավր տարբերակը եւ «Դիմակ» երգի պրեմիերան։
Բրյունետի նոր երգը հին ու նոր մշակույթների միքս է։ Բացի ժամանակակից լուծումներից երգում տեղ են գտել Սայաթ Նովայի «Էսօր իմ յարին տեսա» եւ Կոմիտասի «Յար ջան, արի դու մի առնի» ստեղծագործություններից հատվածներ։
«Այս ամենի շնորհիվ ես ցանկանում եմ նոր սերնդին լսելի դարձնել մեր հայկականը»,-հավելել է նա։
Future Lover-ը նոր տարբերակում տարբերվում է երաժշտական գործիքների լուծումներով՝ մասնավորապես հայկական մշակույթին հատուկ տարրերով։
https://style.news.am/arm/news/96792/bryunety-bemakan-anvan-yntrutyan-ev-evratesil-i-masin․-ergchuhin-nerkayacrel-e-future-lover-i-qavrn-u-dimak-ergi-premieran.html