Որ ասում եք՝ եվրոպական դիտորդներ, ինձ մոտ տպավորություն է, որ դեկորատիվ ծաղիկների մասին եք խոսում. Կարապետյան
Ներքաղաքական
Մինչ սահմանին մեր տղաներն էին զոհվում եւ վիրավորվում, նույն ժամանակ խորհրդարան էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ լուրջ դեմքի արտահայտությամբ հայտարարում էր, թե հանրային քրեական հետապնդում պետք է հարուցվի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ, ով վիճել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է «Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ, քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
— Մի՞թե իրականությունից այս կարգի են կտրվել, որ հենց հիմա «ամենակարեւոր» հարցը՝ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելն էր:
— Իրականությունից կտրված չեն: Ներկա իրականությունը ստեղծողն է հենց նույն ՀՀ գլխավոր դատախազը: Եթե գլխավոր դատախազն իր տեղում լիներ ու անկողմնակալ, վաղուց Նիկոլ Փաշինյանին բանտ գցած կլիներ: Հիմա ի՞նչ վերաբերվում է Մհեր Սահակյանին, բա ուրիշ էլ ի՞նչ էիք սպասում Նիկոլ Փաշինյանից եւ նրա շրջանակից: Ամեն հնարավոր բան անելու են, որ Մհերին բանտ նստացնեն, որովհետեւ Մհերի տեսակից վախենում են, ինչպես վախենում են Գերասիմ Վարդանյանից, չէ՞ որ նման տղերքը հո կապիտալիստ չեն, նման տղերքի վրա մատ չեն կարող թափ տալ, հանցավոր համագործակցության չեն կարող գնալ հետները, գնել չեն կարող: Ի վերջո, հո նրանք ՔՊ-ականների գլխին անձրեւանոց պահող չեն: Այստեղ խնդիր ունենք, թե ընդդիմությունը կկարողանա՞ ըստ արժանվույն պահել Մհեր Սահակյանին: Ցավոք, չեմ նկատել, որ այդ խմբակցության պատգամավորները հակված են պայքարել Մհեր Սահակյանի ազատության համար:
— Տպավորություն է, որ ընդդիմությունն արդեն ամեն ինչ ասել է այս իշխանության մասին, իշխանությունն էլ ինչքան հնարավոր է, ինքն իրեն վարկաբեկել է: Հետեւապես, այս փուլում ի՞նչ բովանդակություն պետք է ունենա հետագա պայքարն ընդդիմության:
— Եթե դուք ի նկատի ունեք տիտղոսային ընդդիմությանը, ապա ասեմ, որ այդ ընդդիմության մեծամասնությունը վաղուց դառել է, իսկ միգուցե ի սկզբանե եղել է Նիկոլի իշխանության արտարգանդային ընդդիմությունը: Իրենցից ես սպասում չունեմ:
— Անընդհատ սլաքներն ուղղվում են ժողովրդի կողմը, թե խոր թմբիրի մեջ են, բայց մյուս կողմից էլ մարդիկ տեսնում են, որ, իսկապես, որոշ ընդդիմադիր պատգամավորներ, օրինակ, գործուղումների ժամանակ ամենեւին էլ չեն խուսանավում իրենց կողմից «դավաճան» որակված ՔՊ-ականների ընկերակցությունից: Ինչպե՞ս սա հասկանալ:
— Գիտեք, հեշտ է անվերջ մեղադրել ժողովրդին: Եթե լիներ արմատական կազմակերպված ընդդիմություն, ժողովուրդը վաղուց դուրս էր եկել փողոց ու կոտրել էր բոլոր դավաճանների գլուխները: Ընդդիմադիր պատգամավորները բոլոր ժամանակներում էլ գործուղումների ժամանակ շփվել, նկարվել, ժամանակ անցկացրել են իշխանության կողմի պատգամավորների հետ, ու դա նորմալ եւ բնական է, բայց հիմա այլ է` նախկին իշխանությունները դավաճան ու հողավաճառ չեն եղել, Արցախ չեն հանձնել, թշնամու հետ քիրվայություն չեն արել, Եռաբլուր չեն քառապատկել՝ ի տարբերություն սրանց: Նրանց չպետք է անգամ բարեւել, նրանք դրան արժանի չեն, էլ ուր մնաց սիրաշահել:
— Ընդդիմադիր դաշտում բոլորը խոսում են համախմբման անհրաժեշտության մասին, բայց դժվարությամբ են պատկերացնում, որ այդ համախմբումը կարող է լինել ոչ իրենց առանցքի շուրջ: Ի վերջո, ո՞ւմ կամ ո՞ր ուժի շուրջ է հնարավոր իրապես ձեւավորել կենսունակ համախմբում:
— Ըստ իս, շարժում պետք է ստեղծվի, որը չի ենթադրում կուսակցական կաշկանդվածություն, բոլոր կուսակցական-անկուսակցական քաղաքացիները, ընդդիմախոսները, որոնք կարող են եւ ուզում են երկրում իրավիճակ փոխել պետք է համախմբվեն մեկ օրակարգի շուրջ ու գնան դեպի իրենց նպատակը:
— Չե՞ք կարծում, որ քաղաքական ակտիվն էլ է կամաց-կամաց վերածվում եվրոպացի դիտորդների, որոնք միայն արձանագրում են եղելությունը եւ վերջ:
— Կա նման իրողություն: Գիտեք, որ ասում եք՝ եվրոպական դիտորդներ, ինձ մոտ տպավորություն է, որ դեկորատիվ ծաղիկների մասին եք խոսում, իսկ ես չեմ սիրում ցանկացած արհեստական բան:
— Բայց մյուս կողմից էլ համամիտ չե՞ք, որ ոչ ադեկվատ է ուղղակի սոցցանցերում կամ հրապարակներում մարտակոչեր հնչեցնել՝ ուրիշի զավակների կյանքի հաշվին:
— Ի՞նչ մարտակոչ, ոչ մի ադեկվատ մարդ չպետք է արձագանքի ոչ մի մարտակոչի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ղեկավարում են այս երկիրը եւ դա անում են ի շահ թշնամու: Նրանց հրամանատարությամբ բոլոր պատերազմները պարտված պատերազմներ են լինելու հայ ժողովրդի համար: Մենք մի պատերազմ ունենք՝ հեռացնել մեր պատմության էջերը պարտությամբ սեւացրած Նիկոլ Փաշինյանին եւ արմատախիլ անել նրա իշխանության արյունոտ ու մահաբեր արմատները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ