«Պատմությունը կրկնվում է` նույն դավաճաններն են, նույն հայրենիք վաճառողները, որոնք մեզ կործանման են տանում...».ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
— Պարոն Գեւորգյան, «Գոյ» թատրոնում տեղի ունեցած «Գարեգին Նժդեհ» ներկայացման մեջ Դուք եւս ներգրավված եք: Կմանրամասնե՞ք:
— «Գարեգին Նժդեհ» ներկայացումը տարիներ առաջ Արթուր Սահակյանը բեմադրել էր Սամվել Բաղինյանի հետ միասին: Եվ մեկ դերասանով հանդես էր գալիս Սամվել Բաղինյանը, ով նաեւ տեքստերի հեղինակն է եւ այն կառուցել է Նժդեհի գաղափարախոսության հիման վրա: Այս տարվա փետրվար ամսին որոշվեց, որ Սամվել Բաղինյանի հետ միասին նաեւ ուրիշ դերասան էլ պետք է լինի այդ ներկայացման մեջ: Եվ առաջարկվեց ինձ, որը կարճ ժամանակահատվածում պետք է արվեր: Ու ես միացա այդ գործին, որովհետեւ ինձ շատ հոգեհարազատ են ե՛ւ Նժդեհն ու իր գաղափարախոսությունը, ե՛ւ «Գոյ» թատրոնը, ե՛ւ Արթուր Սահակյանը, ե՛ւ Սամվել Բաղինյանը: Այսպես իրականացավ այդ ներկայացումը, որը գնալով դառնում է էլ ավելի հետաքրքիր եւ դիտարժան:

— Եկեք անդրադառնանք ներկայացման սյուժեին: Բացի Նժդեհից, էլ ո՞ւմ կերպարներն եք մարմնավորում :
— Ներկայացման մեջ հիմնականում խոսվում է Նժդեհի անցած ուղու, այդ ժամանակաշրջանի մասին, երբ մեր հայրենիքը գտնվում էր օրհասական վիճակում: Ներկայացնում ենք Ղարաքիլիսայի ճակատամարտից սկսած մինչեւ նրա վերջին բանտարկությունը: Նժդեհի հետ կապված պատմական իրադարձությունները, այդ ժամանակաշրջանի կերպարները, քաղաքական դեմքերը, որոնք ինչ-որ չափով կապ են ունեցել Նժդեհի հետ: Եվ ներկայացման ժամանակ ես եւ Սամվել Բաղինյանը մարմնավորում ենք այդ կերպարները շատ մինիմալ, լակոնիկ միջոցներով` տեքստերով, երկխոսություններով:
— Կառանձնացնե՞ք մի քանի կերպարներ, որոնք կան ներկայացման մեջ:
— Այո, իհարկե, օրինակ մարմնավորում ենք Նժդեհին, Անդրանիկին, Նիկոլայ Երկրորդին, Լենինին... Ներկայացնում ենք Ստալինի եւ Նժդեհի հանդիպումը, որը մինչ օրս ապացուցված չէ՝ դա իրականությո՞ւն է, թե՞ լեգենդ է: Շատ դրամատիկ է, երբ խոսվում է Նժդեհի անցած ճանապարհի մասին, ինչի պակասը մենք այսօր ունենք: Այսօր մեզ հարկավոր են Նժդեհի գաղափարախոսությանը հետեւող առաջնորդներ: Գուցե այդ դեպքում մենք կարողանանք պատվով եւ հաղթանակով դուրս գալ մեզ թելադրվող այս վիճակից:
— Ասելիքը ծառայե՞ց իր նպատակին:
— Այո, աննկարագրելի էր հանդիսատեսի արձագանքը: Բեմից ես զգում էի նրանց էներգիան, թե ինչպես են ընկալել: Մարդկանց մեջ առաջացել էին այն մեծ հույզերը, որն իրենց խեղդում էին: Եվ նրանք իրենց ունեցած ներուժը հանուն հայրենիքի օգտագործելու ցանկություն ունեն: Եվ դա խոսվում էր այն մասին, որ ներկայացումը ծառայեց իր նպատակին:
— Ինչպես Նժդեհի ժամանակ էր, այսօր էլ վտանգված է մեր հայրենիքը, ցավոք սրտի, ունենք զոհեր:
— Այո, 120 տարի հետո էլ պատմությունը կրկնվում է: Ճիշտ է՝ ժամանակները փոխվել են, բայց իրավիճակը կարծես թե չի փոխվել... Նույն դավաճաններն են, նույն հայրենիքը վաճառողները, նույն Հռոմի պապից ավելի կաթոլիկները, որոնք մեզ տանում են դեպի կործանում: Այն ժամանակ էլ են եղել այդպիսի անձնավորություններ, բայց ունեցել ենք Նժդեհ, որը գոնե կարողացել է ինչ-որ մի բան պահպանել: Եվ մենք եթե չհամախմբվենք, խելքի չգանք, այն, ինչը որ ունենք, կկորցնենք, նաեւ այն, ինչը որ մեծ ջանքերով փորձել են պահպանել մեր մեծերը:
— Անեծքներով, հայհոյանքով, միմյանց երեսին թքելով՝ մի՞թե խելքի կգանք:
— Այն ժամանակ էլ է դա եղել, բայց եղել են անհատներ, ովքեր հոգեւոր դեր են խաղացել մեր պատմության մեջ: Այն, ինչ-որ մնացել է մեզ, մենք պարտական ենք նրանց: Իրենց սխրանքների շնորհիվ է, որ մենք այսօր ունենք այն, ինչ-որ ունենք: Եկեք պահպանենք եւ գնահատենք մեր մեծերին, մեր կողքին գտնվող հերոսներին:
— «Գոյ» թատրոնն այսօր դժվար օրեր է ապրում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այո, այսօր պայքար է գնում, որ պահպանվի «Գոյ» թատրոնը: Թատրոնը միավորելով՝ նրանք հարց չեն լուծում, թատրոնի որակը չեն բարձրացնում: Այլ ընդհակառակը՝ միավորման արդյունքում «Գոյ» թատրոնը կվերանա, ինչպես տարիներ առաջ դա եղավ Կամերային երաժշտական թատրոնի, «Փոսի» թատրոնի հետ: Չի կարելի ստեղծագործական միջավայրը վերացնել` միավորման անվան տակ: Եթե նույնիսկ պահպանվի էլ այդ թատրոնը, ինքը շատ շահութաբեր է նաեւ պետության համար: Ստահոդ եւ արհեստական բաներ են անում, որը ցանկալի չէ: Ինչքան շատ ստեղծագործական միջավայր լինի, մարդիկ զբաղվեն իրենց սիրած գործով, այդքան հզոր կլինի մեր պետությունը: Նրանք դրանով ազգանվեր եւ հայրենանվեր գործ կատարած կլինեն: Նժդեհյան գաղափարախոսությունը ինչքան էլ փորձեն աղավաղել, ստահոդ անուներ կպցնել, միեւնույնն է, չեն կարող կոտրել նրա ոգեղեն միտքը: Եվ ինչպես Նժդեհն է ասել. «Ուր էլ եւ երբ էլ մեռնեմ, հավատա՛, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգների ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնության պիտի փութա իմ հայրենի աշխարհ եւ իր աներեւութաբար բանակներն առաջնորդե ի մահ: Զինվոր զավակդ` Գարեգին Նժդեհ»:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ