«Իրավունք»-ի տեղեկությունը հաստատվեց պաշտոնապես
Ներքաղաքական«Իրավունքն» անդրադարձել էր անդրադարձել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ունեցած նվաստացումներին դիմանալը եւ հրաժարականի հուզիչ ու առանց կսմիթների հայտարարությունը ունեն պատճառներ: Տեղեկացրել էինք, որ նրան նախորդած քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու գործուն մասնակցության եւ իր բախտի բերմամբ, թե պատահմամբ ձեռքբերած քաղաքապետի աթոռն այդքան հեշտությամբ լքելու համար` Նիկոլ Փաշինյանը նրան աշխատանքի է տեղավորելու գործադիրում: Եվ երեկ արդեն Հրաչյա Սարգսյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
Ընդ որում՝ թեպետ ոչ առանցքային պաշտոնում, բայց Հրաչյա Սարգսյանի նշանակումը թեթեւ ապտակ էր նաեւ Տիգրան Ավինյանին, ով կառավարության նիստերից մեկի ժամանակ լրագրողների հետ զրույցում պարծեցել էր, թե գործադիրում աշխատելու փորձառությամբ է պայմանավորված՝ Հրաչյա Սարգսյանի փոխարեն գործադիրի նիստերին իր մասնակցությունը: Մինչդեռ իրականում Տիգրան Ավինյանը լքեց փոխվարչապետի պաշտոնը, իսկ Հրաչյա Սարգսյանը տեղավորվեց կառավարությունում «անշառ» մի աթոռի վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ